Մատչելի հղումներ

 
Google-ը պարտվել է ԵՄ դատարանում՝ նպատակ ունենալով արգելել այլ հավելվածների մուտքը իր Android Auto հարթակ

Google-ը պարտվել է ԵՄ դատարանում՝ նպատակ ունենալով արգելել այլ հավելվածների մուտքը իր Android Auto հարթակ


Google-ի տարբերանշանը։ Մաունթին Վյու, Կալիֆոռնիա, օգոստոսի 13, 2024թ․։
Google-ի տարբերանշանը։ Մաունթին Վյու, Կալիֆոռնիա, օգոստոսի 13, 2024թ․։

Դեռ 2021 թվականին Իտալիայի հակամենաշնորհային մարմինը տուգանել էր Google-ին 102 միլիոն եվրոյով՝ էլեկտրական մեքենաների համար նախատեսված իտալական JuicePass հավելվածի աշխատանքը Android Auto հարթակում արգելելու պատճառով։

Google-ի հրաժարվելը՝ իտալական Enel X ընկերության կողմից մշակված հավելվածին թույլատրել գործել Android Auto հարթակում, կարող է դիտվել որպես տեխնոլոգիական հսկայի կողմից իր գերիշխող դիրքի չարաշահում շուկայում:

Այս մասին երեքշաբթի հայտնել է Եվրամիության արդարադատության դատարանը (Court of Justice of the European Union)՝ սատար կանգնելով Իտալիայի հակամենաշնորհային մարմնի դիրքորոշմանը։

Իտալիայի հակամենաշնորհային մարմինը 2021 թվականին Google-ին տուգանել էր 102 միլիոն եվրոյով Enel X-ի JuicePass հավելվածը Android Auto-ում արգելափակելու համար։ Այն թույլ է տալիս վարորդներին օգտվել քարտեզներից իրենց մեքենաների մոնիտորների միջոցով և հաղորդագրություններ ուղարկել մեքենա վարելիս:

Google-ը որպես մերժման պատճառ նշել էր անվտանգության հետ կապված մտահոգությունները և Android Auto-ի հետ JuicePass-ը ինտեգրելու ձևաչափի բացակայությունը:

Եվրամիության արդարադատության դատարանի շենքը Լյուքսեմբուրգում։ Արխիվային լուսանկար։
Եվրամիության արդարադատության դատարանի շենքը Լյուքսեմբուրգում։ Արխիվային լուսանկար։

Տեխնոլոգիական հսկան վիճարկել էր իտալական հակամենաշնորհային մարմնի որոշումը Իտալիայում և հետագայում պարզաբանումներ խնդրել Լյուքսեմբուրգում գործող Եվրամիության արդարադատության դատարանից:

Թեև Google-ը շտկել է խնդիրը և թույլատրել JuicePass-ի աշխատանքն Android Auto-ում, սակայն դատարանի որոշումը կարող է նախադեպ դառնալ այլ ընկերությունների պարագայում:

ԵՄ դատարանն աջակցել է իտալական կարգավորող մարմնին:

«Գերիշխող դիրք ունեցող ընկերության հրաժարվելը իր հարթակը բաց պահել այլ ընկերությունների հավելվածների համար, ինչը այն ավելի գրավիչ կդարձնի օգտատերերի համար, կարող է չարաշահում հանդիսանալ»,- ասված է դատարանի վճռում:

Դատարանը նաև պարզաբանել է, որ Google-ը կարող է արգելել այլ ընկերությունների հավելվածներին աշխատանքն իր հարթակում, եթե դրանք տեխնիկապես անհամատեղելի են և այդ անհամատեղելիությունը կարող է վտանգել հարթակի գործունեությունը: Բայց եթե նման խնդիր չկա, գերիշխող ընկերությունը պետք է ողջամիտ ժամկետում ստեղծի անհրաժեշտ ձևաչափ՝ նոր հավելվածի ինտեգրումը հարթակին ապահովելու համար։

Google-ը նշել է, թե արդեն գործարկել է Enel X-ի հավելվածը, սակայն Եվրամիության արդարադատության դատարան դիմելու պահին այն հասանելի է եղել Իտալիայում գործող մեքենաների միայն 0,04%-ի համար։

«Մենք կենտրոնացած ենք այն հնարավորությունների մշակման վրա, որոնք, իրականում, ցանկանում են ունենալ վարորդները, քանի որ կարծում ենք՝ նորարարությունը պետք է առաջ մղվի սպառողների պահանջներից ելնելով, այլ ոչ թե առանձին ընկերությունների [ցանկությամբ]»,- ասել է Google-ի ներկայացուցիչը:

Դատարանի որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել, և Իտալիայում այժմ պետք է որոշում կայացնեն Google-ի բողոքարկման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Եվրամիության արդարադատության դատարանի վճիռը:

XS
SM
MD
LG