Ռումինիայի ազգային պաշտպանության բարձրագույն խորհուրդը չորեքշաբթի հայտարարել է, թե հետաքննություն է սկսել կիրակի կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հնարավոր արտաքին միջամտության առնչությամբ։ Ծայրահեղ աջ թեկնածու Կալին Գեորգեսկուն կարողացավ առաջին տեղը զբաղեցնել առաջին փուլի արդյունքներով՝ ստանալով մոտ 23% ձայն, չնայած սոցհարցումները այլ թվեր էին ներկայացնում: Գեորգեսկուն քննադատում է Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմի պայմաններում
Նախորդ օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ակցիաներ էին՝ ի պատասխան կիրակի կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների, ըստ որոնց ծայրահեղ աջ թեկնածու 62-ամյա Կալին Գեորգեսկուն զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ստանալով քվեների մոտ 23%-ը։
Երկորրդ հորիզոնականում է ռումինական խորհրդարանում մեծությամբ երրորդ ուժի՝ աջ-կենտրոնամետ Ռումինիայի փրկության միության թեկնածու, 52-ամյա Ելենա Լասկոնին՝ ավելի քան 19% քվեով։
«Կալին Գեորգեսկուն ծայրահեղ աջ գործիչ է, ռուսամետ, ով ցանկանում է Ռումինիան հեռացնել ՆԱՏՕ-ի ուղուց»,- ասում է ուսանողուհի Ուման։
Խնդիրն այն է, որ մինչ ընտրությունները կայացած սոցհարցումները Գեորգեսկույին տալիս էին առավելագույնը 10% վարկանիշ, և այժմ լուրջ կասկածներ կան, թե նրա օգտին արտաքին միջամտություն է եղել՝ թիրախավորելով Ռումինիայի ընտրական համակարգը։
Ռումինիայի ազգային պաշտպանության բարձրագույն խորհուրդը հանդիպում է գումարելու՝ քննելու «ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերը, որոնք առաջացել են պետական և ոչ պետական կիբեռ սուբյեկտների գործողությունների հետևանքով»:
Իշխանությունները նաև կոչ են արել Եվրոպական Միությանը հետաքննել TikTok-ի ունեցած դերը քվեարկության արդյունքների վրա։
Հայտնի է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը
Գեորգեսկուի կողմից հնչող քննադատության մասին։ Նշենք՝ Ռումինիայում են տեղակայված հազարավոր ամերիկացի զինվորականներ։ Երկիրը սահմանակից է Ուկրաինային։
Երեքշաբթի սոցմեդիայում տարածված տեսանյութի միջոցով Գեորգեսկուն արձագանքել է իրավիճակին․ «Չեմ ցանկանում [Ռումինիան] դուրս բերել ՆԱՏՕ-ից ու Եվրոպական Միությունից։ Սակայն ցանկանում եմ, որ [մեր երկիրը] սեփական դիրքորոշումն ունենա, չխոնարհվի այնտեղ, չընդունի ամեն ինչ։ Պետք է գործել մե՛ր պետական շահերից ելնելով»։
Կալին Գեորգեսկուն կոչ է արել Արևմուտքին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, և այս դիրքորոշումը համահունչ է Եվրոպայի աջակողմյան այլ գործիչների, երկրների ղեկավարների մոտեցմանը, օրինակ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի։
«Պարոն Գեորգեսկուն շատ է խոսում խաղաղության մասին։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, Ուկրաինան ցանկանում է խաղաղություն։ Բայց դյուրին չէ ունենալ խաղաղություն, երբ ինչ-որ մեկը ներխուժում է քո տարածք։ Այս առումով, խաղաղության մասին խոսելիս՝ նա հանդես է գալիս որպես Եվրոպայում գոյություն ունեցող շարժման մի մաս, որն արտահայտում է պատերազմից առաջացած հոգնածությունը»,- ասում է Ռումինիայում բնակվող քաղաքական վերլուծաբան Ռադու Մագդինը։
Թեև Գեորգեսկուի օգտին քվերակածների շարքում մեծաթիվ են երիտասարդ և արտերկրում բնակվող ռումինացիները, սակայն, ըստ Մագդինի, թեկնածուն փորձում է իր կողմը գրավել այլ ընտրազանգված ևս։
«Սոցիմեդիայում՝ TikTok-ում, նա էր գերիշխում, եթե համեմատենք այլ թեկնածուների հետ։ Նրա ներկայացրած գաղափարները պահպանողական են և հաճախ էր տալիս Աստծո անունը»,- ասում է Ռադու Մագդինը։
Այս դեկտեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Գեորգեսկուն մրցելու է Լասկոնիի հետ, բայց մինչև այդ՝ դեկտեմբերի 1-ին երկրում խորհրդարանական ընտրություններ են։