Մատչելի հղումներ

Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի տարանցումը իր տարածքով


Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով ռուսական գազի տարանցումը 2025 թվականի հունվարի 1-ից
Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով ռուսական գազի տարանցումը 2025 թվականի հունվարի 1-ից

2019 թվականի համաձայնագրերի ժամկետները, որոնք նախատեսում են արևմտյան սիբիրյան գազի տարանցում դեպի Եվրոպա Ուկրաինայի տարածքով, լրացել են 2025 թվականի հունվարի 1-ին

Ուկրաինան հայտարարեց իր տարածքով ռուսական տարանցման դադարեցման մասին՝ այն անվանելով «պատմական իրադարձություն»՝ թելադրված «ազգային անվտանգության շահերով»։

«Ռուսաստանը կորցնում է շուկաները, նա ֆինանսական կորուստներ կունենա։ Եվրոպան արդեն որոշում է կայացրել հրաժարվել ռուսական գազից։ Իսկ «Repower EU» եվրոպական նախաձեռնությունը նախատեսում է հենց այն, ինչ այսօր արեց Ուկրաինան»,- ասել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:

Չորեքշաբթի առավոտյան երկրի էներգետիկայի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ գազատրանսպորտային համակարգի ենթակառուցվածքը նախապես պատրաստված է զրոյական տարանցիկ ռեժիմով աշխատելու և ուկրաինացի սպառողներին գազ մատակարարելու համար։

Հունվարի 1-ին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ կորցրել է տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունը։ «Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից ռուսական գազի մատակարարում Ուկրաինայի տարածքով դրա փոխադրման համար չի իրականացվում»,- ասվում է ընկերության Telegram ալիքում։

Տարանցման դադարեցումը պայմանավորված է Ուկրաինայի՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին «Գազպրոմ»-ի և Ուկրաինայի «Նավթոգազ»-ի, ինչպես նաև երկու երկրների գազահաղորդման համակարգերի օպերատորների միջև ստորագրված համաձայնագրերը երկարաձգելու հրաժարման հետ:

Ուրենգոյ-Պոմարա-Ուժգորոդ գազատարը Տյումենի հանքավայրերից գազ է տեղափոխել ուկրաինական տարածք Կուրսկի մարզից (ավելին, գազի չափիչ կայանը գտնվում է Սուդժայի շրջանում, որը վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից): Ուկրաինայի տարածքով անցնելուց հետո գազատարը մտնում է Սլովակիա, որից հետո բաժանվում է երկու ճյուղի։

Չեն գործում նաև Ռուսաստանի Դաշնությունից դեպի Եվրոպա գազի այլ ուղիներ՝ Յամալ-Եվրոպա խողովակաշարը (Բելառուսով) և Հյուսիսային հոսքը (Բալթիկ ծովով): «Թուրքական հոսքը» շարունակում է գործել՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանից Սև ծովի հատակով հասնելով մինչև Թուրքիայի հյուսիս-արևմուտք: Այս ծովային գազատարը հետագայում միանում է Բալկանյան հոսքին, որը Թուրքիայից գնում է Հունգարիա։

Մինչդեռ հայտնի է դարձել, որ Մերձդնեստրում անջատվել է ջեռուցման և տաք ջրի մատակարարումը Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման դադարեցման պատճառով։ «2025 թվականի հունվարի 1-ից՝ ժամը 07:00-ից, կդադարեցվի բնակչության, բյուջետային հիմնարկների և սեփականության բոլոր ձևերի կազմակերպությունների ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ջերմային էներգիայի մատակարարումը, բացառությամբ ստացիոնար պայմաններում գտնվող բուժհաստատությունների», - ասվում է տեղական «Tirasteploenergo» էներգետիկ ընկերության հաղորդագրության մեջ:

Խորհրդային Միության փլուզումից ի վեր Մերձդնեստրը փաստացիորեն վերահսկվում է ռուսամետ ուժերի կողմից, սակայն միջազգայնորեն տարածաշրջանը համարվում է Մոլդովայի մաս:

Դեկտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց մի շարք ռուսական կազմակերպությունների դեմ՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծում նրանց մասնակցության համար, ներառյալ՝ լրացուցիչ միջոցներ նախագծի օպերատորի դեմ։ Նաև նոյեմբերին պատժամիջոցներ կիրառվեցին Գազպրոմբանկի և տասնյակ ռուսական ֆինանսական հաստատությունների դեմ. ինչպես ասաց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, այդ միջոցները նպատակ ունեն «ավելի խարխլել Ռուսաստանի կարողությունը՝ օգտագործելու միջազգային ֆինանսական համակարգը՝ ֆինանսավորելու և իր դաժան պատերազմը Ուկրաինայի ժողովուրդի դեմ մղելու համար»:

XS
SM
MD
LG