Բոլորին թվաց՝ Դոնալդ Թրամփի քաղաքական ուղու վերջն է։ Բայց երբ այդ վերջը եկավ, ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը պատրաստ չէր ընդունել իր պարտությունը:
«Եթե հաշվեն օրինական ձայները, հեշտությամբ հաղթում եմ։ Եթե հաշվեն անօրինական քվեները, կարող են փորձել մեզնից գողանալ ընտրությունները»,- ասում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը կոչ արեց կողմնակիցներին 2021 թվականի հունվարի 6-ին կանխել նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից։
«Մենք կռվում ենք դժոխքի պես: Եթե դժոխքի պես չես կռվում, այլևս երկիր չես ունենա»,- ասում էր Թրամփը։
Արդյունքում, տեղի ունեցավ այն, ինչը նախկինում աներևակայելի էր Ամերիկայում: Թրամփի անկարողությունը ընդունել պարտությունը՝ բնորոշ էր մի մարդու, ում համար խորթ է փոխհամաձայնությունը:
«Կարծում եմ՝ տեսնում եք մեկին, ով անհավատալի վստահություն ունի սեփական ինտուիցիայի նկատմամբ»,- ասում է The New York Times-ի լրագրող Ռաս Բյութները։
Ռաս Բյութները և Սյուզան Քրեյգը The New York Times-ի հետաքննող լրագրողներ են և «Հաջողակ անհաջողակը» գրքի համահեղինակներ, որոնք փորձել են պատմել Թրամփի պատմությունը, թե ինչպես դարձավ միլիարդատեր:
«Կարելի է ասել՝ 1980-ականների սկզբից սկսեց չվստահել մարդկանց, ովքեր գիտելիքներ ունեին տարբեր ոլորտներում: Մի՛շտ վերանայում էր նրանց որոշումները, որպեսզի, ի վերջո, ամեն ինչ դասավորվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,- նշում է Բյութները։
Թրամփին պատկանող շենքերի ճակատին նրա ազգանունն է՝ ոսկե մեծ տառերով, ինչն, անշուշտ, վկայում է փառասիրության մասին:
«Երբ սկսեց հանդես գալ հանրության առջև, կարողությունը մոտ 200 միլիոն դոլար էր․ մի հարցազրույց էր, որ տվել էր The New York Times-ին։ Եվ [Թրամփի] ունեցվածքն այլևս մեկ միլիրադ դոլար էր, երբ տասնամյակ անց հարցազրւոյց էր տալիս [CBS հեռուստաընկերության] 60 Minutes հաղորդմանը»,- ասում է Քրեյգը:
Թրամփը գերազանց էր՝ ուշադրություն գրավելու և իր համար բրենդ ստեղծելու գործում։ Միլիոններ է վաստակել՝ իր ազգանվան կիրառությունից, որը արտոնագրել է:
Բայց հաջողության հետևում անախորժություններ էին: Նրա ընկերությունները սնանկանալու նպատակով հայցեր են ներկայացրել վեց անգամ: Նրա խաղատները գումարներ էին կորցնում և փակվեցին:
Թրամփը վերսկսեց իր «Աշակերտը» հեռուստաշոուն:
«Տիկնայք և պարոնայք, պաշտոնապես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար, և մենք պատրաստվում ենք մեր երկիրը կրկին մեծ դարձնել»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփն առանց ձևականությունների իրավիճակը սուր ներկայացնող, ազգայնական թեկնածու էր:
«Երբ Մեքսիկան ուղարկում է իր մարդկանց, չի ուղարկում լավագույններին: Նրանք բերում են թմրանյութեր, բերում են հանցագործություն, գալիս են բռնարարներ։ Ոմանք, ենթադրում եմ, լավ մարդիկ են»,- ասում էր Դոնալդ Թրամփը:
Արդեն նախագահ Թրամփը նշանակեց ԱՄՆ Գերագույն դատարանի երեք դատավորների, որոնք օգնեցին չեղարկել աբորտները թույլատրող դաշնային օրենքը:
«ԱՄՆ-ում զոհերի թիվը գերազանցում է 150 հազարը»,- ասում է CNN-ի հաղորդավար Վոլֆ Բլիցերը:
2020 թվականի սկզբին բռնկված COVID-19 համաճարակը փորձություն էր Թրամփի համար։ Նա կարգադրեց արագացնել կյանքեր փրկող պատվաստանյութերի մշակումը, բայց նաև առաջարկեց գիտնականներին ուսումնասիրել, թե արդյոք, այսպես կոչված, սպիտակեցնող նյութի ներարկումը կարող է սպանել վիրուսը:
Ավելի քան 9 միլիոն ամերիկացիներ վարակվեցին, զոհվածների թիվը գերազանցեց 230 հազարը, և այդ տարվա նոյեմբերին ԱՄՆ քաղաքացիներն ընտրեցին Ջո Բայդենին:
Պաշտոնը թողնելուց հետո Թրամփին ներկայացվեցին բազմաթիվ քրեական մեղադրանքներ, և նա դարձավ ԱՄՆ առաջին նախկին նախագահը, որը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց, սակայն այդքանով հանդերձ նրա հանրահայտությունը, թերևս, երբեք այսքան բարձր չի եղել։
Այս տարի նրա դեմ տեղի ունեցած երկու մահափորձերը, ըստ ամենայնի, միայն ամրապնդեցին կապը նրա ու կողմնակիցների միջև:
«Աստված իր ծրագիրն ունի Թրամփի վերաբերյալ, և խնայեց նրա կյանքը՝ ինչ-որ նպատակով ու պատճառով։ Հուսանք՝ նա կլինի [ԱՄՆ] 47-րդ նախագահը»,- ասում է Թրամփի կողմնակից Փեմ Սմիթը:
ԱՄՆ քաղաքական ասպարեզում Դոնալդ Թրամփի հայտնվելուց հետո այն էապես փոխվեց, Միացյալ Նահանգների նախկին նախագահը, ով ժամանակին համահեղինակել է «Վերադարձի արվեստը» գիրքը, այժմ կարող է ամերիկյան պատմության մեծերից մեկը դառնալ: