ԱՄՆ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավելացնել օտաերկրյա ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը, եթե նոյեմբերին հաղթի նախագահական ընտրություններում:
Ծրագիրը հետևյալն է՝ 20% մաքսատուրք օտաերկրյա բոլոր ներմուծումների և 60%՝ չինական ծագմամբ ապրանքների նկատմամբ:
Վիսկոնսինի Մեդիսոն համալսարանի ներկայացուցիչ Մենզի Չինն ասում է. «Պարզապես հարկ է սահմանվում այն ամենի համար, ինչ գալիս է Միացյալ Նահանգներ: Այդպես է որոշվում խանութից գնված իրերի համար վճարվող հարկի չափը»։
Մաքսատուրքերը ժամանակին լայնորեն օգտագործվում էին տարբեր երկրների կողմից՝ ի նպաստ սեփական արդյունաբերության:
ԱՄՆ ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը պնդում էր, թե մաքսատուրքերը կարևոր են առնվազն կարճաժամկետ հեռանկարում՝ զարգացող արդյունաբերություններին աջակցելու համար, մինչև որ դրանք կկարողանան այն աստիճան հզորանալ, որ ունակ լինեն մրցել միջազգային շուկայում:
Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնականում զարգացած տնտեսություններում խուսափում էին բարձր մաքսատուրքերից՝ հօգուտ միջազգային ազատ առևտրի:
Վերջին տարիներին, սակայն, մեծ տեղաշարժեր են եղել:
Նախագահ Բայդենը, փաստորեն, շարունակեց չինական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի քաղաքականությունը:
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը կողմ է սահմանափակ և «ռազմավարական» մաքսատուրքերին, սակայն քննադատել է Թրամփի առաջարկը:
Ինչպե՞ս կարող են բարձր մաքսատուրքերն ազդել ամերիկացի սպառողների վրա
Երբ ներմուծողները բարձր մաքսատուրքերի պատճառով ավելի մեծ ծախսեր են անում, դրանք փոխհատուցելու երկու տարբերակ ունեն՝ կա՛մ ծախսերն վերցնում են իրենց վրա, կա՛մ «փոխանցում» մանրածախ առևտրականներին:
Տնտեսագետների մեծ մասը համաձայն է՝ վերջում սպառողն է վճարում բարձր գնի դիմաց:
Հարկային իրավունքի պրոֆեսոր Քիմբերլի Կլաուզինգի ներկայացմամբ՝ Միացյալ Նահանգներում բարձր մաքսատուրքերը մշտապես անդրադարձել են սպառողների դրամապանակներին:
Վաշինգտոնում գործող Պետերսոնի անվան միջազգային տնտեսագիտության ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ Թրամփի առաջարկած մաքսատուրքերը կարող են արժենալ տարեկան լրացուցիչ 2,600 դոլար միջին եկամուտ ունեցող ԱՄՆ տնային տնտեսությունների համար:
Ի՞նչ ազդեցություն կթողնեն բարձր մաքսատուրքերն ամերիկյան արտադրողների վրա
Օտարերկրյա արտադրանքն ավելի շատ կթանկա, քան տեղականը։
Օրինակ՝ օտաերկրյա պողպատի նկատմամբ 15% մաքսատուրքի սահմանումը կարող է ստիպել սպառողներին գնել ամերիկյան արտադրության պողպատով արտադրանք, ինչը կխթանի տեղական արդյունաբերությունն ու կստեղծի աշխատատեղեր: Բայց, ինչպես տնտեսագետներն են բացատրում, ամերիկյան պողպատ արտադրողները, որոնց համար ևս շահույթը կարևոր է, կարող են իրենց գները բարձրացնել 15%-ով։
Բացի այդ, ամերիկացի բազմաթիվ արտադրողներ ապավինում են ներմուծվող հումքին ու բաղադրիչներին, և լրացուցիչ ծախսերը կարող են հանգեցնել արտադրության ծախսերի ավելացմանը, ի վերջո՝ ապրանքի թանկացմանը։
Ինչպե՞ս կարող են բարձր մաքսատուրքերն ազդել ԱՄՆ միջազգային առևտրի վրա
Բարձր մաքսատուրքերից բխող բարձր գների պատճառով օտարերկրյա արտադրողների ապրանքները կարող են սակավ մրցունակ դառնալ ԱՄՆ շուկայում, ինչը կհանգեցնի օտար երկրների արտահանման կրճատմանը դեպի ԱՄՆ՝ վնասելով այդ պետությունների տնտեսություններին։
Եվ այդ երկրները կարող են պատասխանել՝ փոխադարձաբար բարձր մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների նկատմամբ:
Կլաուզինգի խոսքով՝ այդպես եղավ Չինաստանի պարագայում: Եվ, փաստորեն, Թրամփը ստիպված էր տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսել ԱՄՆ միջին արևմուտքի ֆերմերներին փրկելու համար, ինչի համար նա օգտագործեց մաքսատուրքերից ստացված եկամտի մեծ մասը։
Ի՞նչ ազդեցություն կթողնեն բարձ մաքսատուրքերն ԱՄՆ պետբյուջեի վրա
Տուրքերից ստացված եկամուտը, Թրամփի պնդմամբ, կարող է օգտագործվել հանրային ծառայությունների բարելավման ու պետական պարտքի կրճատման համար։ Բայց եթե բարձր գները հանգեցնեն սպառման նվազմանը, ակնկալվող պետական եկամուտը կարող է այնքան էլ բարձր չլինել, որքան սպասվում է:
Տնտեսագետները, ընդհանուր առմամբ, բարձր մաքսատուրքը համարում են տնտեսության ինքնահրկիզում՝ հաշվի առնելով հետագա՝ ալիքային բնույթ ունեցող բացասական հետևանքները:
Այս մարտին անցկացված YouGov-ի հարցման համաձայն՝ ամերիկացիները հեռու էին միակարծիք լինելուց այս հարցի շուրջ: