Մատչելի հղումներ

Մոդին դիմել է Պուտինին՝ անմեղ երեխաների մահը սարսափելի է


Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա
Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա։ Նարենդրա Մոդիի այցը համընկել է Կիևի մանկական հիվանդանոցներից մեկին ռուսական ռազմուժի հասցրած հարվածին։ ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունների վերաբերյալ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, թե անմեղ երեխաների մահը սարսափելի է։ Մոդիի խոսեքրը հնչել են Կիևի մանկական հիվանդանոցներից մեկին ռուսական ռազմուժի հասցրած հարվածին մեկ օր անց։

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա՝ երկու երկրների միջև ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են թե մանկական հիվանդանոցում հայտնաբերել են ռուսական Х-101 թևավոր հրթիռի բեկորներ։ Ռուսասկան կողմը երկուշաբթի զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր բնակավայրերին, որոնց հետևանքով զոհվել է 41 մարդ։ Այդ հարվածների շարքում՝ երկուշաբթի թիրախավորվել է նաև Կիևում գտնվող մանկական հիվանդանոցը․ շենքը կիսով չափ ավերվել է:

«Պատերազմ լինի, հակամարտություն կամ ահաբեկչություն, ցանկացած մարդ, ով հավատում է մարդկությանը, ցավ է ապրում, երբ մարդիկ մահանում են։ Բայց երբ անմեղ երեխաներին են սպանում, [մեր] սիրտը արյունահոսում է, ցավը շատ սարսափելի է»,- հայտարարել է Մոդին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանի վարչապետը քննադատում է Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ 2022 թվականի սեպտեմբերին նա Պուտինին ուղղակի ասաց, թե «այս դարը պատերազմի դար չէ»։

Նյու Դելին, սակայն, չդատապարտեց ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինա և սկսեց օգտվել առաջացած հնարավորությունից՝ զեղչով գնելով ռուսական նավթի զգալի քանակություններ:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոդիին պատերազմին վերջ տալուն ուղղված ջանքերի համար։

Մոդին արձագանքել է․ «Խաղաղությունն անհրաժեշտ է մեր ապագա սերունդներին։ Ռազմի դաշտում որոշումներ կայացնելն անհնար է։ Խաղաղ բանակցությունները չեն կարող հաջողել զենքերի ու ռումբերի կողքին։ Միայն բանակցությունների միջոցով պետք է գտնենք խաղաղություն տանող ճանապարհը»։

Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե Մոդիի այցը «մեծ հիասթափություն է առաջացրել և լուրջ հարված է խաղաղությանը միտված ջանքերին»:

Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունների առնչությամբ:

Նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային հասցված ռուսական վերջին հարվածներն անվանել է «Ռուսաստանի դաժանության մասին սարսափելի հիշեցում»:

XS
SM
MD
LG