Մատչելի հղումներ

Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է Մայա Սանդուն


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն տոնում է իր համախոհների հետ հաղթանակը, երբ հայտարարում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, Քիշնև, Մոլդովա, 2024 թվականի նոյեմբերի 3-ի
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն տոնում է իր համախոհների հետ հաղթանակը, երբ հայտարարում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, Քիշնև, Մոլդովա, 2024 թվականի նոյեմբերի 3-ի

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մայա Սանդուն, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր տվյալների համաձայն։

Արձանագրությունների 99,9%-ը մշակելուց հետո Սանդուն հավաքել է ձայների 55,4%-ը, նրա մրցակից Ալեքսանդրա Ստոյանոգլոն՝ 44,6%-ը։ Սա կլինի Սանդուի երկրորդ նախագահական ժամկետը։

«Մոլդովա, այսօր դու հաղթեցիր։ Միասին մենք ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության և արժանապատիվ ապագայի հանդեպ նվիրվածության ուժը», - գրել է Սանդուն X-ում՝ շնորհակալություն հայտնելով համաքաղաքացիներին «տանը և դրսում»:

Սանդուն հաղթեց արտասահմանյան ընտրատեղամասերի հաշվին. սփյուռքը զանգվածաբար քվեարկեց նրա օգտին։ Ներքին առումով Ստոյանոգլոն հաղթել է 51,2% արդյունքով։ Ձայների հաշվարկի մեկնարկից հետո նա բոլորին կոչ արեց «հանգստանալ՝ անկախ թվերից» և հույս հայտնեց, որ Մոլդովայում «այսուհետ կդադարեցվի պարտադրված ատելությունն ու պառակտումը»։

Սանդուն պաշտպանում է երկրի արևմտամետ ուղին և Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը: Ստոյանոգլոն վայելում է ընդդիմադիր սոցիալիստների ռուսամետ կուսակցության աջակցությունը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 54,3 տոկոս։

Քվեարկության օրը՝ նոյեմբերի 3-ին, Մոլդովայի իշխանությունները կրկին մեղադրել են Մոսկվային ընտրություններին միջամտելու մեջ։ Կրեմլը բազմիցս հերքել է նման մեղադրանքները։ Promo-LEX իրավապաշտպան առաքելության դիտորդները, որոնց բացահայտումները մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը, հայտնել են, որ քվեարկության օրն արձանագրվել է խախտումների ավելի քան 220 հաղորդում: Ոստիկանությունն այն ժամանակ արձանագրել է ավելի քան 190 խախտում։

Հոկտեմբերի 20-ին կայացած առաջին փուլում Սանդուն ստացել էր ձայների 42,5%-ը, Ստոյանոգլոն՝ գրեթե 26%-ը։ Միևնույն ժամանակ, նախընտրական հարցումները Ստոյանոգլոյի նկատմամբ ցածր աջակցություն են գրանցել՝ մոտավորապես 11%, իսկ հարցվածների մի զգալի մասը (մինչև 41%) պատասխանել է, որ չի գնացել ընտրությանը։

XS
SM
MD
LG