Անցնող ամիսներին տասնյակ հազարավոր վրացիներ շարունակաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում ընդդեմ կառավարության՝ «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի ընդունման պատճառով, որը շատերը Վրաստանում պարզապես կոչում են «ռուսական օրենք»։
Հայտնի է, որ նմանատիպ օրենքով Կրեմլը շարունակում է ճնշել այլախոհությունը Ռուսաստանում։
Վրաստանում բողոքի ցույցերը վերաճեցին երկրի ապագայի համար պայքարի։ Ընդդիմությունը հույսեր էր կապում հոկտեմբերի կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ըստ պաշտոնական տվյալների, հաղթեց՝ ստանալով ձայների ավելի քան 53%-ը։
Տեղի ու միջազգային դիտորդները մեղադրեցին վրացական իշխող ուժին ընտրությունները կեղծելու մեջ։ «Վրացական երազանքը» հերքում է մեղադրանքները։ Իրավիճակը երկրում թեժացավ, վերսկսվեցին բողոքի զանգվածային ակցիաները։
«Պարզապես ուզում եմ, որ մենք նայենք դեպի Եվրոպա, այլ ոչ թե վերադառնանք այն փոսը, որտեղից նոր ենք դուրս եկել»,- ասում է ցուցարար Սալոմե Բախտաձեն:
Կառավարությունը արձագանքեց՝ դաժան կերպով ցրելով բողոքի ակցիաները, նաև հայտատարեց՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կասեցնելու մասին։ Վաշինգտոնն իր հերթին դադարեցրեց ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կարծես, մտադիր չէ նահանջել։
«Պատրաստակամ ենք ամբողջությամբ չեզոքացնել արմատական ընդդիմությանը»,- ասում է Կոբախիձեն։
Մոլդովայում՝ հետխորհրդային մեկ այլ երկրում ևս, հոկտեմբերին ու նոյեմբերին անցկացվեցին ընտրություններ, և նախագահական աթոռի համար պայքարը սուր էր։
Չնայած Մոսկվայի միջամտությանը, եվրոպամետ գործող նախագահ Մայա Սանդուն հաղթեց երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 55%-ը:
«Այսօր, հարգելի մոլդովացիներ, դուք ժողովրդավարության դաս տվեցիք»,- ասում է Սանդուն։
Մոլդովային հարևան Ռումինիայում ծայրահեղ աջակողմյան թեկնածու Կալին Գեորգեսկուն, ով դեմ է արտահայտվել արևմտյան օգնության տրամադրմանը Ուկրաինային, հաղթանակ տարավ նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում, չնայած նախընտրական սոցհարցումները ցույց էին տալիս, որ նա կստանա 10%-ից էլ պակաս քվե։
Ընտրությունների արդյունքները, սակայն, չեղարկվեցին Ռումինիայի սահմանադրական դատարանի կողմից, երբ երկրի անվտանգության ծառայությունը բացահայտեց սոցցանցերում Գեորգեսկուի օգտին իրականացված ապատեղեկատվական լայնածավալ արշավը, որի հետքերը տանում էին Կրեմլ, թեև Մոսկվայում հերքում են իրենց առնչությունը:
«Այս թեկնածուի քարոզարշավն աջակցություն էր ստանում օտար պետության կողմից, որը դեմ է Ռումինիայի շահերին»,- ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:
Բազմաթիվ են դիտորդները, որոնք խոսում են եվրոպական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։
«Հարկ է ընդգծել տեղերում առկա խոցելիությունը, այն փաստը, որ երբեմն անջրպետ կա վերնախավի և բնակչության միջև: Երբեմն Ռուսաստանը պարզապես փորձում է ավելի լայնացնել այդ բացերը»,- ասում է քաղաքական վերլուծաբան Կոստին Չիոբանուն։
Ինչևէ, նշված բոլոր ընտրությունները Ուկրաինայում գրեթե երեք տարի շարունակվող արյունալի պատերազմի ֆոնին են, և դիտորդների խոսքով՝ նման պայքարի պայմաններում Կրեմլը չի վարանի օգտագործել որևէ հնարավորություն սեփական աազդեցությունն ու շահերը առաջ մղելու համար՝ ազդելով եվրոպական քաղաքականության և ընտրողների վրա: