Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին՝ հայ-ամերիկյան զորավարժությունների ու Բաքվից հնչած արձագանքի, ինչպես նաև այս նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների մասին

Արձագանքելով զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է, որ «Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս [նահանգի] ազգային գվարդիայի հետ նրանց կայուն համագործակցությունը՝ [ԱՄՆ] պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում»։

Պետքարտուղարությունը հավելել է, որ «ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ [ԱՄՆ] պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման»։

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային կայունության վերաբերյալ հարցին՝ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը ընդգծել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը»:

Պատասխանելով ամերիկյան վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտնել է. «Պետքարտուղարությունը անկուսակցական հաստատություն է։ Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։ Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում»:

XS
SM
MD
LG