1999 թվականի օգոստոսի 9-ին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Պուտինին նշանակեց Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար՝ Սերգեյ Ստեպաշինի փոխարեն։ Նույն օրը իր հեռուստաուղերձում Ելցինը Պուտինին անվանեց իր իրավահաջորդը՝ որպես պետության ղեկավար։
Մեկ շաբաթ անց Ռուսաստանի երկրորդ գումարման Պետական դումայի պատգամավորները ձայների 51,5% առավելությամբ Պուտինին հաստատեցին նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում։ Ուշագրավ է, որ «ընդդիմադիրների» մեծ մասը Ռուսաստանի Կոմկուսի խմբակցությունից էր, և ընդդիմադիր քվեարկողների ընդհանուր թվի 24,6%-ը եղել է «կողմ», իսկ «դեմ»՝ 40%-ը։ Ընդ որում, Դումայի կոմունիստների գրեթե մեկ երրորդը (32,3%) ընդհանրապես չի օգտվել երկրորդ անձի օգտին քվեարկելու իր իրավունքից։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները 100%-ով «կողմ» քվեարկեցին Պուտինին, իսկ «Յաբլոկո»-ի անդամները տվեցին 18 ձայն «կողմ» (այն ժամանակվա կազմի 40%-ը), 8 «դեմ» (համապատասխանաբար՝ 17,6%), մնացած 19 պատգամավորները կա՛մ չեն քվեարկել, կա՛մ «ձեռնպահ» են մնացել։
Տասը տարի առաջ «Ամերիկայի ձայնը» հրապարակեց «Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի «ապակե հարսանիքը»» վերնագրված նյութը։ Եզրափակիչ հատվածում Բորիս Նեմցովի խոսքերն էին Ռուսաստանի քաղաքական ապագայի մասին, եթե իշխանության ղեկին շարունակի մնալ Պուտինը. «Ռուսաստանի համար դրանք կլինեն մռայլ տարիներ՝ դեգրադացիայի և փլուզման տարիներ։ Դրանք կլինեն բռնաճնշումների տարիներ, երբ ազնիվ ու նորմալ մարդիկ իրենց կզգան այն մարդու պես, որը 1936 թվականի Բեռլինի օլիմպիական խաղերում չբարձրացրեց ձեռքը նացիստական ողջույնի ժամանակ»։
«Ամերիկայի ձայնը» փորձել է պարզել, թե ինչպես են փորձագետները գնահատում Ռուսաստանի քաղաքական զարգացումը նախորդ 10 տարիներին։
«Ռուսաստանին այլևս ոչ մի բուժում չի օգնի»
Լրագրող, սոցիոլոգ Իգոր Յակովենկոն, գնահատելով Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումը, ասել է. «Երկրի դեգրադացիան հաջողությամբ ավարտվել է։ Ձմեռը երկար է լինելու, իսկ բուժումը՝ շատ դժվար»։
Գնահատելով անցած ժամանակաշրջանը՝ նշում է. «Կարծում եմ՝ «Ռուսաստանին այլևս ոչ մի բուժում չի օգնի։ Որևէ հնար չկա դուրս գալ այն փակուղուց, որի մեջ երկիրը ներքաշեցինք սկզբում բոլորս, հետո՝ արդեն ավարտին հասցրեց անձամբ Պուտինը։ Անգամ նորմալ ապագա Ռուսաստանի համար չի նշմարվում»։
Յակովենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը ունի հետագա գոյության երկու տարբերակ. կամ ծանր ռազմական պարտության և ինչ-որ ցնցումների արդյունքում տեղի կունենա Ռուսաստանի փլուզում, ինչը կլինի վատ, բայց միևնույն ժամանակ ապաքինման գոնե ինչ-որ հույս ներշնչող տարբերակ։
Կամ կլինի երկարատև նեխում, և, ի վերջո, միջուկային պատերազմի հավանականություն։
«Բայց Ռուսաստանի վիճակի կարգավորման ցանկացած տարբերակ բացառվում է։ Այսօրինակ տոտալիտար, ֆաշիստական ռեժիմները, որը վերջնականապես բյուրեղացավ այս պատերազմի ընթացքում, ներսից չեն փոխվում։ Այն կարող է տեղի ունենալ միայն ծանր ռազմական պարտության դեպքում։ Իսկ ապաքինումն ինքնին հնարավոր է միայն արտաքին օկուպացիայի միջոցով»,- իրավիճակը գնահատում է Իգոր Յակովենկոն։
Մեր զրուցակիցը ամփոփում է՝ քանի որ Ռուսաստանի ռազմական օկուպացիան անհնար է, մնում է իրադարձությունների զարգացման երկու տարբերակ՝ կազմալուծում և Ռուսաստանի բեկորների վրա նոր պետությունների ստեղծում, կամ երկարատև փտում՝ վատ հեռանկարներով։
«Ի սկզբանե, իր համոզմունքներով նա լիբերալ անձնավորություն էր»
Քաղաքագետ Աբաս Գալյամովը կարծում է, որ 25 տարի առաջ Ելցինի և, այսպես կոչված, «ընտանիքի» (Տատյանա Դյաչենկո, Սերգեյ Յումաշև, Ալեքսանդր Վոլոշին, Բորիս Բերեզովսկի և Ռուսաստանի առաջին նախագահին մոտ կանգնած մի շարք այլ անձինք) ընտրությունը կանգնեց Պուտինի վրա՝ մի քանի գործոններով պայմանավորված։
«Նրանք Պուտինին համարեցին ամենալոյալը նրանցից, ում կարող էին ընտրել, և ընտրազանգվածի տեսանկյունից ամենացանկալին՝ լոյալների շարքից։ Կային ավելի լոյալ անձինք, օրինակ՝ «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Նիկոլայ Ակսյոնենկոն, որը Ստեպաշինի կառավարությունում դարձավ առաջին փոխվարչապետ։ Կարող էին փնտրել մեկ ուրիշին, բայց Պուտինին համարեցին ավելի հավանական ընտրվող՝ մարդկանց հետ շփվելու նրա կարողության պատճառով։ Երկրորդ՝ հաշվի առնելով նրա «չեկիստական անցյալը», քանի որ կար անվտանգության, «կարգուկանոն հաստատելու» խիստ պահանջ։ Որոշեցին, որ չեկիստը լավագույն տարբերակն է, և ընտրվելու հեռանկարները խոստումնալից են։ Այն ժամանակ ընտրությունների կեղծումը եղել է նվազագույն չափով, և պետք էր ազնվորեն հաղթել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Գալյամովը։
Նա հիշեցնում է՝ Պուտինն այն ժամանակ նաև ապացուցեց իր լոյալությունը գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակում, երբ Սկուրատովը, Կրեմլի կարծիքով, «անցավ հակառակորդի կողմը»։
«Իսկ Կրեմլի գլխավոր հակառակորդն այն ժամանակ Պրիմակով-Լուժկով խմբավորումն էր, որը ուներ իշխանության գալու բոլոր հնարավորությունները։ Եվ այդ իրավիճակում գլխավոր դատախազը, որը անցել էր Պրիմակով-Լուժկովի կողմը, պարզվեց, որ առանցքային խաղացող է։ Հիշեք այդ ժամանակաշրջանի քրեական գործերը՝ Mabetex և այլն։ Այդ իսկ պատճառով նախաձեռնեցին Սկուրատովին վարկաբեկելու գործողություն, և երբ հարց բարձրացավ տեսաձայնագրության իսկության մասին, դրա ուսումնասիրությամբ զբաղվում էին ՆԳՆ-ն և ԱԴԾ-ն։ Այն ժամանակ ՆԳՆ ղեկավար Սերգեյ Ստեպաշինը այդպես էլ հստակ ու միանշանակ չասաց, որ՝ այո, դա Սկուրատովն է։ Իսկ Պուտինը միանգամայն միանշանակ հայտարարեց, որ ԱԴԾ փորձագետները կասկած չունեն, որ տեսաժապավենի վրա Սկուրատովն է։ Այդպիսով ցույց տվեց, որ նա «թիմի անդամ է», խաղում է թիմի օգտին և չի փորձում օգուտ քաղել անձամբ իր համար»,- ասում է մեր զրուցակիցը։
Աբաս Գալյամովը նաև կարծում է՝ տեսականորեն հավանականություն կար, թե Պուտինը այլ ուղղությամբ առաջ կընթանա։
«Ի սկզբանե, իր համոզմունքներով նա միանգամայն լիբերալ անձնավորություն էր, և ԽՍՀՄ-ը վերականգնելու որևէ մտադրություն չուներ։ 90-ականներին Անատոլի Սոբչակի թիմում նրա աշխատանքը խոսում էր այն մասին, որ նա լիբերալիզմի և ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չուներ, և կայսերապաշտությամբ չէր տառապում»,- նշում է Գալյամովը։
Սակայն ավելի ուշ սկսվեց Ռուսաստանի հակամարտությունը արևմտյան ժողովրդավարությունների հետ՝ իշխանությունը համախմբելու և ամրապնդելու Պուտինի փորձերի պատճառով։ Պուտինը սկսեց սահմանափակել քաղաքացիական ազատությունները երկրում, իսկ Արևմուտքը քննադատում էր նրան դրա համար։
«Պուտինը քննադատների հետ պայքարում սկսեց կեղծել ընտրությունները, Արևմուտքի քննադատությունը սաստկացավ։ Եվ այդ դիմակայությունից, որը Պուտինը որոշ ժամանակ անց տեղափոխեց աշխարհաքաղաքական հարթություն, ձևավորվեց արդեն աշխարհայացքային դիմակայություն։ Այդ բոլոր «ավանդական արժեքները», «վերականգնել ԽՍՀՄ-ը»՝ շղարշ է, որով Պուտինը քողարկում է իրական շարժառիթները։ Բնական է, որ նա չի կարող բացահայտ հայտարարել՝ «Ուզում եմ կեղծել ընտրությունները և ճնշել խոսքի ազատությունը, իսկ Արևմուտքը քննադատում է ինձ, և այդ պատճառով թշնամություն եմ անում Արևմուտքի հետ»։ Ուստի, Արևմուտքի հետ իր թշնամանքը սկսում է բացատրել ինչ-որ կեղծ հայրենասիրական մղումներով։ Ահա, սրանք են հակամարտության իրական պատճառները»,- ամփոփում է Աբաս Գալյամովը։
«Ձայների հաշվարկի ժամանակ իրեն «յուրային» էր պետք»
Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը, վերհիշելով 1999 թվականի օգոստոսի 9-ը, նշում է, որ ԱԴԾ ղեկավարը այդ ժամանակ քաղաքական առումով «չձևավորված» անձնավորություն էր։ Այդ պատճառով էլ նրան ակտիվորեն առաջ էին մղում Ելցինից իշխանությունը այլ մարդու փոխանցելու կողմնակիցները։
«Նա թվում էր կառավարելի, համակարգված, ժողովրդավարական մտածելակերպով, երիտասարդ, սպորտային, Եվրոպայում աշխատելու փորձ ունեցող, Սոբչակի «բնից» դուրս եկած ու չխմող մարդ։ Ահա, մի ամբողջ շարք ակնհայտ առավելություններ՝ ի համեմատ զառամյալ և ժողովրդականություն չվայելող Բորիս Ելցինի, որը արդեն կատարել էր իր գործառույթը՝ ազատել էր երկիրը կոմունիստական ռևանշի սպառնալիքից, ստեղծել մասնավոր սեփականության որոշակի ինստիտուտ և իր հեռանալու պահին (ինչը քչերն են սիրում հիշել) հիմքեր էր ստեղծել Ռուսաստանի տնտեսական աճի համար»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Օրեշկինը։
1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Ռուսաստանի տնտեսությունն աճում էր բոլոր վարչապետների օրոք, քանի որ մասնավոր շահը սկսել էր արդյունավետ կերպով աշխատել, ռուբլին կայունացել էր և երևան էին եկել ազատ շուկայի բոլոր առավելությունները։
«Պուտինը ստանում էր մի երկիր, որն, իսկապես, սկսել էր բարձրանալ և աճում էր արագ տեմպերով։ Նրան, անշուշտ, օգնում էին նաև նավթի բարձրացող գները։ Կարծում եմ՝ իր առաջին երկու ժամկետների ընթացքում նա բավականին մեծ ժողովրդականություն էր վայելում, թեև ոչ այնքան, որ ստանար 87%։ Բայց նա հաղթում էր ընտրություններում և ընտրությունների միջոցով։ 2000 թվականին, եթե անգամ եղել են կեղծիքներ, ապա ոչ ավելի, քան 2-3 տոկոսային կետով։ Զյուգանովը ստացել էր ձայների 29%-ը, իսկ Պուտինը, ըստ պաշտոնական տվյալների, 53%-ը։ Գուցե նա մոտ էր 50%-ին, բայց նույնիսկ եթե լիներ երկրորդ փուլ, որից նա սարսափելի վախենում էր, Պուտինը վստահաբար կհաղթեր, քանի որ երկիրը չէր ուզում վերադառնալ կոմունիզմին, այլ ցանկանում էր շարժվել եվրոպական ուղղությամբ։ Եվ Պուտինը համապատասխանում էր դրան»,- «Ամերիկայի ձայնին» հետ զրույցում նշում է Դմիտրի Օրեշկինը։
Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները, նրա գնահատմամբ, բավականին խելամիտ էին թվում. պետությունը պետք է ամրապնդվի, հարկային համակարգը պետք է կարգավորվի, օրենքները պետք է գործեն, մասնավոր սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի և այլն։ Բայց որքան Պուտինն իրեն ավելի վստահ էր զգում Ռուսաստանի նախագահի և ռուսական բանակի գլխավոր հրամանատարի աթոռին, այնքան ավելի անսպասելի ու ողբերգական կերպով էին նրա մոտ ի հայտ գալիս անձնապաշտական հավակնություններ։
«Եվ այն համակարգը, որը նա ստացել էր Ելցինից, սկսեցին վերաձևել Պուտինի ներքո՝ պետական ինստիտուտների նկատմամբ լոյալության համակարգից վերածելով անձնական լոյալության համակարգի։ Եթե սատարում ես Պուտինին, իրավունք ունես զբաղվել բիզնեսով, կառավարել տեղեկատվական ռեսուրս և այլն։ Իսկ եթե չես աջակցում Պուտինին, հայրենիքի թշնամի ես, քեզ պետք է բանտարկել, սպանել, ինչպես Բորիս Նեմցովին, վտարել երկրից, ինչպես Միխայիլ Խոդորկովսկուն, կամ սպանել բանտում, ինչպես Ալեքսեյ Նավալնիին»,- նշում է մեր զրուցակիցը։
Արդյունքում, Դմիտրի Օրեշկինի կարծիքով, 2012 թվականից սկսած, գործ ունենք բոլորովին այլ Պուտինի հետ։ «Թեև դրա նշանները ակներև դարձան 2002 թվականի հոկտեմբերին, երբ տեղի ունեցավ «Նորդ-Օստը»։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ իրավիճակի վերահսկողությունը պահպանելու համար նրանք պատրաստ են զոհաբերել 129 խաղաղ քաղաքացիների, որոնք թունավորվել էին այդ անհասկանալի գազից։ 2003-ին բանտարկեցին Խոդորկովսկուն, և արդեն հասկանալի էր ամեն ինչ։ 2004-ին եղավ Բեսլանը՝ «Նորդ-Օստի» ավանդույթներով, բայց այստեղ զոհվեց ավելի քան 300 մարդ։ Անձամբ ինձ համար 2002 թվականը դարձավ շրջադարձային։ Բայց էական չէ՝ ես ինչ էի մտածում, այլ թե ինչպես էր դա նայվում կողքից։ Այնուհետև՝ 2007 թվականի Մյունխենի ելույթը։ Չուրովի նշանակումը, որին չէր կարելի նշանակել օրենքով, քանի որ ԿԸՀ նախագահ կարող է լինել միայն իրավաբանական կրթություն ունեցող անձը, իսկ նա կրթությամբ ֆիզիկոս էր։ Պուտինը խախտեց այդ նորմատիվային կետը, քանի որ ձայների հաշվարկի ժամանակ իրեն «յուրային» էր պետք։ Եվ երբ Չուրովը հայտարարեց, որ իր կարգախոսն է՝ «Պուտինը միշտ ճիշտ է», իսկ դաշնային արբիտրի շուրթերից նման ձևակերպումը բավականին արտասովոր է, այն ազդակ էր, որ իրենք արդեն վստահ են, որ վերահսկում են իրավիճակը և կարող են իրենց թույլ տալ ամեն ինչ»,- ասում է Դմիտրի Օրեշկինը։
«Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Պուտինն այն մարդն է, որի համար ամենակարևորը իշխանությունն ու իր անձի նկատմամբ լոյալությունն է, և որը ժողովրդավարական երկիրը վերածվում է սուլթանության»,- ամփոփեց մեր զրուցակիցը։