Չորեքշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը չեղարկել է դաշնային դատավորի որոշումը, որը պահանջում էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից վճարել օտարերկրյա աջակցության ծրագրերի կապալառուներին և դրամաշնորհներ ստացողներին:
Ռոբերթսը վճռել է կասեցնել Վաշինգտոնի շրջանային դատավոր Ամիր Ալիի որոշումը, որը նաև վերջնաժամկետ էր սահմանել՝ մինչև չորեքշաբթի 23:59-ը վերականգնել վճարումները:
Ջոն Ռոբերթսի վճիռը դատարանին լրացուցիչ ժամանակ է տվել քննել գործը, նաև մինչև ուրբաթ կեսօր պարզաբանումներ է պահաջել հայցվորներից՝ ԱՄՆ կառավարությունից ու Միջազգային արգացման գործակալությունից (USAID) դրամաշնորհներ ստացող կազմակերպություններից, կամ գործադիրի հետ պայմանագրեր կնքած ընկերություններից:
ԱՄՆ Գերագույն դատարանի վճիռը կայացվել է այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը չորեքշաբթի հայտարարեց, թե որոշումներ է կայացրել դադարեցնել ԱՄՆ արտաքին օգնության պայմանագրերի և դրամաշնորհների մեծ մասը:
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է USAID-ի կնքած պայմանագրերի ավելի քան 90%-ը՝ տեղեկացրել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան:
Օտարերկրյա օգնության ֆինանսավորման շուրջ դատական վեճը ծագեց դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների ներկայացրած հայցերի պատճառով, որոնք պնդում էին, թե օտարերկրյա օգնության սառեցումն անօրինական է:
Հայցվորների շարքում են ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարող կոալիցիան, Լրագրության զարգացման ցանցը, միջազգային զարգացման ուղղությամբ գործող DAI Global ընկերությունը, Հրեա ներգաղթյալների օգնության միությունը (HIAS):