Շարունակում ենք ակտիվորեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը՝ իր ելույթում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի՝ երեկ կայացած լսումների ժամանակ:
Եվրոպայի ապագային վերաբերող լսումներին սենատորները հնչեցրել են նաև Հայաստանին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինիին հետաքրքրում էր, թե ինչ է անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին՝ որպես ԱՄՆ հետ հարաբերությունները սերտացնող պետությանը սպառնացող վտանգները չեզաքացնելու ուղղությամբ:
«Երբ դուք խոսում եք այն երկրների մասին, որոնք փորձում են մերձենալ ԱՄՆ-ի հետ, Հայաստանն այդ երկրներից է: Այնուամենայնիվ, նրանք այժմ իրական անվտանգության սպառնալիք ունեն իրենց սահմաններին Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցությամբ: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ ենք անում, որպեսզի ցույց տանք մեր աջակցությունն այն սկզբունքներին, որ երկրները չեն կարող ուժով փոխել սահմանները, և այն երկրներին, որոնք ձեռք են մեկնում ԱՄՆ-ին կամ Արևմուտքին՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար, ինչպիսին Հայաստանն է, որպեսզի այդ երկրները չենթարկվեն Ռուսաստանի պատասխան գործողությունների»,- հարց է բարձրացրել սենատոր Քարդինը:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանին քայլեր ձեռնարկել Ռուսաստանից հեռանալու համար: Ըստ Ջեյմս Օ’Բրայենի, Մոսկվան ձախողել է Հայաստանի անվտանգության ապահովումը, և Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից:
«Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ [Հայաստանի վարչապետ] Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից»,- ասել է Օ’Բրայենը։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում, ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Ջին Շահինը համակարծիք էր՝ Վաշինգտոնը լուրջ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
«Միացյալ Նահանգներն անում է ամեն ինչ՝ աջակցելու Հայաստանի ներկայիս կառավարությանը՝ իրենց կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու և իրենց անվտանգության համար դեպի Ռուսաստան հայացք չնետելու, այլ՝ փոխարենը ճանաչելու, թե ինչ է արել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ Հայաստանի դիրքերը խարխլելու առումով»,- ասել է սենատոր Շահինը:
Ամերիկացի դիվանագետն իր խոսքում առանձնացրել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուսաստանցի սահմանապահների դուրսբերման հարցը՝ հիշեցնելով, որ ռուսական կողմը պարտավորվել էր դուրս գալ սահմանային գոտիներից ու «Զվարթնոց» օդանավակայանից։
«Նրանք՝ [ռուսական կողմը] հսկում էին սահմանը միջազգային օդանավակայանում, ուր մաքսանենգության միջոցով մասամբ շրջանցում էին [ամերիկյան] պատժամիջոցները: Կտեսնենք, թե արդյոք Ռուսաստանն իսկապես պատրաստ է հարգել Հայաստանի ինքնիշխան ցանկությունը ու կհեռանա [օդանավակայանից], որպեսզի Հայաստանը կարողանա կառուցել իր պատկերացրած հարաբերությունները»,- ասել է Օ’Բրայենը:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում սենատոր Քարդինը, ով վերջերս այցելել էր Հայաստան ամերիկացի օրենսդիրների պատվիրակության կազմում, ևս հիշատակել է օդանավակայանից ռուսական ուժերի դուրս բերումը:
«Հասկացրել ենք, որ առկա է մտահոգություն՝ Հայաստանում Ռուսաստանի ներկայության վերաբերյալ, և, ինչպես նշել է փոխպետքարտուղար Օ’Բրայենը, ակնկալում ենք, որ Ռուսաստանը կլքի օդանավակայանը: Եթե դա տեղի չունենա, ապա դա կառաջացնի այլ հարցեր։ Մենք մտահոգ ենք Հայաստանում Ռուսաստանի ներկայության պարագայում՝ տեխնոլոգիաների զարգացմամբ»,- ասել է Քարդինը:
Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին Հայաստանի ու Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների միջև հուշագրի ստորագրումից հետո ռուսաստանցի սահմանապահներն ավարտեցին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հայկական կողմին հանձնեցին բոլոր լիազորությունները և դուրս եկան օդանավակայանից՝ հրաժեշտի պաշտոնական միջոցառումից հետո։ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին 32-ամյա համատեղ ծառայության համար։
Վերադառանանք ԱՄՆ Սենատ, ուր լսումների ընթացքում Ջեյմս Օ’Բրայենն անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու այս հարցոմ Մոսկվայի դերակատարությանը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է խաղաղության ջանքերին, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանը ձգտում է, որպեսզի այն, ինչ տեղի է ունենում այստեղ, ընթանա իր պայմաններով: Մենք քրտնաջան աշխատանք ենք տանում, որպեսզի խաղաղության բացահայտ ցանկությունն ընդգծվի համաձայնության մեջ»,- ասել է նա:
Ամերիկացի պաշտոնյան կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, որն, ըստ նրա, կարող է Կենտրոնական Ասիայի երկրների համար ճանապարհ բացել դեպի գլոբալ շուկա՝ նվազեցնելով նրանց կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից։
«Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և այժմ նրանց միակ ճանապարհը դեպի համաշխարհային շուկա ընկած է, հիմնականում, Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով: Եթե կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք կունենան հնարավորություն մուտք գործել համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախվածություն ունենալ Ռուսաստանից և Չինաստանից»,- հայտարարել է Ջեյմս Օ’Բրայենը:
Ի պատասխան սենատոր Քարդինի հնչեցրած մտահոգության, որ միջանցք ստեղծելու պարագայում Հայաստանը կարող է կորցնել իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, և նման զարգացումը կհանգեցնի երկրի մասնատմանը, Օ’Բրայենը խոսել է սահմանազատման մասին՝ նշելով, թե կողմերը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Ըստ ամերիկացի դիվանագետի, դեռ առկա են տարածքներ, որոնք գրավված են այս կամ այն կողմից և պետք է վերադարձվեն՝ շեշտելով, որ, հատկապես, մեծ հետաքրություն է առկա բարձունքների վերաբերյալ:
«Այն գործընթաց է, որի ուղղությամբ աշխատում են երկու կողմերը: Մենք շատ հստակ ասել ենք, որ սահմանի ցանկացած ճշգրտում, որի շուրջ նրանք կգան համաձայնության, կհանդիսանա վերջնական, եթե լինի համաձայնություն երկու կողմերից»,- հայտարարել է Օ’Բրայենը:
Ինչպես հայտնի է, օրերս հեղինակավոր Politico պարբերականը տեղեկացրել էր, թե Եվրոպական խորհրդի հեռացող նախագահ Շառլ Միշելը ցանկություն է հայտնել վերսկսել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, քանի որ «պատերազմից տուժած այդ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է:»
Ըստ պարբերականի, «երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Բելգիայի նախկին վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ այս ամսվա սկզբին Միացյալ Թագավորությունում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում»:
Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան և «ավարտել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, որոնցից է սահմանազատումը:
Ըստ պարբերականի, Բրյուսելում աճում է վրդովվմունքը խնդրի կարգավորման ուղղությամբ ամիսներ շարունակվող ձգձգումների և դիվանագիտական փակուղու պատճառով, որի հետևանքով երկար սպասված խաղաղության համաձայնագիրը տակավին կնքված չէ:
«Վերջիվերջո, երկու կողմերը պետք է որոշում կայացնեն՝ խաղերը դադարեցնելու և համաձայնագիրը կնքելու վերաբերյալ, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի կողմից հնարավոր ամենը՝ խաղաղ համաձայնագրին հասնելու համար»,- գրել է Politico-ն՝ հղում անելով Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետին:
Հոդվածի պատրաստմանը նպաստել է «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության լրագրող Անի Չխիկվաձեն