Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը տարածել է Սերժ Սարգսյանի ուղերձը:
Դիմելով հայ ժողովրդին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայոց պատմության հազարամյակների մատյանում հավաքվել ու ամբարվել են էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել հայերի այսօրվա ու վաղվա կյանքը, ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը:
«Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն», - ասում է Սարգսյանը:
«Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` սևահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ և մեր կողքին՝ Հայոց Սփյուռք», - նշված է Հայաստանի նախագահի ուղերձում:
«Երեք տարի հետո ոչ միայն Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակն է, այլև՝ հիշողությամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»-ամյակը: Ինչ ստեղծել ենք այսուհետև էլ տեր ենք, ինչ կորցրել ենք` չենք մոռացել և չենք մոռանա, որովհետև դարձյալ դրա տերն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք», - ասել է Սարգսյանը:
«Միասին ենք ամրացնելու մեր պետությունը՝ Հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին փոխանցելու նոր հաղթանակների հիշողությունը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտավորականով, սփյուռքահայով ու հայրենաբնակով և մանավանդ այն պետությամբ, որն այլևս թույլ չի տալու ցեղասպանական որևէ արարք կամ գործողություն հայ մարդու դեմ: Որևէ մարդու դեմ», - եզրափակում է Հայաստանի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը: