Մատչելի հղումներ

Թրամփը ժամանել է Միլուոքի հանրապետականների ազգային համագումարին մասնակցելու համար


ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը ժամանել է Միլվուկի Միտչելի միջազգային օդանավակայան
ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը ժամանել է Միլվուկի Միտչելի միջազգային օդանավակայան

Դոնալդ Թրամփը պաշտոնապես կառաջադրվի որպես ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու՝ շաբաթ օրը Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մահափորձից հետո։

Դոնալդ Թրամփը կիրակի ժամանել է Միլուոկի, որտեղ այս շաբաթ պաշտոնապես կառաջադրվի որպես Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու։ Համագումարը հաջորդում է շաբաթ օրը Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձը, որը խորացրեց առանց այն էլ սուր քաղաքական պառակտումը Միացյալ Նահանգներում։ Թե Թրամփը և թե նախագահ Բայդենը, սակայն, կոչ են արել միասնության և լարվածության նվազեցման:

Նախագահ Ջո Բայդենը հրամայել է հետաքննել, թե ինչպես է AR-15 ոճի ինքնաձիգով զինված 20-ամյա երիտասարդը կարողացել է մոտենալ Թրամփին և կրակ բացել հանրահավաքին հարակից շենքի տանիքից։ Որպես նախկին նախագահ՝ Թրամփը պաշտպանված է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից։

78-ամյա Թրամփը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաք էր անցկացնում, երբ կրակոցներ հնչեցին։ Փամփուշտներից մեկը խոցել է նրա աջ ականջը։ Թրամփը հոսպիտալացվել է, որտեղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն։ Նրա շտաբից հայտնել են, որ նա ապաքինվել է և իրեն լավ է զգում։

Հանրահավաքի մասնակիցներից մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել։ Գաղտնի ծառայության գործակալները սպանել են կասկածյալին, հայտնել են գերատեսչությունից:

Կիրակի օրը նախագահ Բայդենը շարունակեց երկիրը հանդարտեցնելու իր ջանքերը։ Երեկոյան նա կարճ հեռուստաուղերձով հանդես եկավ Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակից։

«Ամերիկայում տեղ չկա նման բռնության կամ ընդհանրապես բռնության: Եվ վերջ: Առանց բացառությունների: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս բռնությունը դառնա սովորական»,- ասել է նախագահը։ -Այս երկրում քաղաքական հռետորաբանությունը շատ է թեժացել։ Ժամանակն է նվազեցնելու լարվածությունը»։

Սոցիոլոգիական հարցումների մեծ մասը, այդ թվում՝ Reuters/Ipsos-ի հարցումները, Թրամփի և Բայդենի միջև գրեթե հավասար են: Շաբաթ օրը տեղի ունեցած հրաձգությունը կտրուկ փոխեց նախընտրական բանավեճը, որը կենտրոնացած էր այն հարցի վրա, թե արդյոք 81-ամյա Բայդենը պետք է դուրս գա ընտրապայքարից հունիսի 27-ի բանավեճում իր անհաջող ելույթից հետո:

Երկուշաբթի օրը Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում մեկնարկող հանրապետականների ազգային համագումարում Թրամփը պետք է ստանա իր կուսակցության պաշտոնական թեկնածությունը: ՀԴԲ-ն ներկայումս տեղեկություն չունի կոնվենցիայի կամ դրա մասնակիցներից որևէ մեկի համար սպառնալիքի մասին, մինչդեռ Գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ անվտանգության որևէ փոփոխություն չի նախատեսում:

«Ես պատրաստվում էի երկու օրով հետաձգել իմ այցը Վիսկոնսին հանրապետականների համագումարի համար, բայց պարզապես որոշեցի, որ չեմ կարող թույլ տալ, որ «հրաձիգը» կամ պոտենցիալ մարդասպանը փոխի իմ ժամանակացույցը կամ որևէ այլ բան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում կիրակի օրը:

Համագումարում ելույթ կունենան Հանրապետական կուսակցության ակտիվ ներկայացուցիչները: Սպասվում է, որ Թրամփը կհայտարարի նաև իր փոխնախագահի թեկնածուի մասին: Հանրապետական այս կարևոր ֆորումում պատվիրակների և հյուրերի կողմից կքննարկվեն նաև կուսակցության դիրքորոշումները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են աբորտը, ներգաղթը և տնտեսությունը:

XS
SM
MD
LG