Մատչելի հղումներ

Հայ ազգային կոնգրեսը դիմելու է Սահմանադրական դատարան


Հայաստանի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության կողմից հաղթած ընտրություններն աղավաղվել են ընտրակեղծիքներով, և խոստացել է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները:

Հայաստանում կիրակի օրն անցկացված ընտրություններից երկու օր անց երկրի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի մոտ 5 հազար կողմնակից դուրս են եկել Երևանի կենտրոնական փողոցներ՝ մասնակցելու Կոնգրեսի հանրահավաքին:

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի որոշում է կայացվել դիմելու Սահմանադրական դատարան, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայ ազգային կոնգրեսը, որի ներկայացուցիչներն ընդգրկված չէին եղել նախորդ գումարման Ազգային ժողովում, այնուամենայնիվ չի հրաժարվել ընտրությունների արդյունքում ձեռք բերված տեղերից:

Կոնգրեսի առաջնորդներից մեկի՝ Ստեփան Դեմիրճյանի համաձայն, Հայ ազգային կոնգրեսի մասնակցությունն Ազգային ժողովի աշխատանքում նոր թափ կհաղորդի դաշինքի պայքարին:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գլխավորած Հանրապետական կուսակցությունը ստացել է Ազգային ժողովի 68 տեղ՝ մեծամասնություն ձևավորելով 131 տեղ ունեցող խորհրդարանում:

Ընտրությունների արդյունքներով Հայ ազգային կոնգրեսը ձեռք է բերել յոթ տեղ:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, որի դիտորդներն իրականացրել են Հայաստանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանային ընտրությունների մոնիթորինգը, ընտրությունների ավարտից հետո հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում հատկանշվել են ակտիվ և մեծ մասամբ խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ և հիմնականում լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանմամբ, սակայն քվեարկողների վրա գործադրված ճնշումը, ինչպես նաև բողոքների քննարկման անկատար գործընթացը ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն, Միացյալ Նահանգները սատարում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների առաքելության եզրակացությունը:

«Միաժամանակ կիսում ենք նաև նախընտրական շրջանում և ընտրությունների օրը անհավասար մրցակցային դաշտի, ինչպես նաև ձայների գնման և ընտրողների նկատմամբ ոչ պատշաճ ճնշում գործադրելու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարությունում:

XS
SM
MD
LG