1977 թվականի հունվարի 20-ին իր երդմնականության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը խոստացավ ունենալ «այնպիսի լավ կառավարություն, որպիսին [Ամերիկայի] ժողովուրդն է»։
«Չի կարող լինել ավելի ազնիվ կամ ավելի հավակնոտ խնդիր, որը Ամերիկան ստանձնում է նոր սկզբի այս օրը, քան օգնելը ձևավորել արդար և խաղաղ աշխարհ»,- 1977 թվականին՝ երդմնակալության ժամանակ ասաց ԱՄՆ նախագահ Քարթերը։
Նա շարունակեց կառուցել այդ աշխարհը Սպիտակ տանը պաշտոնավարելուց հետո, երբ դաևձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և գլխավորեց Քարթերի անվան կենտրոնը՝ Carter Center-ը, որի առաքելությունն է «խաղաղության հաստատումը, պայքարը հիվանդությունների դեմ և հույսի ամրապնդումը»:
«Քարթերի կենտրոնի աշխատանքը դիտարկում եմ որպես գործի շարունակություն, որը փորձում էի անել որպես [ԱՄՆ] նախագահ»,- 2007 թվականին ասաց Քարթերը:
Քարթերը ծնվել է Փլեյնսում, Ջորջիա նահանգում 1924 թվականին: Նա ավարտել է ԱՄՆ ռազմածովային ակադեմիան 1946 թվականին, անցել ծառայության ԱՄՆ ստորջրյա նավատորմ՝ սուզանավերի վրա։ 1953 թվականին վերադարձավ հայրենի Փլեյնս՝ ղեկավարելու ընտանեկան ֆերման հոր մահվանից հետո:
Քարթերը մուտք գործեց քաղաքականություն 1960-ականների քաղաքացիական իրավունքների համար շարժման ընթացքում՝ երկու ժամկետ ծառայելով որպես Ջորջիայի օրենսդիր մարմնի անդամ, իսկ 1971 թվականին դարձավ նահանգապետ:
«Անկեղծ եմ ձեզ հետ՝ ռասայական խտրականության ժամանակն անցել է»,- 1971 թվականին ասում էր ԱՄՆ ապագա նախագահը:
Հինգ տարվա ընթացքում՝ մինչև 1976 թվականը, նահանգապետի պաշտոնից Ջիմի Քարթերը դարձավ ԱՄՆ նախագահի՝ հաղթանակ տարած թեկնածու, որը կաևողացավ պարտության մատնել հանրապետական Ջերալդ Ֆորդին:
1979 թվականին կնքվեց Քեմփ Դևիդի խաղաղության համաձայնագիրը՝ վերջ դնելով Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտությանը։ Այն համարվում է Քարթերի նախագահության կարևոր ձեռքբերումներից մեկը:
«Երբ նախագահ դարձա, նախորդած 25 տարիներին արաբների և իսրայելցիների միջև չորս պատերազմ էր տեղի ունեցել, որոնց ժամանակ եգիպտացիներին աջակցում էր Խորհրդային Միությունը: [Եգիպտոսը] միակ երկիրն էր, որն իսկապես կարող էր ռազմական առումով մարտահրավեր նետել Իսրայելին»,- 2009 թվականին ասում էր Քարթերը:
Քարթերը նաև բանակցություններ նախաձեռնեց Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը այդ երկրին վերադարձնելու շուրջ, դիվանագիտական կապեր հաստատեց կոմունիստական Չինաստանի հետ:
Սակայն 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը համարվում է լուրջ հարված նրա նախագահությանը: Մահմեդական հոգևորականների գլխավորած բողոքի ալիքը տապալեց ԱՄՆ աջակցությունը վայելող շահին։ Միապետը փախավ երկրից: Այդ տարի ավելի ուշ՝ նոյեմբերին շիա հոգևորականության ներքո գտնվող զինյալները ներխուժեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն՝ պատանդ վերցնելով 66 ամերիկացիների։ Նույն ամսվա վերջին 13 հոգու ազատ արձակեցին։
1980 թվականի ապրիլին Քարթերը կարգադրեց ռազմական գործողություն ձեռնարկել մնացած պատանդներին ազատելու համար։ Այն ձախողվեց, և ամերիկացի ութ զինծառայող մահացավ:
Քարթերի համար դժվարություններ ծագեցին նաև տանը: Գնաճը և աճող գործազրկությունը հարվածեցին ԱՄՆ տնտեսությանը՝ նպաստելով 1980 թվականին հանրապետական Ռոնալդ Ռեյգանի հաղթանակին:
1981 թվականի հունվարի 20-ին՝ Ռեյգանի երդմնակալության օրը, Իրանը վերջապես ազատեց ամերիկացի պատանդներին:
Քարթերը, պարտված էր, նաև՝ ընկճված։ Վերադարձավ Փլեյնս՝ մտորելով իր նախագահական գրադարանի ստեղծման շուրջ:
«Պատկերացնում էի, որ այն մի փոքր բան է լինելու՝ Ատլանտայում մի քանի գեղեցիկ շենք, որտեղ կլինի իմ գրասենյակը»,- 2007 թվականին ասում էր Քարթերը:
Բաց այն դարձավ շատ ավելին: Կազմակերպությունը իր գործունեության ընթացքում տարբեր երկրներում մշտադիտարկել է ավելի քան 100 ընտրություններ, միջնորդական առաելություն իրականացրել բազմաթիվ հակամարտություններում ու միջազգային խնդիրներում՝ Հյուսիսային Կորեայից մինչև Ուգանդայի և Սուդանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում:
Կենտրոնը նաև նպաստում է հանրային առողջության ամրապնդմանը, պայքարում է հիվանդությունների դեմ մոլորակի ամենաաղքատ հատվածներում:
«Մարդկության պատմության մեջ եղել է միայն մեկ հիվանդություն, որը հնարավոր եղավ վերացնել՝ ջրծաղիկն էր, ավելի քան 30 տարի առաջ: Ուստի Գվինեական որդը շուտով կդառնա պատմության երկրորդ հիվանդությունը, որը կջնջվի երկրի երեսից»,- 2009 թվականին ասում էր Քարթերը։
Ի վերջո Քարթերի ջանքերը պարգևատրվեցին, և 2002 թվականին նա ընդունեց Խաղաղության Նոբելյան մրցանակը:
«Երբ արժանացա Խաղաղության Նոբելյան մրցանակին, Քարթերի կենտրոնի աշխատանքի շնորհիվ էր: Այնպես որ, միանգամայն գոհ կլինեի, եթե իմ թողած ժառանգությունը հիմնվեր խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Այսինքն՝ ո՞վ չի անի այդ»,- 2007 թվականին ասում էր Քարթերը։
Քարթերը ակտիվ էր անգամ 90-ամյա հասակում՝ 2015 թվականին վերապրելով ուղեղի քաղցկեղը:
Սակայն նախորդ տարիներին առողջության վատթարացումը ստիպեց նրան հանգրվան գտնել հայրենի Փլեյնս քաղաքում: Ջիմի Քարթերը վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է իր կնոջ՝ Ռոզալինի թաղման արարողությանը՝ 2023 թվականի նոյեմբերին։
Իր վերջին հարցազրույցներից մեկում Քարթերը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց ապագայի վերաբերյալ իր տեսլականը:
«Կցանկանայի տեսնել, որ ապագայում Միացյալ Նահանգները ձգտի լինել աշխարհում առաջատարը խաղաղության, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում ու բոլորին հավասար վերաբերվի: Եթե կարողանայինք այդ անել, իսկական գերտերություն կլինեինք, [մեր երկիրը կլիներ գերտերություն], որին շատ եմ սիրում»,- 2019 թվականին ասում էր Քարթերը։։
Սպիտակ տան ղեկավարներից Քարթերն ամենից երկար կյանք ունեցավ։ Նրա ամուսնությունը Ռոզալինի հետ ամենաերկարն էր, եթե համեմատում ենք ԱՄՆ բոլոր առաջին զույգերի հետ: