Մատչելի հղումներ

Թուրքիան և Իսրայելը դիմակայության մեջ են մտել Սիրիայում


Թուրք-սիրիական հարաբերություն
Թուրք-սիրիական հարաբերություն

Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման հետևանքով Սիրիայում միմյանց «հանդիպեցին» Թուրքիան ու Իսրայելը, որոնց հարաբերությունները նախորդ մեկ տարում նկատելիորեն սրվել են՝ Գազայում չդադարող մարտերի պատճառով։ Այսօր տարածաշրջանային երկու տերությունների զորամիավորումերը հարևան Սիրայում են։

Այսօր Սիրիայում կարելի է հանդիպել և՛ թուրքական, և՛ իսրայելական ստորաբաժանումների, և հաշվի առնելով երկու երկրների միջև խորացող լարվածությունը՝ դիտորդները զգուշացնում են տարածաշրջանային նոր առճակատման հնարավորության մասին:

Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Գալյա Լինդենշտրաուսն ասում է․ «Ըստ էության, Թուրքիան հյուսիսից դարձել է Իսրայելի հարևան, ինչը նախկինում այդպես չէր: Եվ Իսրայելը մտավախություն ունի, որ Սիրիան կրկին կօգտագործվի իր դեմ, և, թուրքական ուժերն Սիրիայում Իսրայելի հետ առճակատման ռիսկ կստեղծեն»։

Իսրայելում օրերս լույս տեսած հատուկ զեկույցը նախազգուշացնում է նման սցենարի մասին:

Հրեական պետության արտգործնախարար Գիդեոն Սաարի՝ հրապարակային արատահայտած աջակցությունը սիրիացի քրդերին, որոնք Անկարայի բնորոշմամբ ահաբեկիչներ են, բորբոքեց լարվածությունը Թուրքիայի հետ:

Ե՛վ Իսրայելի, և՛ Թուրքիայի ղեկավարները ընդգծում են, որ սերտ կապեր ունեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերլուծաբանների խոսքով՝ այդ հանգամանքը կարող է դժվար դրության մեջ դնել Թրամփին:

«Թրամփի կառավարության անդամների ընտրությունը ցույց է տալիս, որ գործ ունենք իսրայելամետ կողմնորոշման հետ: Բայց Իսրայելի ու Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությունը խնդիր է ստեղծելու հատկապես ԱՄՆ Կոնգրեսում։ Թեև կարծում եմ, որ Թրամփի կառավարության համար Թուրքիան տարածաշրջանի առանցքային երկիրն է»,- ասում է Վաշինգտոնում գործող Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան է Ասլի Այդինթաշբաշը:

Դիտորդնրի ներկայացմամբ՝ ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է դեր ունենալ Գազայի շուրջ բանակցություններում, և այս համատեքստում՝ «Համասին» ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ մինչ իր պաշտոնամուտն ազատ արձակել իսրայելցի պատանդներին, Էրդողանի համար հնարավորություն է բացվում ամրապնդել իր կապերն ԱՄՆ գալիք վարչակազմի հետ՝ հասնելով պատանդների ազատ արձակմանը:

Մյուս կողմից, փորձագետների կարծիքով, տարածաշրջանում լարվածության թուլացմանը կարող է նպաստել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների նորմալացումը, որի ուղղությամբ սպասվում է Թրամփի վարչակազմի աշխատանքը:

«Եթե Թրամփին հաջողվի կարգավորել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունները, դա նույնպես շատ դրական ազդեցություն կունենա իսրայելա-թուրքական հարաբերությունների վրա, որովհետև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման գործարքում չի կարող տեղ չունենալ պաղեստինյան բաղադրիչը, ինչը կթուլացնի Իսրայելի և Թուրքիայի միջև առկա լարվածությունը»,- նշում է Գալյա Լինդենշտրաուսը:

Ինչևէ, մինչ Գազայում ռազմական գործողությունների բռնկումը Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սկսել էին ջերմանալ, սակայն այժմ այլ իրավիճակ է, և Սիրիայում տեղի ունեցածը բառացիորեն մոտեցրել է երկու տերությունների զինուժերին միմյանց:

XS
SM
MD
LG