Օրինակ, շատերի ուշադրությունը գրավեց այն, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հուլիսի վերջին ներկա էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Ինչպես հայտնի է, արարողությանը ներկաների թվում էր նաև «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեն, ով սպանվեց երդմնակալության հաջորդ օրը՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում։
Հիշեցնենք՝ Փեզեշքիանը ընտրվեց իսլամական հանրապետության նախագահ այն բանից հետո, երբ այս մայիսին ուղղաթիռի վթարից զոհվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Մոհամադ Մոխբերը նշանակվեց Իրանի նախագահի պաշտոնակատար։ Հուլիսին Մասուդ Փեզեշիքիանն ընտրվեց Իրանի նոր նախագահ՝ հաստատվելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից:
Վաշինգտոնում գործող Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (FDD) հետազոտող Ջանաթան Սայեհի խոսքով՝ անշուշտ, Կոբախիձեի նպատակն է պահպանել կապերը տարածաշրջանին հարևան Իրանի հետ, սակայն Թբլիսիսում պետք է հաշվի առնեն, թե ում հետ են ասոցացվում:
«Որքանո՞վ է նպատակահարմար Վրաստանի կառավարության ղեկավարի համար մասնակցել այնպիսի միջոցառմանը, ուր ներկա են ահաբեկչական կազմակերպությունների՝ «Պաղեստինի իսլամական ջիհադի», «Համասի» կամ «Հեզբոլլահի» ներկայացուցիչները»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշում է Սայեհը։
Ինչևէ, Իրակլի Կոբախիձեի այցերը Թեհրան (Վրաստանի վարչապետը նաև այցելել էր Ռայիսիի հուղարկավորությանը) վկայում են, որ Իրանի հավակնություններն այլևս չեն սահմանափակվում Մերձավոր Արևելքով, կամ Թեհրանին սահմանակից երկրներով, և այս առումով Հարավային Կովկասի նկատմամբ Իրանի հետաքրքրության աճը ցույց է տալիս Թուրքիայի և Իսրայելի հետ առկա մրցակցություններում բարենպաստ դիրքեր գրավելու Թեհրանի ձգտումը:
«Իրանը ուժեղացնում է իր ներկայությունն ու ազդեցությունը Կովկասում։ Փորձում է հավասարակշռված հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասում է Սայեհը:
Տարածաշրջանի բարդ պատմությունը
Դարեր ի վեր Հարավային Կովկասը մարտադաշտ էր Օսմանյան, Պարսկական ու Ռուսական կայսրությունների միջև, և այսօր էլ այն շարունակում է հանդիսանալ շահերի բախման գոտի:
«Հայաստանն ու Ադրբեջանը նույն բանն են անում՝ տարբեր ձևերով։ [Այդ երկրները] փորձում են կառավարել հարաբերությունները Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ», - ասում է Վաշինգտոնում գործող Բրուքինգզ ինստիտուտի Միացյալ Նահանգների և Եվրոպայի կենտրոնի հրավիրյալ հետազոտող Ասլի Այդընթաշբաշը։
Նման բարդ իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունենում նաև Իրանի ու Իսրայելի միջև առկա հակամարտությունը: Օրինակ՝ տարիներ շարունակ Իսրայելը եղել է Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարող առաջատար երկրներից մեկը։ Փոխարենը՝ Ադրբեջանն ապահովում է հրեական պետության նավթի կարիքների մոտ 40%-ը։
Մյուս կողմից, ըստ Ջանաթան Սայեհի, Ադրբեջանի իսլամական շրջանակների հետ ձևավորված կապերի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին պատերազմի ժամանակ Հայաստանին աջակցելու միջոցով, Իրանը «ուղղակի վտանգ էր ներկայացնում Ադրբեջանին»:
«Ադրբեջանը գտնվում է ծանր իրավիճակում, և իրադրության սրման դեպքում, կարծում եմ, նրան ձեռնտու է հեռու մնալ Իրանի և Իսրայելի միջև առճակատումից»,- ասում է Սայեհը:
Բաքվի և Թեհրանի հարաբերությունների վրա բացասական ազդեցություն է թողնում Իրանում առկա ադրբեջանական բազմամիլիոն փոքրամասնությունը: Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին բազմիցս են հնչել մեղադրանքներ, թե այդ երկրները փորձում են օգտագործել Իրանի ադրբեջանական համայնքը հանուն իրենց շահերի։
«[Այդուհանդերձ,] Իրանն ի վիճակի է վերահսկել իր հասարակությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- ընդգծում է Սայեհը:
Այս ֆոնին՝ Հայաստանը, ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր լարված հարաբերություններից, ձգտում է ամրապնդել կապերը Իրանի հետ: Հայաստանի կողմից Պաղեստինի պաշտոնական ճանաչումը նույնպես դիտվում է Թեհրանին մերձենալու լույսի ներքո:
«Հայաստանը վատ հարաբերություններ ունի տարածաշրջանի տերությունների հետ, բացառությամբ՝ Իրանի։ Կարծում եմ՝ նրանք չեն ցանկանում [Իրանի հետ լավ հարաբերություններ հաստատելու գործում] առավելությունը զիջել Ադրբեջանին»,- ասում է Ասլի Այդընթաշբաշը։
Այդ թվում Թեհրանի հետ հարաբերությունները խորացնելու Երևանի ցանկության հիմքում նախևառաջ Ռուսաստանի քաղաքականությունն էր։ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Մոսկվան պարզապես չկատարեց դաշնակցային իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։
«Լեռնային Ղարաբաղի պատերազմը ճանապարհ բացեց Իրանի համար, [Թեհրանը] ընդլայնեց Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, ինչն էլ հնարավորություն տվեց Իրանին ավելի ակտիվ մուտք գործել Հարավային Կովկաս»,- ասում է Սայեհը։
Մեր զրուցակիցը նաև հիշատակեց Երևանի ջանքերը՝ խորացնել կապերը Արևմուտքի հետ:
«Հայաստանը փորձում է ռազմական համագործակցություն սկսել Արևմուտքի հետ»,- ընդգծում է Սայեհը:
Վրաստանի պարագան անորոշ է
Կարճ ժամանակ առաջ էր, երբ Վրաստանն էր համարվում Հարավային Կովկասի ամենաարևմտամետ երկիրը։ Այժմ Թբիլիսիի կարգավիճակն անորոշ է:
«Արևմուտքում չգիտեն, թե ինչ ուղղությամբ է գնալու վրացական քաղաքականությունը, և մինչև [այս հոկտեմբերին] Վրաստանում [կայանալիք խորհրդարանական] ընտրություններ հարկ է զգույշ լինել՝ հուսալով, որ վրացական հանրության ընտրած ուղղությունը արևմտամետ կլինի»,- ասում է Այդընթաշբաշը:
Գաղտնիք չէ, որ Իրանի ռազմավարական նպատակն է նվազեցնել Միացյալ Նահանգների ազդեցությունը Հարավային Կովկասում, և ընթացիկ զարգացումների ներքո, ըստ Ջանաթան Սայեհի, Թեհրանը հնարավորություններ է տեսնում ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ նաև Արևմուտքին հակազդելու համար:
«Եթե նրանք կարողանան որևէ երկիր դուրս բերել արևմտյան ուղեծրից, այն կդիտվի որպես իրանական կողմի հաղթանակ»,- նշում է Սայեհը:
Ինչևէ, դիտորդները միակարծիք են՝ Ուկրաինայում և Գազայում շարունակվող հակամարտությունները խորապես կազդեն Հարավային Կովկասում ուժերի փոխդասավորվածության և տերությունների միջև տարածաշրջանում ընթացող «մեծ խաղի» վրա՝ ձևավորելով Հարավային Կովկասի ապագան: