Մատչելի հղումներ

Հայկական կազմակերպությունները հորդորել են նախագահ Օբամային հաստատել Հայոց ցեղասպանության փաստը


Ամերիկայի հայկական կազմկերպություններն այսօր տարածել են հաղորդագրություններ, որտեղ կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հաստատել Հայոց ցեղասպանության փաստը և կատարել նախընտրական իր խոստումը:

Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված հաղորդագրությունում նշվել է, որ նախագահ Օբաման, Հրեական ողջակիզման՝ Հոլոսքոստի հիշատակի ԱՄՆ-ի ազգային թանգարանում այսօր ունեցած իր ելույթի ընթացքում ասաց, որ «զանգվածային դաժանությունների և ցեղասպանության կանխումը Միացյալ Նահանգների բարոյական հիմնական պատասխանատվությունն ու ազգային անվտանգության հիմնական շահն է»:

«Վաղը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, նախագահ Օբաման ունի, կատարելով Հայոց ցեղասպանությունը հաստատելու իր պարտավորությունը, այս ուղերձն առաջ տանելու կարևոր հնարավորություն», - նշվել է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում:

«Նշելով Հրեական ողջակիզման տարելիցը, Ամերիկայի հայկական համագումարն իր միասնականությունն է հայտնում հրեա ժողովրդի հետ՝ զոհերին հիշելու, վերապրածներին հարգանքի տուրք մատուցելու և ցեղասպանության հաստատման, ցեղասպանության մասին կրթելու և կանխելու հանձնառությունը վերահաստատելու հարցում», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ապրիլի 23-ին տարածած հաղորդագրությունում նույնպես անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի կողմից Հրեական ողջակիզման թանգարանում ունեցած ելույթում՝ մասնավորապես նշելով, որ ելույթի ընթացքում նախագահը «քվեարկել է անցյալում կատարված մի քանի ցեղասպանություն, սակայն լռություն է պահպանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հանցագործության, որը, որպես ԱՄՆ-ի նախագահական թեկնածու նա հրապարակայնորեն և բազմիցս խոստացել է ճանաչել»:

«Նախագահ Օբաման ապրիլի 24-ին հնարավորություն ունի իրական իմաստ հաղորդել ցեղասպանությունների կանխարգելման մասին իր խոսքերին՝ հերքելով Անկարայի կողմից սահմանված «լռության կանոնը» և պահելով Հայոց ցեղասպանության իրական դատապարտման և հիշատակելու մասին իր խոստումը», - նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

XS
SM
MD
LG