Մատչելի հղումներ

 
Արդյո՞ք Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի ծրագրերը կխթանեն կղզում հանքարդյունաբերությունը

Արդյո՞ք Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի ծրագրերը կխթանեն կղզում հանքարդյունաբերությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսե
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսե

Գրենլանդիայի ընդերքում գտնվող հարստությունը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ցանկանում է կղզին վերցնել Դանիայից։ Բայց այսօր էլ Գրենլանդիայի հանքարդյունաբերությունը պայքարում է շահութաբեր դառնալու համար։

Սպիտակ լեռն իր վառ գույնը ստանում է անորթոզիտ կոչվող ապարից՝ հարուստ կալցիումի և այլ հանքանյութերի պաշարներով: Այն Գրենլանդիայի միակ ակտիվ հանքն է։

Անորթոզիտը առաքվում է աշխարհով մեկ՝ ապակեպլաստ, ներկեր, լցանյութեր, ցեմենտ և պլաստմասսա պատրաստելու համար:

«Գրենլանդիան հանքանյութերով լի երկիր է: Օգտակար հանածոներ ունենք բառացիորեն ամենուր»,- ասում է Lumina Sustainable Materials ընկերության ներկայացուցիչ Բենթ Օլսվիգ Յենսենը։

Կան հազվագյուտ հանածոներ, որոնք կարևոր նշանակություն ունեն «կանաչ տեխնոլոգիաների» համար, և որոնց մատակարարման գործում ներկայում գերիշխում է Չինաստանը:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Դանիայից վերցնել Գրենլանդիան, ինչը, ըստ նրա, անհրաժեշտ է «միջազգային անվտանգության համար»:

Սակայն Գրենլանդիան և Դանիան համաձայն չեն, իսկ հանքարդյունաբերական ընկերությունները, կարծես, հնարավորության հոտ են առել:

«Նրա հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ կարող է օգնել արդյունաբերությանը մուտք գործել [կղզի] և ներդրումներ կատարել, որոնք անհրաժեշտ են Գրենլանդիայում արդյունաբերության զարգացման համար: Այնպես որ, այո, միանշանակ ողջունում եմ: Եվ ես կարծում եմ, որ կարևոր է, որ ինչպես արդյունաբերության [զարգացման], այնպես էլ քաղաքական առումով Գրենլանդիայում դիրքավորվենք հօգուտ Թրամփի և ԱՄՆ-ի»,- շարունակում է Բենթ Օլսվիգ Յենսենը։

Գրենլանդիայի հանքային ռեսուրսների նախարար Նաաջա Նաթանիելսենն ասում է, թե կղզին բաց է բիզնեսի համար, բայց այն չի վաճառվում:

«Մենք ցանկանում ենք այստեղ տեսնել ամերիկյան ներդրումներ։ Իսկապես, ցանկանում ենք համագործակցել ԱՄՆ Պետքարտուղարության հետ, և արդեն որոշ ժամանակ է փորձում ենք առաջ տանել այս միտքը»,- նշում է Նաթանիելսենը:

Գրենլանդիան ԱՄՆ հետ համաձայնագիր է ստորագրել Թրամփի առաջին նախագահության օրոք՝ 2019 թվականին, որի նպատակն է խթանել հանքարդյունաբերությունը: Բայց այսօր էլ ներդրումների կարիք կա։

«Արդեն տարիներ է, ինչ նկատում ենք, որ ներդրողների միջավայրում որոշակի զգուշություն է առկա՝ բարձր ռիսկային, երկարաժամկետ նախագծերում ներգրավվելու առումով»,- ասում է Նաթանիելսենը:

Անշուշտ, ռիսկի դիմելը միշտ չէ, որ հանգեցնում է պարգևի: Օրինակ, «Աուպպալուտտոք» հանքավայրում մինչև 2023 թվականն արդյունահանվում էին սուտակներ և վարդագույն շափյուղաներ։ Այնուհետև՝ օպերատորը՝ Greenland Ruby-ն, սնանկացավ:

Գրենլանդիայի կառավարությունը հուսով է, որ կղզու ընդերքում առկա հարստությունը մի օր կարող է տնտեսական հիմք ստեղծել՝ Դանիայից լիարժեք անկախության համար:

«Եթե ցանկանում եք, որ հանքանյութերն արդյունահանվեն և այդ կերպ հասնեք Գրենլանդիայի տնտեսական ինքնաբավությանը, ապա ձեզ հարկավոր կլինի ներգրավվել միջազգային վերամշակման գործընթացում: Պետք է լավ կշռադատեք՝ վստահ լինելու, որ հանքարդյունաբերական այդ նախագծերն, իրականում, օգուտ կբերեն [Գրենլանդիայում] ապրող մարդկանց, այլ ոչ թե կդառնան իմպերիալիստական արդյունահանման նոր տարբերակ»,- կարծիք է հայտնում Միջազգային հետազոտությունների դանիական ինստիտուտի ներկայացուցիչ Ուլրիկ Պրամ Գադը:

Մյուս կողմից՝ ակնհայտ լոգիստիկ խնդիրներ կան, քանի որ տարվա մեծ մասը Գրենլանդիան սառցապատ է, թեև գլոբալ ջերմացման հետևանքով ձմեռներն ավելի կարճ են դարձել: Ճանապարհները քիչ են։ Հսկայական կղզու մեծ մասը արկտիկական անապատ է:

«Ժամանակ է պահանջվում նախագիծ մշակելու համար՝ սկսած հետախուզական աշխատանքների վաղ փուլից, մինչև կունենաք գործող հանք, որտեղից կարող եք արդյունահանել և [հանքանյութը] սկսել վաճառել»,- ասում է Բենթ Օլսվիգ Յենսենը:

Ինչևէ, գրենլանդացիները հուսով են, որ Թրամփի խոսքերից հետո ի հայտ եկող քաղաքական խնդիրներն ի վերջո կարող են հանգեցնել կղզու տնտեսական կարողությունների աճին և անգամ՝ պետականության հիմնադրմանը:

XS
SM
MD
LG