Մատչելի հղումներ

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին աջակցությւոնը Ուկրաինային ուշադրության կենտրոնում է 


ՆԱՏՕ-ի գագաթնաժողով
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գալա երեկոյին երեքշաբթի օրը:

Երեքշաբթի օրը Վաշինգտոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի հիմնական թեման կլինի աջակցությունն Ուկրաինային։

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները վերջնական տեսքի կբերեն առանձին երկրների ջանքերը՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, որպեսզի պատրաստվի ուկրաինական զորքերի մատակարարման ՆԱՏՕ-ի կողմից համակարգված ծրագիր:

Այս օգնությունը կընդլայնվի՝ ներառելով սպառազինության, հակաօդային պաշտպանության սարքավորումների և այլ օժանդակության նոր մատակարարումներ։

Գագաթնաժողովում կքննարկվի նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին։

Երեքշաբթի օրակարգում կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ կլոր սեղանն է, որը վարում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության ղեկավարների և պաշտոնյաների հանդիպմանը, որը կներառի ուկրաինական պատերազմի ֆոնին պաշտպանական արտադրության ծավալների ավելացման քննարկումները:

Զենքի և զինամթերքի արտադրության և համալրման մեծացումն արդեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուշադրության կենտրոնում է, որոնք ձգտում են ինչպես աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, այնպես էլ դաշինքին ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է սեփական պաշտպանության համար:

Երեքշաբթի երեկոյան նախագահ Ջո Բայդենը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված երեկոյին:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ ու Բայդենի մրցակից Դոնալդ Թրամփն այս տարվա նախագահական ընտրություններում քննադատել է ՆԱՏՕ-ին և կոչ արել կրճատել այդ կազմակերպությանը տրամադրվող ամերիկյան աջակցությունը։

XS
SM
MD
LG