Չինաստանում խոշորագույն ներքին քաղաքական իրադարձություններից մեկն է. մեկնարկել է երկրի խորհրդարանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հերթական՝ տարեկան նստաշրջանը։
Չինաստանի շուրջ 3 հազար պատգամավոր ունեցող խորհրդարանը տարին մեկ անգամ՝ սովորաբար մարտ ամսին, մոտ մեկ շաբաթով նստաշրջան է գումարում։ Եվ ահա, երեկ մեկնարկած նստաշրջանում երկրի վարչապետ Լի Ցյանը հայտարարեց 2025 թվականի տնտեսական աճի նպատակակետը՝ 5%, որն, ի դեպ, աշխարհի մակարդակով համարվում է բարձր։
«Այս նպատակի իրականացման հիմքում տնտեսական աճ ապահովող ներուժն է ու բարենպաստ պայմանները»,-հայտարարել է Ցյանը:
Սակայն Չինաստանը լուրջ մարտահրավերների առջև է։ Օրինակ, անշարժ գույքի շուկայում արդեն տևական ճգնաժամի հետևանքով տների գները նվազել են, իսկ շենքերը՝ դատարկ են:
Չինական տնտեսության համար լուրջ բացասական հետևանքներ կարող են ունենալ ամերիկյան նոր մաքսատուրքերը, որոնք ունակ են հարվածել Չինաստանի արտահանմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատելիորեն ավելացրել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Երեքշաբթի երեկոյան Կոնգրեսին ուղղված ուղերձում Թրամփը նահանջի որևէ նշան ցույց չտվեց:
«Մյուս երկրները տասնամյակներ շարունակ կիրառել են մաքսատուրքեր մեր դեմ, և այժմ մեր հերթն է սկսել դրանք կիրառել այդ երկրների դեմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Արձագանքելով՝ Չինաստանն իր մաքսատուրքերը սահմանեց ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։
Դիտորդների խոսքով՝ Պեկինի պատասխանն, ընդհանոր առմամբ, զուսպ էր:
Սիդնեյի համալսարանի Չինաստանի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դեյվիդ Գուդմանն ասում է. «Չնայած Թրամփի մաքսատուրքերը համընդհանուր էին, Չինաստանի [սահմանածը] շատ ավելի ընտրողական է և ուղղված կոնկրետ ոլորտին ու ապրանքներին»:
Ըստ դիտորդների՝ ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունը նվազեցնելու համար Չինաստանը փորձելու է զարկ տալ ներքին սպառմանը, սակայն այն տևական ժամանակ կպահանջի:
«Չինաստանում դեռ գերարտադրություն կա, ուստի արտահանման կարիք կա: Իսկ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը ազդեցություն կունենան»,- ասում է տնտեսական վերլուծաբան Ժան-Պիեռ Կաբեստանը:
Թե որքան և ինչպես Պեկինը կդիմագրավի նոր մարտահրավերներին, ցույց կտա՝ արդյո՞ք Չինաստանի ղեկավարության վստահությունը տնտեսական աճի հարցում համապատասխանում է իրականությանը: