Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահն ու իր հիմնական մրցակիցը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում կազմակերպված միջոցառմանը։

«AFP» լրատվական գործակալության վկայությամբ, Կանադայի հրապարակում` Կոմիտասի արձանի մոտ անցկացված արարողության առաջինը ժամանած Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունման իր հանձնառությունը:

Օլանդի հեռանալուց հետո Կանադայի հրապարակում անցկացված արարողությանը ժամանել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը նույնպես վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունման իր խոստումը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով հայկական հարցում քաղաքական համերաշխության առկայության կապակցությամբ:

Արձագանքելով Ֆրանսիայի նախագահի և նախագահական թեկնածու Ֆրանսուա Օլանդի հայտարարություններին՝ Թուրքիան մեղադրել է նրանց «հայերի ջարդերը շահագործելու մեջ»:

«Թըդեյզ Զաման» պարբերական փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների մրցակիցների կողմից արված հայտարարությունները «ևս մեկ օրինակ են, թե ինչպես են 1915 թվականի վիճահարույց իրադարձությունները դառնում քաղաքական շահարկումների առարկա»:

XS
SM
MD
LG