Լինդա ՄըքՄահոնը տևական ժամանակ ղեկավար դերակատարություն է ունեցել ամերիկյան հայտնի՝ World Wrestling Entertainment կազմակարեպությունում։ Դիտորդները նշում են՝ Թրամփի ընտրյալը կրթության ոլորտում սակավ փորձ ունի և սպասում են, որ նախարարությունում ու բնագավառում լուրջ փոփոխություններ են լինելու։
Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում Լինդա ՄըքՄահոնը ղեկավարում էր ԱՄՆ Փոքր բիզնեսի հարցերով վարչությունը: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա կարելի է նշել որ Թրամփի ընտրյալը եղել է մասնավոր քոլեջում խորհրդի անդամ և կարճ ժամանակով աշխատել կրթության բնագավառի պետական խորհրդում:
Փորձի պակասը դրդել է դիտորդներին անհանգստանալ։
«Անշուշտ, կրթության ոլորտում մեծ փորձ չունի՝ ո՛չ K-12 մակարդակում, ո՛չ էլ բարձրագույն կրթության մակարդակում՝ ի տարբերություն կրթության նախկին նախարարների»,- ասում է Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչ Ռեյչել Պերերան։
Սակայն պահպանողական մոտեցմամբ բազմաթիվ վերլուծաբաններ հակադարձում են, թե նա հաջողակ կլինի գերատեսչությունն օպտիմիզացիայի ենթարկելու և լիազորությունները սահմանափակելու գործում, ինչը պահանջվում է նրանից:
«Կարիք չկա, որ Կրթության նախարարությունը ղեկավարի մանկավարժը։ Կարծում եմ՝ մեզ պետք է փորձառու կառավարիչ, ով գիտի, թե ինչպես կառավարել մարդկանց, կատարել աշխատանքը, պատասխան պահանջել ենթականերից, հասկանալ արդյունքները և հաշվետվություն ներկայացնել արված գործերի մասին»,- ասում է Հերիթեյջ հիմնադրամի ներկայացուցիչ Էրիկա Դոնալդսը։
Նախարարության լիազորությունների շարքում են ուսանողական դաշնային վարկերի և դրամաշնորհային ծրագրերի կառավարումը, ցածր եկամուտ ունեցող ուսանողների համար պետական միջոցների բաշխումը:
Որոշ մանկավարժներ անհանգստանում են, թե Թրամփի գալիք վարչակազմի օրոք հանրային կրթությունը կտուժի, կտուժեն նաև առավել խոցելի ուսանողները:
«[Կարող են տուժել] հաշմանդամություն ունեցող ուսանողները, ԼՋԲՏՔ+ ուսանողները, սևամորթ, շագանակագույն մաշկ ունեցող ու բնիկ ամերիկացի ուսանողները, աղքատության մեջ ապրող ուսանողները, եթե բարձրագույն կրթությունը դարձնենք ավելի թանկ, ավելի անհասանելի միջին խավի ընտանիքների համար»,- նշում է ԱՄՆ Կրթության ազգային ասոցիացիայի նախագահ Բեքի Փրինգլը։
Պահպանողական հայացքների տեր վերլուծաբանների խոսքով՝ նախարարությունը դարձել է բյուրոկրատական մեծ մեքենա, գործում է անարդյունավետ և պետք է փակվի:
Այս տարբերակը քիչ հավանական է, սակայն սպասվում են լուրջ փոփոխություններ՝ ասում են քաղաքական դաշտի երկու կողմերին հարող դիտորդները:
«Այն, ինչ սպասում են գալիք չորս տարիներին, նախարարության էական կրճատումն է և դաշնային կառավարության ներկայության հնարավորինս սահմանափակումը կրթության ոլորտում»,- շարունակում է Էրիկա Դոնալդսը։
«Գիտեք, որ Թրամփի գալիք վարչակազմի մտքում է բոլոր ծրագրերի ուղղությամբ դաշնային ֆինանսավորման մեծ մասի կրճատումը»,- ասում է «Նոր Ամերիկա» կազմակերևպության ներկայացուցիչ Ուեսլի Ուիսլը։
Հնարավոր է՝ որոշում կայացվի տեխնիկական կրթությունը ավանդական համալսարանական կրթությունից անջատելու վերաբերյալ։
«Այն, ինչ ցանկանում են միջնակարգ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ, աշխատողներ, ոչ այնքան քառամյա բարձրագույն կրթության դիպլոմն է, այլ թրեյնինգն ու ուսուցանումը, որը կօգնի նրանց ավելի լավ աշխատանք գտնել, ավելի հաջող կյանք ունենալ: Այժմ, իրոք, կարող է դժվար լինել բարձրագույն կրթության համար նախատեսված դաշնային աջակցությունն ուղղել նման կարգի ծրագրերին»,- նշում է Ամերիքըն էնթերփրայզ ինստիտուտի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Հեսսը։
Սպասվում է, որ հանրապետականների գլխավորած ԱՄՆ Կրթության նախարարությունը կփորձի հետ կանգնել ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից խրախուսվող քաղաքականությունից, որը ներառում է նաև աջակցություն տրանսգենդեր ուսանողներին:
«Նախարարությունը շատ է կենտրոնացած Ամերիկայի դպրոցներում գենդերային հարցերի վրա՝ խրախուսելով [դպրոցներին] որդեգրել քաղաքականություն, որն ընդգծում է գենդերային ինքնության կարևորությունը, ոչ թե կենսաբանական սեռը: Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմը, ամենայն հավանականությամբ, կփոխի ուղղությունը»,- նշում է Ֆրեդերիկ Հեսսը։
ՄըքՄահոնը պետք է հաստատվի Սենատի կողմից, և դիտորդները սպասում են, որ գալիք Սենատի մեծամասնությունը՝ հանրապետականները, կողմ կքվեարկեն նրան։