Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն 500 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ուկրաինացի և բրիտանացի գործընկերների հետ: Ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմը կհայտարարի իր պաշտոնավարման ընթացքում Կիևի համար նախատեսված ռազմական աջակցության վերջին փաթեթի տրամադրման մասին:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում վերջին անգամ հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբին։

Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ռազմական ներխուժումից ընդամենը շաբաթներ անց՝ 2022 թվականի գարնանը հենց այս ռազմակայանում էին սկսվել Օսթինի կանոնավոր հանդիպումները Կիևին ռազմական օգնություն հատկացնելու հարցով:

«Նրանք շարունակում են կանգուն մնալ, բայց այդ անում են ԱՄՆ և դաշնակից այլ երկրների ու կոալիցիաների աջակցությամբ։ Կարծում եմ՝ պարզ է, որ Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խումբն ավելին է, քան պարզապես [ընդհանուր մոտեցում ունեցող երկրների ներկայացուցիչների հավաք]»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը:

Օրեր անց՝ հունվարի 20-ից, Սպիտակ տանն այլևս ղեկավարելու է Դոնալդ Թրամփը, և տակավին հստակ չէ՝ արդյո՞ք նա շարունակելու է նույն կերպ աջակցել Ուկրաինային, ինչ Ջո Բայդենի օրոք էր։

Դիտորդնրի խոսքով՝ Թրամփի հրաժարվելը օգնություն ցուցաբերել Կիևին կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ուկրաինայի համար:

«Կարծում եմ, եթե լրջորեն կրճատվի ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային, կարող է մեծ աղետ լինել Ուկրաինայում։ Պատասխանատուն լինելու է նորընտիր նախագահ Թրամփը: Վստահ եմ, որ նորընտիր նախագահ Թրամփը չի ցանկանա, որ դա իր վրա մնա»,- ասել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդլի Բոումենը:

«Ռամշտայնում» կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, և ակնկալվում է, որ հեռացող Բայդենի վարչակազմի՝ Կիևի համար նախատեսված վերջին ռազմական օգնության չափը կկազմի 500 միլիոն դոլար:

Սակայն դեռ առկա է մոտ 3,8 միլիարդ դոլար, որը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցած տարվա ապրիլին և որը, նույնպես, նախատեսված է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։ Սակայն Պենտագոնի ներկայացմամբ՝ այսօր չի կարող այդ օգնությունը տրամադրել, քանի որ միջոցներն անհրաժեշտ են սեփական պաշարները համալրելու համար, և նշված աջակցությունը հասանելի կդառնաուկրաինական կողմին, երբ ԱՄՆ Կոնգրեսը նոր հատկացումներ կատարի Պենտագոնին:

Նշենք, որ 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր մոտ 50 երկրներից բաղկացած կոալիցիան Կիևին փոխանցել է ավելի քան 126 միլիարդ դոլարի սպառազինություն, սարքավորումներ և տրամադրել ուսուցում:

XS
SM
MD
LG