Պենտագոնի հայտարարության մեջ ասված է, որ Օսթինը «հանդես կգա ելույթով, որն անդրադարձ կկատարի Պուտինի սանձազերծած ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարին, ԱՄՆ հանձնառությանը՝ ապահովել Ուկրաինայի զինված ուժերը՝ մարտադաշտում իրենց անհրաժեշտ կարողությամբ, և թե ինչու է Ուկրաինայի պայքարը կարևոր ԱՄՆ անվտանգության համար»:
Օսթինի այցը հաջորդում է Վաշինգտոնի հայտարարությանը` Ուկրաինային 425 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին, ներառյալ՝ հակաօդային պաշտպանության միջոցներ, հրետանու համար նախատեսված զինամթերք:
Մինչ այդ՝ ռուսական անօդաչուների գրոհի հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում վիրավորվել է առնվազն մեկ մարդ՝ երկուշաբթի հայտնել են Կիևի իշխանությունները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ում իր ալիքում նշել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերի ոչնչացրած ռուսական անօդաչուների բեկորները վնասել են մի քանի բնակելի շենք:
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերհի Պոպկոն Telegram-ում գրել է, որ ռուսական կողմը գրոհել է մոտ մեկ տասնյակ անօդաչուներով, սակայն բոլորը ոչնչացվել են:
Ռուսական անօդաչուները թիրախավորել են նաև Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքը: Նահանգապետ Վիտալի Կիմը երկուշաբթի Telegram-ում հայտնել է, թե ուկրաինական հակաօդային պաշտպանությունը գիշերվա ընթացքում երեք անօդաչու է խոցել:
Իր հերթին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի տեղեկացրել է, որ անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 18 անօդաչուներ։
Անօդաչուներից 11-ը խփվել են Ռոստովի, 4-ը ոչնչացվել են Բրյանսկի, 2-ը Կուրսկի և 1-ը Օրյոլի նահանգներում:
Կուրսկի նահանգից փոխանցել են, թե ուկրաինական գրոհի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: