Մատչելի հղումներ

Գերմանիայում փետրվարին արտահերթ ընտրություններ են. Մտավախություններ կան, որ քաղաքական ցնցումները կարող են վտանգել օգնությունը` Ուկրաինային


Գերմանիայի հիմնական քաղաքական կուսակցությունները համաձայնել են գալիք տարվա փետրվարին անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ այս ամսվա սկզբին իշխող կոալիցիայի փլուզումից հետո։

Գերմանացիները փետրվարի 23-ին ընտրելու են երկրի նոր խորհրդարան՝ իշխող եռակողմ կոալիցիոն կառավարության անցած շաբաթ տեղի ունեցած փլուզումից հետո: Կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կրկին հանդես կգա որպես սոցիալ-դեմոկրատների վարչապետի թեկնածու։

Սակայն հիմնական ընդդիմադիրները՝ քրիստոնեա-դեմոկրատները առաջ են հարցումներում: Նրանց ղեկավար Ֆրիդրիխ Մերցը պնդում է, թե ընտրությունները պետք է ավելի շուտ անցկացվեին:

«Թույլ տվեք բոլորին հիշեցնել, որ [դեռ] չունենք դաշնային բյուջե՝ 2025 թվականի համար»,- ասում է Մերցը:

Երեք կուսակցություններից բաղկացած իշխող կոալիցիան փլուզվեց 2025 թվականի պետբյուջեի ձևավորման նպատակով պետական պարտքն ավելացնելու հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով, և այս հմատեքստում Բեռլինում քննարկվում էր նաև Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության հարցը:

ԱՄՆ-ից հետո Գերմանիան է Ուկրաինային ցուցաբերում ռազմական ամենից ընդարձակ օգնությունը՝ 2022 թվականի փետրվարից, երբ ռուսական զորքերը ներխուժեցին ուկրաիանական հողեր, Կիևին տրամադրելով մոտ 11 միլիարդ դոլար:

Հեռացող կառավարությունը ծրագրել էր հաջորդ տարի կրճատել այդ օգնությունը:

«Վատ ժամանակներ են Ուկրաինայի համար։ Վատ ժամանակներ Եվրոպայի համար: Դա նշանակում է, որ Գերմանիան մի քանի ամիս զբաղված կլինի իր գործերով, մինչ մենք կունենանք նոր կառավարություն»,- ասում է Գերմանա-ուկրաինական բյուրոյի հիմնադիր Մատիա Նելեսը:

Հատկանշական է, որ գերմանական ընտրությունները նախատեսված են շաբաթներ անց, երբ ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Թրամփը:

«Վատագույն տարբերակն այն կլինի, ինչից շատերը վախենում են Բեռլինում և Կիևում, որ Թրամփի [նոր] վարչակազմը հունվարին, ստանձնելով իշխանությունը, կկրճատի կամ կդադարեցնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը, ինչը կստիպի Գերմանիայի կառավարությանը՝ Շոլցի կառավարությանը, ներկայիս խորհրդարանին մեծացնել Ուկրաինայի հատկացվող ֆինանսավորումը»,- հավելում է Նելեսը:

Վերլուծաբան Մարինա Միրոնն, իր հերթին, ուշադրություն է հրավիրում՝ պարզ չէ, թե ինչ կարող է նշանակել Թրամփի առաջիկա նախագահությունը, ընդհանրապես, եվրոպական անվտանգության համար, և խոսքը վերաբերում է Եվևրոպայում ԱՄՆ ռազմուժի, ամերիկյան հեռահար Tomahawk հրթիռների տեղակայմանը:

«Կարող է վերանայվել Գերմանիայում Tomahawk հրթիռների տեղակայման որոշումը: Բավականին բարդ իրավիճակ է։ Թրամփը կարող է հետապնդել հակագլոբալիստական օրակարգ և հարկադրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ գումար հատկացնել պաշտպանությանը»,- ասում է Լոնդոնի Քինգս քոլեջի պրոֆեսոր Մարինա Միրոնը:

Այս ամենի ֆոնին՝ հիշեցնենք, որ Եվրոպան սառեցրել է մոտ 200 միլիարդ դոլար կազմող ռուսական պետական ակտիվները, որոնցից ստացված շահույթը ուղղվում է Կիևի համար սպառազինության գնմանը: Հնչում են կարծիքներ, թե ժամանակն է ամբողջությամբ բռնագրավել ակտիվները:

«Եվրոպան նստած է 200 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվների վրա։ Եվ կարծում եմ, որ Թրամփի նոր վարչակազմը եվրոպացիներին կդրդի ավելի հեռուն գնալ: Սա կարող է ողջունվել ուկրաինական կողմից․ ոչ միայն վարկեր տալ՝ սառեցված ռուսական ակտիվների օգտագործմամբ, այլև գնալ ակտիվների բռնագրավմանը: Եվ այս տարբերակին Գերմանիայում շատերն են կողմ»,- ասում է Նելեսը:

Ինչևէ, թեև կանցլեր Օլաֆ Շոլցի ջանքերն ուղղված էին վերջ դնելու ռուսական էժան էներգակիրներից Գերմանիայի կախվածությանը, սակայն դիտորդները նշում են, թե այն խթանեց գնաճը և խաթարեց վստահությունը Եվրոպայի ամենամեծ տնտեսության նկատմամբ:

Սակայն խնդիրները այսքանով չեն ավարտվում․ Գերմանիայի համար շարունակում է լուրջ հարց մնալ իր զինված ուժերի մարտունակությունը, որը մեծապես տուժել է տասնամյակների անբավարար ֆինանսավորման պատճառով, և հաջորդ կառավարությունը պետք է անդրադառնա նաև այս խնդրին:

XS
SM
MD
LG