Մատչելի հղումներ

Starbucks-ը աշխատանքից ազատում է 1,100 հոգու 


Starbucks
Starbucks

Կրճատումները չեն ազդի ավելի քան 350 հազար բարիստների վրա, որոնք աշխատում են ընկերության սրճարաններում՝ ողջ աշխարհում: 

Starbucks-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել 1,100 կորպորատիվ աշխատակցի՝ ողջ աշխարհում, ընկերության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Գաղափարը Starbucks-ի նոր նախագահ և գործադիր տնօրեն Բրայան Նիկոլինն է:

Երկուշաբթի աշխատակիցներին ուղղված նամակում Բրայան Նիկոլը նշել է, թե ընկերությունը աշխատանքից ազատվածներին կտեղեկացնի առաջիկա օրերին՝ հավելելով, թե Starbucks-ը որոշել է նաև փակել մի քանի հարյուր տակավին թափուր հաստիքներ։

«Մեր նպատակն է՝ ավելի արդյունավետ գործել, բարձրացնել հաշվետվողականությունը, նվազեցնել [ընկերության աշխատանքի] բարդությունը և հասնել ավելի լավ արդյունքի»,- գրել է Նիքոլը:

Starbucks-ն ունի 16 հազար կորպորատիվ աշխատակիցներ ողջ աշխարհում: Այս թվի մաս են կազմում նաև այն աշխատողները, որոնց վրա չեն տարածվելու կրճատումները, օրինակ՝ պահեստների աշխատակիցները:

Կրճատումները չեն անդրադառնա նաև ցանցի մանրածախ առևտրի կետերում աշխատող բարիստների վրա, որոնք ողջ աշխարհով սփռված ընկերության 361 հազար աշխատակիցների մեծ մասն են:

Դեռ անցած ամիս Բրայան Նիկոլը նախազգուշացրել էր, որ մարտի սկզբին սպասվում են կորպորատիվ հատվածի կրճատումներ՝ ընդգծելով, որ ընկերությունը պետք է պարզեցնի իր կառուցվածքը և ապահովի, որ յուրաքանչյուր խնդիր հանձնարարվի որոշումներ կայացնող անձին:

«Մեր [ընկերության] չափը և կազմակերպչական կառուցվածքը կարող են դանդաղեցնել ձեռնարկության աշխատանքը, քանի որ առկա են կառավարող շատ օղակներ, փոքր թիմեր և պաշտոններ, որոնք հիմնականում կենտրոնացած են աշխատանքի համակարգման վրա»,- ասել է նա:

Starbucks-ի կրճատումները տեղի են ունենում այլ խոշոր ընկերությունների նման քայլերին զուգահեռ: Անցած շաբաթ Southwest Airlines-ը հայտարարեց, որ փակում է 1,750 աշխատատեղ, կամ ընկերության կորպորատիվ աշխատուժի 15%-ը: Սա առաջին խոշոր կրճատումն է այդ ավիափոխադրողի 53-ամյա պատմության մեջ: Անցած ամիս անվադողեր արտադրող Bridgestone Americas-ը փակեց իր գործարանը Լա Վեռնում՝ ԱՄՆ Թենեսի նահանգում, աշխատանքից ազատելով 700 մարդու:

Բրայան Նիկոլը գլխավորել է Starbucks-ը անցած տարվա սեպտեմբերին՝ ընկերության վաճառքի տեմպերի դանդաղման դեմն առնելու նպատակով: Starbucks-ի նոր ղեկավարի խոսքով՝ մտադիր է բարելավել ընկերության մատուցած ծառայությունների արագությունը, հատկապես առավոտյան պիկ ժամերին, և վերականգնել սրճարանները՝ դրանք կրկին դարձնելով համայնքային նշանակության հանդիպման վայրեր:

XS
SM
MD
LG