Միլուոկիի բնակիչ Ֆրենկ Սիմորելիի որդին՝ Քեմդենը, օրինական ճանապարհով երեք հրազեն էր ձեռք բերել՝ նախքան նույն այդ զենքերից մեկով վերջ տվեց իր կյանքին 2022 թվականի դեկտեմբերին: Ֆրենկը կողմ է հրազենի վաճառքի կանոնների խստացմանը:
«Հիվանդանոցում նրան վերաբերող փաստաթղթերի կույտ կա: Եվ երբ նա ատրճանակ գնեց, ոչ ոք չնայեց դրան։ Դրանք վկայում էին, որ նախորդ տասնամյակի ընթացքում նա բազմիցս մտադրություն է ունեցել ինքնասպանություն գործել»,- ասում է Ֆրենկ Սիմորելին:
ԱՄՆ-ում հրազենով ինքնասպանությունների թիվը 2023 թվականին հասավ ռեկորդային ցուցանիշի։ Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ անցած տարի Միացյալ Նահանգներում 27,300 մարդ ինքնասպան է եղել հրազենով։
Սիմորելին հույս ունի, որ դեմոկրատները կխստացնեն զենքի գնման ու պահպանման կարգը, ուստի հաջորդ ամիս պատրաստվում է քվեարկել նրանց օգտին:
Վիսկոնսինի բնակիչ և հրազենի կիրառման հրահանգիչ Էդդի Սիլասի խոսքով՝ անշուշտ, հասկանում է զենքին առնչվող կանոնների խստացման կողմնակիցներին, սակայն դեմ է նման մոտեցմանը։
«Հանցագործները, նույնիսկ ահաբեկիչները, թքած ունեն զենքի մասին օրենքների վրա, ուստի նման նախաձեռնությունները միայն սահմանափակելու են մեր՝ զենք ունեցողներիս իրավունքները»,- ասում է Սիլասը:
Զենքի մասին խստացված օրենքները կարող են կյանքեր փրկել՝ վստահ է Նիկ Մատուշևսկին:
«Պայքարելու ենք հանուն օրենքների խստացման, որպեսզի իրենց իսկ կամ ուրիշների համար վտանգավոր հանդիսացող անձինք հեռու մնան հրազենից»,- նշում է նա:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով, ի դեպ, նույնպես զենքի սեփականատեր է, խոստանում է, Սպիտակ տան ղեկավար ընտրվելու պարագայում, ընդունել, այսպես կոչված, կարմիր դրոշի մասին օրենքները:
«Կողմ եմ [ԱՄՆ սահմանադրության] երկրորդ լրացմանը և, կարծում եմ՝ պետք է վերականգնենք հարձակողական զենքի նկատմամբ կիրառվող արգելքը, անցկացնենք համընդհանուր ստուգումներ, ընդունենք զենքի պահպանության անվտանգությունը ամրապնդող օրենքներ և կարմիր դրոշի մասին օրենքներ»,- ասում է Հարիսը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հակառակը, խոստանում է, վերընըտրվելու դեպքում, թուլացնել զենքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ քննադատելով Հարիսին այս հարցում:
«Նա միշտ ասում էր՝ կառգրավենք բոլոր զենքերը։ Այժմ ասում է՝ ո՛չ, կարծում եմ, որ հրազենը հիանալի բան է: Նման բան չի կարող լինել: Նրանք պատրաստվում են առգրավել ձեր զենքերը»,- ասում է Թրամփը:
Իրականում, Քամալա Հարիսի մոտեցումն է, որ հարկ է գտնել զենքի նկատմամբ վերահսկողության ողջամիտ միջոցներ՝ ընդգծելով, թե «չի փորձում բոլորի զենքերը խլել»:
Հրաձգարանի համասեփականատեր Մարկ Ռեբհոլցը, դրական է գնահատում Հարիսի առաջարկած համընդհանուր ստուգումները, բայց չի կարծում, որ հարձակողական զենքերի, օրինակ՝ AR-15-ի արգելումը, կօգնի նվազեղնել հրազենի կիրառմամբ բռնությունների քանակը:
«Կարող եք ձեռքի հրազեն՝ 30 փամփուշտ պարունակող, 33 փամփուշտ պարունակող, 50 փամփուշտ պարունակող: Կան շատ այլ տարբերակներ, բացի AR-ից»,- ասում է Ռեբհոլցը:
Ռեբհոլցը, ով ասաց, թե նոյեմբերին պատրաստվում է քվեարկել Թրամփի օգտին, կարծում է, որ զենքի մասին արդեն իսկ գործող օրենքների կիրառումը լավագույն միջոցն են հրազենի օգտագործմամբ բռնությունների դեմն առնելու համար:
Նշենք նաև՝ Pew Research Center-ի և Gallup-ի անցած տարի անցկացրած սոցհարցումների համաձայն՝ ամերիկացի տաս չափահասներից վեցն ասել է, թե իր համար խնդիր չէ օրինական ճանապարհով զենք ձեռք բերելը։