Մատչելի հղումներ

Դեմոկրատների համերկրային համագումարում Բայդենն իր աջակցությունն է հայտնել Հարիսին


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի երեկոյան ելույթ է ունեցել դեմոկրատների համերկրային համագումարին: Սպիտակ տան ղեկավարի խոսքի առանցքային մասը վերաբերում էր իր թողած ժառանգությանը և նպատակին՝ «քաղաքական պայքարի ջահը» փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին:

Նախագահ Ջո Բայդենը, որին ներկայացրեց դուստրը՝ Էշլին, արժանացավ ջերմ ընդունելության:

Չիկագոյում մեկնարկած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համերկրային համագումարում նա կատարեց իր խոստումը և «քաղաքական պայքարի ջահը» փոխանցեց Քամալա Հարիսին։

«Պատրա՞ստ եք ընտրել Քամալա Հարիսին և Թիմ Ուոլցին»,- հայտարարել է Բայդենը՝ իր հաստատակամ աջակցությունը հայտնելով Հարիսին:
«Նա կլինի նախագահ, որին մեր երեխաները կարող են նայել: Նա կլինի աշխարհի առաջնորդների կողմից հարգված նախագահ, քանի որ նա արդեն իսկ այդպիսին է: Նա կլինի նախագահ, որով մենք բոլորս կարող ենք հպարտանալ, և նա կլինի պատմական նախագահ, ով իր կնիքը կդնի Ամերիկայի ապագայի վրա»,- ասել է Բայդենը:

Նախորդ ամիսներին կայացած դեմոկրատների փրայմերիզների ժամանակ անառարկելի առաջատարը Բայդենն էր, և նախատեսված էր, որ նույն վայրում, սակայն մեկ ամիս առաջ Դեմոկրատական կուսակցության մոտ 4 հազար պատվիրակներ պետք է առաջադրեին նրա թեկնածությունը Սպիտակ տան համար պայքարում, սակայն այս երկուշաբթի Ջո Բայդենը հայտարարեց՝ աջակցում է Հարիսի թեկնածությանը:

«Քովիդն այլևս չի կարողանա վերահսկել մեր կյանքը։ Տնտեսական ճգնաժամից դուրս ենք եկել որպես աշխարհի ամենաուժեղ տնտեսությունն ունեցող երկիր: Ռեկորդային՝ 60 միլիոն նոր աշխատատեղ է ստեղծվել։ Փոքր բիզնեսի ռեկորդային աճ ունենք։ [ԱՄՆ] ֆոնդային բորսայում ռեկորդային բարձր թվեր են։ Աշխատավարձերը բարձրացել են, գնաճը նվազել է և շարունակել իջնել»,- ասել է Բայդենը:

Հայտնի է, որ նախագահական ընտրապայքարը թողնելու Բայդենի որոշման սկիզբը ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճն էր։ 81-ամյա Բայդենը, մեղմ ասած, չտպավորեց ամերիկացիներին, և մարդիկ սկսեցին կասկածի տակ առնել անգամ նրա մտավոր կարողությունները:

Հաջորդիվ՝ Թրամփի դեմ մահափորձն էր, որը համախմբեց հանրապետականներին և բարձրացրեց նրանց թեկնածուի վարկանիշը:

Այդուհանդերձ՝ շաբաթներ շարունակ Բայդենը պնդում էր, որ չի թողնի ընտրապայքարը։ Նույն դիրքորոշմանն էր անգամ այն ժամանակ, երբ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները նրան խնդրեցին հետ կանգնել:

«Ջո Բայդենը մեկ ժամկետով ընտրված նախագահ է, որին Դեմոկրատական կուսակցության առաջնորդները ստիպեցին հրաժարվել ընտրապայքարից: Չնայած նա առաջադրվեց փրայմերիզների ժամանակ, այժմ նրան խնդրում են աջակցություն հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին»,- ասում է Վանդերբիլտի համալսարանի ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահների պատմության մասնագետ Թոմաս Շվարցը:

Ինչևէ, անգամ եթե Բայդենը համաձայն չէ կուսակիցների դիրքորոշման հետ, այդ հնարավոր անհամաձայնությունը ընդհանրապես տեսանելի չէ, և Սպիտակ տան ղեկավարը իր հաստատակամ աջակցությունն է հայտնում Քամալա Հարիսին:

«Գեղեցիկ ելույթ էր։ Հիանալի ելույթ էր։ Տարիների գործունեության գագաթնակետն էր»,- ասում է Ջորջիայից ընտրված դեմոկրատ պատվիրակ Ջուլի Լոքը:

«Նրա թողած ժառանգությունը ամուր է և դրական։ Այս երեկո նա ամերիկյան հանրությանն ասաց, թե ինչու է սիրում նրանց և ինչ է անում [նրանց համար]: 50 տարի ծառայել է մեր ազգին։ Անհավանական ռեկորդ է»,- ասում է Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ պատվիրակ Ջիմ Կոստան:

Կարծես՝ Թրամփը չի կորցրել հույսը պառակտում սերմանել դեմոկրատների մեջ:

«Նրան՝ [Ջո Բայդենին] դուրս մղեցին։ Հեղաշրջում էր։ Մեր երկրի պատմության մեջ առաջին հեղաշրջումն էր»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը:

Իր հերթին՝ Բայդենն անդադարձել է Թրամփին առնչվող քրեական գործերին։

«Եվ հանցանքը կզիջի իր դիրքերը, երբ դատապարտված հանցագործի փոխարեն դատախազ ընտրենք Օվալաձեւ գրասենյակի համար»,- նշել է Բայդենը:

ԱՄՆ նախագահն ավարտել է իր ելույթը՝ գրկախառնվելով Քամալա Հարիսի հետ և դեմոկրատների աչքում հանդես գալով որպես փորձառու առաջնորդ, որը կկարողանա երկիրը վերստին փրկել Թրամփից՝ այս անգամ փոխանցելով ջահը ավելի երիտասարդ գործիչների։

«Ջո, շնորհակալություն ձեր պատմական առաջնորդության, ողջ կյանքի ընթացքում մեր երկրին ծառայելու և այն ամենի համար, ինչ կշարունակեք անել: Հավերժ երախտապարտ ենք ձեզ»,- հայտարարել է Քամալա Հարիսը:

XS
SM
MD
LG