Մատչելի հղումներ

Ռուսաստանի տնտեսության վիճակը


Ռուսաստան
Ռուսաստան

Ռուսաստանյան արդյունաբերությունում աճի տեմպի դանդաղեցման հիմքում ամերիկյան պատժամիջոցներն են ու ռուսական Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը պարբերաբար բարձրացնում է վերաֆինսասվորման տոկոսադրույքը։ Նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը երկրի վիճակագրական ծառայության կողմից նախօրեին հրապարակած հիասթափեցնող տվյալները։

Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակին են անդրադարձել նաև Եվրամիության անդամ ութ երկրների՝ Լեհաստանի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների և բալթյան երեք պետությունների ֆինանսների նախարարները բրիտանական The Guardian-ում իրենց կողմից հրապարակված նյութում։

«Նշանները վկայում են, որ Պուտինի՝ խորհրդային ոճի պատերազմական տնտեսությունում ամեն ինչ այնքան վարդագույն չէ, որքան Մոսկվան կուզեր մեզ ներկայացնել»,- կարդում ենք հրապարակման մեջ:

Նյութում, մասնավորապես, ասված է, թե Կրեմլը կեղծիք է առաջ տանում՝ պնդելով, որ Ռուսաստանի տնտեսությունն ավելի ուժեղ է, քան նախկինում, որ այն հաջողությամբ տեղափոխվել է «ռազմական ռելսերի վրա» և լրջորեն չի վնասվել Արևմուտքի պատժամիջոցներից։ Եվրոպական երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները մատնանշել են բազմաթիվ հանգամանքներ, որոնք վկայում են՝ ռուսական տնտեսության վիճակը շարունակում է վատթարանալ։

Ռուսաստանի տնտեսության վիճակը
please wait

No media source currently available

0:00 0:06:34 0:00

Հեղինակներն ընդգծել են՝ ռուսական տնտեսության աճի տեմպերը, որոնց մասին Կրեմլը շարունակ տարփողում է, ձևավորվում են ռազմական արդյունաբերության և պետական սուբսիդիաների շնորհիվ։ Նախարարները պնդում են՝ նման աճը չի կարող կայուն լինել։

Նյութի ութ հեղինակները վստակ են, որ Արևմուտքի պատժամիջոցներն արդյունավետ են, սակայն հարկ է դրանց նոր թափ հաղորդել։

Հիշեցնենք, չորեքշաբթի ԵՄ երկրները քննարկել են ռուսական սառեցված պետական ակտիվների նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման տարբերակները՝ նպատակ ունենալով այդ միջոցները հատկացնել Ուկրաինային։

Այս հունիսին՝ Մեծ յոթնյակի հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռուսական սառեցված պետական ակտիվներից ստացված տոկոսներն ուղղել Ուկրաինային հատկացված 50 միլիարդ դոլար վարկի մարմանը:

Պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի ռեժիմի նկատմամբ և աջակցել Կիևին՝ կոչ են արել ֆինանսների նախարարները։

Տնտեսական մեկնաբան Մաքսիմ Բլանտի ներկակացմամբ, ԵՄ երկրների ֆինանսների նախարարները օբյեկտիվ գնահատական են տվել ռուսական տնտեսության վիճակին։

«Անհերքելի է, որ Ռուսաստանի տնտեսությունն այժմ չափազանց կախված է էներգակիրների գներից և չինացի գործընկերների բարեհաճությունից։ [Եթե] նավթի գները նվազեն, ռուսական տնտեսությունը կփլուզվի։ Եթե ոչ՝ նշանակում է, որ այն մի փոքր ավելի երկար կդիմանա: Բայց արդյունքն, ամեն դեպքում, կանխորոշված է, և աղետալի է լինելու»,- ասում է Բլանտը

Ռուսաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2022-2023 թվականներին ռուսաստանյան արտահանումից ստացված եկամուտը նվազել է մոտ մեկ երրորդով։

Բլանտը ընդգծում է՝ անլուրջ է պնդել, թե տնտեսական աճի վրա պատերազմը դրական ազդեցություն է թողել. «Պատերազմներ մղած գրեթե բոլոր երկրները (ԱՄՆ-ն բացառություն չէ), այնուհետև բախվել են լուրջ խնդիրների ու տնտեսական ճգնաժամերի։ ԵՄ ֆինանսների նախարարները միանգամայն իրավացիորեն ուշադրություն են հրավիրում գնաճի և տնտեսությունում ռազմարդյունաբերական հատվածի աճող մասնաբաժնի բացասական հետևանքների վրա։ Սրանք կառուցվածքային խնդիրներ են, և Ռուսաստանի Կենտրոնական բանկը ոչինչ չի կարող անել՝ բարձրացնելով տոկոսադրույքները։ Նույնը տեղի ունեցավ ԱՄՆ-ում Վիետնամի պատերազմից հետո, սակայն Ռուսաստանի համար հետևանքներն ավելի լուրջ կլինեն»։

Ըստ տնտեսական մեկնաբանի, փողի հոսքը դեպի ռազմական արդյունաբերություն չի հանգեցնում ընդհանուր արդյունաբերության աճին, դեռ ավելին՝ հանգեցնում է գների բարձրացմանը, իսկ բնակչության կենսամակարդակը նման կերպ չի աճի, այլ ճի՛շտ հակառակը․ «Տեսե՛ք, թե ինչ է տեղի ունենում բանկային ավանդների տոկոսադրուքների հետ. Երբ բանկերը պատրաստ են վճարել տարեկան 16-17%, նշանակում է, որ նրանք ակնկալում են լուրջ գնաճ։ Նրանք հիմար չեն»:

Կան նաև այլ նշաններ, որ բարձր գնաճ է սպասվում։

«Ռազմարդյունաբերական համալիրի շարունակական ուռճացումը չի հանգեցնի իրավիճակի բարելավման: Այն կստեղծի վիճակագրական լավ պատկեր, բայց ռուբլին կորցնում է գնողունակությունը, և շարքային քաղաքացիների կյանքը միայն վատանալու է։ Սրանք գերտաքացած տնտեսության պտուղներն են»,- ասում է Մաքսիմ Բլանտը։

Հիշեցնենք, օրերս ԱՄՆ ֆինասների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարեց, թե Վաշինգտոնն ու դաշնակիցները մտադիր են շարունակել պատժամիջոցների խստացման քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ:

«Այո՛, Արևմուտքի պատժամիջոցներն ավելի արդյունավետ են դառնում, և դրանք կարող են խստացվել: Բայց, մեծ հաշվով, եթե խոսում ենք լուրջ արդյունքների մասին, ապա նման արդյունքների կարող ենք հասնել հումքի գների անկման պարագայում, որին կարող է հաջորդել ճգնաժամը ռուսական տնտեսությունում։ Արդեն կան նախադրյալներ։ Ռուսական հումքի հիմնական գնորդ Չինաստանը գերարտադրության ճգնաժամ է ապրում։ Ակնհայտ խնդիրներ կան չինական անշարժ գույքի շուկայում և ֆինանսական ոլորտում փուչիկների հետ կապված։ Եթե այդ փուչիկները պայթեն, հետևանքները կարող են խեղդել ռուսական տնտեսությունը»,- ամփոփել է Բլանտը:

Տնտեսական մեկ այլ մեկնաբան Սեմյոն Նովոպրուդսկու ներկայացմամբ, Պուտինն ու ռուսական իշխանությունները տևական ժամանակ է թաքցնում են երկրի տնտեսությունում առկա իրական վիճակը։

«Բնակչության կենսամակարդակի աճը երբեք չի անհանգստացրել [Պուտինին]։ Պատերազմը դարձել է երկիրը կառավարելու գործիք։ Իրականում, չնչին գումարի դիմաց մարդկանց հեշտությամբ ուղարկում են ռազմակաճակատ։ Ռուսաստանի կառավարությունը հասարակության հետ երկխոսության մեջ չէ և հասկանում է, որ եթե երկրում դժգոհություն առաջանա, այն կարելի է ճնշել ուժով»,- ասում է Նովոպրուդսկին։

Այս հունիսին ԵՄ-ն ընդունեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, ներառյալ՝ հեղուկ բնական գազի և ռուսական, այսպես կոչված, ստվերային նավատորմի դեմ, որով տեղափոխում է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսաստանյան նավթը:

Սեմյոն Նովոպրուդսկու խոսքով, արևմտյան պատժամիջոցներն, իհարկե, ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա, և այս հարցում ԵՄ ֆինանսների նախարարներն իրավացի են. «Բայց դրանք դանդաղ են ազդում և բացարձակապես չեն ազդում Կրեմլի քաղաքականության և պատերազմի ընթացքի վրա։ Արևմուտքը պետք է խստացնի Ռուսաստանի հետ համագործակցող երրորդ երկրների նկատմամբ պատժամիջոցները, որոնք, իրապես, կարող են բարդացնել Ռուսաստանի արտաքին առևտուրը։ Բացի այդ, պետք է բացենք Ռուսաստանից կապիտալը դուրս բերելու ճանապարհը, այլ ոչ թե փակենք այն»։

XS
SM
MD
LG