Մատչելի հղումներ

Միգրացիային վերաբերող հարցը հայտնվել է Գերմանիայի ներքաղաքական պայքարի կենտրոնում


Գերմանիան ընդլայնել է սահմանային հսկողությունը իր ցամաքային անցակետերում
Գերմանիան ընդլայնել է սահմանային հսկողությունը իր ցամաքային անցակետերում

Գերմանիան ընդլայնել է սահմանային հսկողությունը իր ցամաքային անցակետերում՝ ենթադրաբար ներգաղթյալների կողմից վերջերս իրականացված արյունալի երկու հարձակումներից հետո: Իշխանությունները նման քայլի են գնացել Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժերի՝ տեղական ընտրություններում գրանցած հաղթանակի ֆոնին

Երկուշաբթիից սկսվել են սահմանային ստուգումները Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների հետ Գերմանիայի ցամաքային անցակետերում: Գերմանացի պաշտոնյաներն ասում են, որ փորձում են կասեցնել անօրինական միգրանտների մուտքը՝ այս տարի երկրում տեղի ունեցած երկու մահացու հարձակումներից հետո, որոնք, ըստ ոստիկանության, կատարել են միգրանտները:

Դիտորդները Բեռլինի նման քայլը դիտարկում են որպես երկրի կառավարության պատասխանը հասարակական աճող ճնշմանը:

«Մի քանի տարի է, ինչ միգրացիան թեժ թեմա է [Գերմանիայում], և այն պատճառով, որ շատ համայնքներ... կարծում են, որ [մայրաքաղաք] Բեռլինը պետք է որդեգրի այլ մոտեցում, երբ խոսքը վերաբերում է միգրանտներին»,- ասում է German Marshall Fund-ի վերլուծաբան Մարկուս Զիները:

Գերմանիայի իշխանությունները խստացնում են միգրացիոն քաղաքականությունը՝ հասարակական ճնշման ներքո
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Գերմանիան դեռ անցած տարի խստացրել էր հսկողությունը Ավստրիայի, Չեխիայի, Լեհաստանի և Շվեյցարիայի հետ սահմաններին, և կառավարության նոր նախաձեռնությունը, փաստորեն, գերմանական հասարակությունում տիրող տրամադարությունների արձագանքն է։ Ծայրահեղ աջ AfD կուսակցությունը վերջին ընտրություններում հաղթանակ գրանցեց Գերմանիայի երկու նահանգներում։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները անօրինական ներգաղթը կապում են երկրում հանցագործության աճի հետ։ Իշխանությունները վիճարկում են այդ թեզը:

«Դանակահարողների մեծ մասը պարզապես օտարերկրացիներ են այնպիսի երկրներից, ինչպիսիք են Աֆղանստանն ու Սիրիան: Նրանք հիմնականում ապաստանի կարգավիճակ են ստացել կամ անօրինական կերպով են գտնվում այստեղ և պետք է արտաքսվեին»,- ասում է AfD կուսակցության պատգամավոր Նորբերտ Քլայնվախթերը:

Գերմանական ոստիկանությունը փոխանցել է «Ամերիկայի ձայնին», որ չունի ապացույցներ, թե դանակահարումները տեղի են ունեցել ազգային ատելության հողի վրա:

Սակայն հանցագործությունն երկրում աճել է: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալների գրեթե կեսը՝ 41%-ը օտարերկրացիներ են, իսկ բռնությամբ զուգորդված հանցագործությունների թիվը 2023 թվականին աճել է ավելի քան 8%-ով՝ հասնելով նախորդ 15 տարիների ամենից բարձր մակարդակին:

Չափավոր քաղաքական գործիչներն ընդունում են խնդրի առկայությունը, բայց նաև մեղադրում են AfD-ին՝ ներգաղթյալների խնդիրը միտումնավոր քաղաքականացնելու համար:

«Կարծում եմ՝ Գերմանիայում պակասում են դրական պատմությունները մեր հասարակության մասին: Ինչպե՞ս կարող ենք առաջ գնալ որպես հասարակություն։ Ինչպե՞ս կարող ենք համայնքի մասին նոր պատկերացումներ ձեռք բերել: Կարծում եմ՝ միգրացիան դրա մի մասն է, բայց այս պահին այդպես չէ: Միգրացիային առնչվող վախի վրա հիմնված այս ողջ բանավեճը փոխարինում է քննարկմանը, թե ով ենք մենք և ինչպես ենք միասին ապրելու»,- ասում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Մատիաս Էքեն։

Ինչևէ, դիտորդները սպասում են, որ սեպտեմբերի 22-ին Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգում կայանալիք ընտրությունները կարտացոլեն մարդկանց տրամադրությունները՝ հաջորդ տարի նախատեսված համընդհանուր ընտրություններից առաջ: Բրանդեբուրգյան ընտրությունները կարող են նշանակություն ունենալ, թե ինչ քաղաքականություն կորդեգրի Գերմանիան միգրացիայի հարցում:

XS
SM
MD
LG