2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարի նկատմամբ իրականացված դիվերսիաները բազմաթիվ ուկրաինացիների մոտ հույսեր առաջացրեցին, որ հարձակումը լուրջ խոչընդոտ կհանդիսանա Կրեմլի ռազմական նպատակների իրականացման համար։
Գազատարները Բալթիկ ծովի հատակով կապույտ վառելիքը Ռուսաստանից տեղափոխում են Արևմտյան Եվրոպա։ Պայթյունների համար տակավին ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել և չի կրել։
Եվհենյան Կիևի բնակիչ է։ Ասում է, որ հարձակումները ստիպեցին Եվրոպային գտնել էներգիայի այլ աղբյուրներ՝ Ռուսաստանից դուրս։
«Գուցե, մեզ համար լավագույն տարբերակն էր, որովհետև այն ստիպեց մեր գործընկերներին գազամատակարարման հարցում Ռուսաստանից անկախանալ»,- ասում է նա։
Այս ամսվա սկզբին Լեհաստանի իրավապահ մարմինները հաստատեցին, որ Գերմանիան ձերբակալության օրդեր է արձակել Լեհաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ՝ կապված «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետ՝ հավելելով, սակայն, թե կասկածյալը՝ Վոլոդիմիր Զ․ անունով ջրասուզակը, արդեն լքել է Լեհաստանը։
Նույն ամսվա ընթացքում The Wall Street Journal-ը հայտնեց, որ հարձակման հետևում կանգնած է Ուկրաինան, ինչը Կիևը բազմիցս հերքել է։
Կիևի մեկ այլ բնակիչ՝ Սերհին մտահոգություն հայտնեց, որ նման պնդումները կարող են բացասաբար ազդել արևմտյան երկրների հետ Ուկրաինայի հարաբերությունների վրա։
«Իհարկե, անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ կառուցել գործընկերների հետ՝ հաշվի առնելով, որ հիմա բավականաչափ կախում ունենք նրանցից։ Ուստի՝ չէի շտապի եզրակացություններ անել՝ ելնելով այն սահմանափակ տեղեկություններից, որոնք հասանելի են»,- ասում է նա։
Կիևում բնակվող միջազգային էներգետիկ և անվտանգության հարցերով վերլուծաբան Միխայլո Հոնչարը չի կարծում, թե նման հրապարակումները կարող են լրջորեն ազդել Արևմուտքի հետ Ուկրաինայի հարաբերությունների վրա։
«Անկասկած, բարդացնում է հարաբերությունները, բայց Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը չի դադարել, և դա որոշիչ գործոն չէ»,- նշում է Հոնչարը։
Վերլուծաբանի խոսքով՝ բազմաթիվ ուկրաինացիներ կասկածի տակ են առնում Կիևի հասցեին հնչող մեղադրանքները։
«Թերահավատ են, քանի որ նման բարդ, հատուկ գործողություն չի կարող իրականացվել սիրողական մակարդակի ջրասուզակների կողմից»,- ասում է Հոնչարը։
«Այս թեման արծարծվում է՝ [Կիևի համար նախատեսված] ֆինանսավորումը, դրսից եկող աջակցությունը արգելափակելու և Ուկրաինան ապակայունացնելու համար ու ստիպելու [ուկրաինացիներին] փոխզիջման գնալ [Մոսկվայի հետ]»,- նշում է Կիևի բնակիչ Նատալյան։
«Սա զրպարտություն է Ուկրաինայի հասցեին։ Ինչպես միշտ՝ արվում է հնարավորը մեր ռազմական ու քաղաքական ղեկավարությանը վարկաբեկելու համար»,- շարունակում է Սերհին։
Հայտնի է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց են մեղադրում գազատարների դեմ հարձակման համար։
Այն բանից հետո, երբ Գերմանիայի իրավապահ մարմիններն Ուկրաինայի քաղաքացու ձերբակալման օրդեր իջեցրեցին, գերմանական կառավարության խոսնակը հայատարարեց, որ հետաքննությունը չի ազդի Կիևին ցուցաբերվող Բեռլինի աջակցության վրա, և այն չի կարող չեղարկել «փաստը, որ Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ»։