Ֆլորիդայում պատրաստվում են «Միլթոն» փոթորկին, և ընդամենը երկու շաբաթ է անցել նախորդի՝ «Հելեն» փոթորկի մահաբեր հարվածից:
«Վախենում եմ։ Տարհանվում ենք։ Պետք է շատ հեռու հյուրանոցում մնանք»,- ասում է Ֆլորիդայի բնակիչ Անջելա Ռիվերան:
«Սարսափելի է: Իմ տեսած ամենասարսափելի փոթորիկն է»,- ասում է Ֆլորիդայի մեկ այլ բնակիչ Մեթյու Բետան:
Երեքշաբթի վտանգավորության 5-րդ կարգից 4-րդ իջեցված «Միլթոն» փոթորիկը չորեքշաբթի գիշերը կհարվածի ցամաքին, և այն ավելի ուժեղ է, քան «Հելենն» էր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է իր նախատեսված այցերը Գերմանիա և Անգոլա, որպեսզի կարողանա վերահսկել պետական մարմինների աշխատանքը վերահաս աղետի ժամանակ:
«Ֆլորիդայի նահանգապետը համագործակցում է մեզ հետ: Նա ասաց, որ ստացել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Երեկ նորից խոսեցի նրա հետ և ասացի, որ հիանալի գործ է անում, և որ շնորհակալ ենք նրան դրա համար»,- հայտարարել է նախագահ Բայդենը:
ԱՄՆ ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել իրականությունից հեռու հայտարարություններով, թե ԱՄՆ դաշնային կառավարությունը քիչ բան է անում փոթորիկից տուժածներին օգնելու համար:
Դիտորդների խոսքով՝ հանրապետական թեկնածուն ձգտում է քաղաքական օգուտ քաղել ստեղծված իրավիճչակից՝ քննադատելով իր մրցակցին՝ ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսին:
«Նրանք հարյուր միլիարդավոր դոլարներ են ուղարկում: Նրանք հարյուր միլիարդավոր դոլարներ են ուղարկում օտար երկրներ։ Իսկ գիտե՞ք՝ ի՞նչ են տալիս մեր ժողովրդին 750 դոլար»,- ասել է Թրամփը:
Հարիսն արձագանքել է՝ մեղադրելով Թրամփին «ապատեղեկատվություն տարածելու» մեջ։
«[Նման խոսքերը] չափազանց անպատասխանատու են: Խոսքը նրա մասին է, ձեր մասին չէ: Իսկ իրականությունն այն է, որ Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը բավականաչափ միջոցներ ունի, որոնք հասանելի են այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է Հարիսը:
Մինչ քաղաքական գործիչները միմյանց քննադատում էին, ծովափնյա համայնքներում բնակվող ֆլորիդացիների ուշադրության կենտրոնում իրենց նահանգապետ Ռոն ԴեՍանտիսն էր, որի հրահանգով մարդիկ տարհանվում են՝ նոր փոթորկին ընդառաջ:
«Մինչ փոթորկի սկսվելը այստեղ ներկա կգտնվեն Ազգային գվարդիայի 8 հազար անդամներ: Արդեն ունենք որոնողափրկարարական 34 ինքնաթիռ։ Երբեք այսքան ռեսուրսներ չենք ունեցել՝ մինչ փոթորիկը»,- հայտարարել է ԴեՍանտիսը:
Չնայած սկզբանական շրջանում Վաշինգտոնի հետ առկա լարվածությանը, հանրապետական ԴեՍանտիսն նշել է, որ Բայդենի վարչակազմից ստացել է անհրաժեշտ ողջ աջակցությունը:
Ինչևէ, երեքշաբթի անձրևներն ու հզոր քամիները արդեն հարվածել էին Մեքսիկայի Յուկատան թերակղզուն, իսկ «Միլթոնը» շարժվում է դեպի արևելք՝ Ֆլորիդա: