ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքը, կարծես, ասիական տարբեր մշակույթների խառանարան լինի։ Անգամ առաջարկվող սննդամթերքից կարելի է նման դատողություն անել․ կգտնես ասիական տարբեր խոհանոցների կերակրատեսակներ։
Հյուսթոնից ոչ հեռու գտնվող Ֆորտ Բենդ շրջանի բնակչության ավելի քան 21%-ը ասիական ծագում ունի։
«[ԱՄՆ ներքաղաքական պայքարի] կողմերից որևէ մեկը չի կարող իրեն թույլ տալ անտեսել ասիական համայնքը»,- ասում է ասիական ծագմամբ ամերիկացի, ներգաղթյալ Ջեյ Ջեյ Քլեմենսը:
Ըստ մարդահամարի տվյալների՝ ասիական ծագմամբ ամերիկացիները ԱՄՆ-ում ամենից արագ աճող էթնիկ խմբերից են: Այս խմբում ընտրելու իրավունք ունեցողների թիվը ռեկորդային աճ է գրանցել նախորդ երկու նախագահական ընտրությունների ընթացքում:
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի թիմը վերջերս նախընտրական երկու գովազդ է թողարկել՝ հասցեագրված ասիական ծագմամբ ամերիկացիներին:
Հայտնի է, որ այս էթիկ խմբին պատկանող ամերիկացի ընտրողների մեծամասնությունը հակված է դեմոկրատների կողմը։ Պատճառը, թերևս, այն է, որ այդ ամերիկացիների կեսից ավելին ներգաղթյալներ են:
«Կարծում եմ՝ Թրամփի քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում փոքրամասնություններին»,- ասում է կորեական ծագմամբ ամերիկուհի Բեքի Քիմը:
«Նրա օրինագծերից շատերը ոչ միայն ուղղված էին Մեքսիկայից կամ Հարավային Ամերիկայից ապօրինի ներգաղթյալների դեմ, այլև սահմանափակում էին օրինական ներգաղթը»,- ասում է Հյուսթոնի համալսարանի ավագ գիտաշխատող Ռիչարդ Մյուրեյը:
Այնուամենայնիվ, 2024 թվականին ասիական ծագմամբ ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 22%-ը հակված է իր ձայնը տալ հանրապետականներին:
«Ասիական ծագմամբ ամերիկացիները ցանկանում են, որ կառավարությունը քիչ խառնվի գործերին՝ ավելի շատ ազատություն և սակավ հարկեր»,- ասում է չինական ծագմամբ ամերիկացի Դենիել Վոնգը:
Հարցումը նաև ցույց է տվել, որ ասիական ծագմամբ ամերիկացի ընտրողների 31%-ը իրեն չի համարում դեմոկրատներին կամ հանրապետկաններին հարող:
Հաջորդ ուշագրավ թիվն այն է, որ հարցվածների 42%-ի ներկայացմամբ՝ թեկնածուները կամ նրանց նախընտրական թիմերը «իրենց հետ չեն կապվել»:
Դենիել Վոնգը, ով աշխատել է տեղամասային ընտրական հանձնաժողովում, ասում է, թե ասիական ծագմամբ ամերիկացի ընտրողները աչքի չեն ընկնում իրենց պատասխանատվությամբ:
«Մենք կազմակերպված չենք։ Չենք հասկանում ամերիկյան քաղաքական համակարգը. Ահա, թե ինչու՝ չգիտենք, թե ինչպես կարող ենք միավորել մարդկանց ընդհանուր նպատակի շուրջ, որը նույնիսկ չունենք»,- ասում է Վոնգը:
Քվեարկելու իրավունք ունեցող 15 միլիոն ասիական ծագմամբ ամերիկացիների արմատները տարբեր երկրներից, ուստի նրանց միավորելը դժվար է:
Այս էթնիկ խմբի ամերիկացիները նաև զգուշավոր են նվիրատվություններ կատարելու հարցում, ինչին Վոնգն անձամբ բախվել է՝ քաղաքային խորհրդի համար առաջադրվելիս:
«Ասիական ծագմամբ ամերիկացիները սովոր չեն քաղաքականության համար նվիրատվություններ անել։ Չեն հասկանում, թե ինչպես է այն աշխատում»,- հավելում է նա:
Քլեմենսը նույնպես առաջադրվել էր տեղական պաշտոնի համար:
«Ասիական ծագմամբ ամերիկացիների հանրությունը, չեմ կարծում, թե նման է քրիստոնյա ամերիկացիներին: [Քրիստոնյաները] սովորություն ունեն դրամ տալ [քաղաքական ուժերին]: Պետք է կրթել նրանց՝ [ասիական ծագմամբ ամերիկացիներին], և պետք է արդյունքի հասնել»,- ասում է նա:
ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ասիական ծագմամբ ամերիկացիների մոտ 60%-ը։ Քաղաքական ակտիվիստներն ասում են, որ այդ էթնիկ խմբի նոր ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատելը, նրանց կրթելը՝ քաղաքական գործընթացի վերաբերյալ, կոգեշնչի ասիական ծագմամբ ամերիկացիների ավելի ակտիվ դերակատարում ունենալ ԱՄՆ քաղաքական կյանքում։