Մատչելի հղումներ

Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում ընտրություններից հետո


Ֆրանսիայում ընտրություններ
Ֆրանսիայում ընտրություններ

Եթե բանակցությունների արդյունքում ֆրանսիացի խորհրդարանականներին չհաջողվի ձևավորել աշխատունակ կառավարություն, ապա մեկ տարի հետո կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական նոր ընտրություններ։

Հուլիսի 7-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը։ Այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի ընտրություններում երկրում ամենից շատ ձայն հավաքեց աջակողմյան «Ազգային հավաք» կուսակցությունը՝ ստանալով ձայների մոտ 32%-ը, իսկ նախագահ Էմանյուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությանը բաժին հասավ ընդամենը 14%-ը, Ֆրանսիայի նախագահը ցրեց երկրի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, և հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

Հունիսի 30-ին կայացած առաջին փուլի արդյունքը հաստատեց Եվրախորհրդարանի ընտրությունների թվերը՝ «Ազգային հավաքը» առաջատար էր, ձախ դաշինքը երկրորդ տեղում էր, և երրորդում նախագահի կողմնակիցներն էին։

Սակայն երկրորդ փուլի քվեարկությունն արմատապես փոխեց իրավիճակը։ Արդյունքում՝ ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան ստացավ 182 մանդատ, կենտրոնամետ «Միասին» կոալիցիան, որը պաշտպանում է Մակրոնին, 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի ու Ժորդան Բարդալայի գլխավորած «Ազգային հավաքը»՝ 143 մանդատ։

Երեք քաղաքական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի 577 անդամ ունեցող Ազգային ժողովում, որի համար անհրաժեշտ է առնվազն 289 աթոռ։

Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում ընտրություններից հետո
please wait

No media source currently available

0:00 0:07:24 0:00

«Ամերիկայի ձայնը» դիմել է ֆրանսիացի փորձագետներին՝ գնահատելու երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը։

«Եթե բարդություններ առաջանան, նախագահն իրավունք ունի վերստին ցրել Ազգային ժողովը»

Ֆրանսիայի Ռեն-2 համալսարանի պրոֆեսոր Սեսիլ Վեսյեն «անտեղի» որակեց Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Ազգային ժողովը ցրելու նախագահ Մակրոնի որոշումը, և այն նաև չափազանց ռիսկային էր հենց Մակրոնի համար․ «Երկրորդ փուլում ֆրանսիական հասարակությունը կարողացավ ինքնակազմակերպվել, որպեսզի գոնե որոշ ժամանակով ազատվի Լը Պենի «Ազգային հավաքից»։ Բայց Մակրոնի համար ավելի դժվար կլինի երկիրը կառավարել, քանի որ մինչ այս նա ուներ 100 պատգամավորով ավելի»։

Երկրորդ փուլում երրորդ տեղը զբաղեցրած «Ազգային հավաքը» երբեմն կոչում են ծայրահեղ աջ քաղաքական ուժ, իսկ երբեմն՝ աջ-պոպուլիստական։ Ըստ Վեսյեի, երկու սահմանումներն էլ տեղին են։ «Պետք է հասկանանք, որ գոյություն ունի ժողովրդավարություն և գոյություն ունի «Ազգային հավաքը», որը շատ ֆրանսիացիներ չեն համարում ժողովրդավարական կուսակցություն։ Այդ պատճառով էլ ձայների մեծ մասը գնացել է «Ազգային հավաքի» դեմ։ Սակայն Լը Պենն ասաց, որ մեկ տարուց կվերադառնան ու կվերցնեն [Ազգային ժողովի] մեծամասնությունը»,- նշում է պրոֆեսորը։

Նրա կարծիքով, ծայրահեղ աջերի նկատմամբ ներկայիս հաղթանակը չի փակում հարցը․ «Եվս երկու խնդիր կա։ Առաջին՝ Մակրոնը կկարողանա՞ ստեղծել կոալիցիա, որը կկարողանա կառավարել երկիրը։ Եթե բարդություններ առաջանան, և բողոքները շատ լինեն, ապա նախագահն իրավունք ունի վերստին ցրել Ազգային ժողովը։ Սակայն դա հնարավոր չէ անել մինչև 2025 թվականի հունիս, ուստի ներկայում ընտրված խորհրդարանն ակտիվ կմնա ևս մեկ տարի։ Երկրորդ խնդիրը 2027 թվականի նախագահական ընտրություններն են։ Սա նշանակում է, որ այս երեք տարիների ընթացքում պետք է աշխատել հասարակության հետ, հաշվի առնել ավելի քան 10 միլիոն ֆրանսիացիների կարծիքը, ովքեր այսօր քվեարկել են «Ազգային հավաքի» օգտին։ Շատերն այդ մարդկանց անվանում են «ֆաշիստներ», բայց նրանք ֆաշիստներ չեն, նրանք կարծում են, որ Մակրոնն արհամարհում է իրենց և իրենց կարիքները հաշվի չեն առնվում»։

Սեսիլ Վեսյեն ընդգծում է, որ իշխանությունները պետք է լսեն ու հասկանան այդ մարդկանց և հաշվի առնեն նրանց խնդիրները։ «Օրինակ, միգրացիայի խնդիրը. Չի կարելի հերքել, որ կան այնպիսի միգրանտներ, որոնք ոչ միայն ապօրինի մուտք են գործում Ֆրանսիա և, ընդհանրապես, Եվրոպա, այլև նրանցից շատերը չեն աշխատում։ Ուստի, ժողովուրդը քվեարկելու է «Ազգային հավաքի» օգտին, և պետք է հաշվի առնել, որ նման ընտրողների մեծամասնությունը չի ապրում Փարիզում և այլ խոշոր քաղաքներում, որտեղ ամենաշատ միգրանտներն են, այլ փոքր քաղաքներում ու նույնիսկ՝ գյուղերում, որտեղ միգրանտներ չկան, և որտեղ իռացիոնալ վախ կա: Խոսե՛ք այդ մարդկանց հետ։ Հասկացե՛ք, թե ինչու են նրանք զգում այդ վախը»։

Վեսյեն նաև հիշեցրեց Մարին Լը Պենի դատավարությունը․ ազգայնական գործիչը մեղադրվում է խորհրդարանական միջոցներն իր անձնական նպատակների, այլ ոչ թե կուսակցության կարիքների համար օգտագործելու մեջ։ Դատավարությունը պետք է մեկնարկի այս սեպտեմբերին։

«Այսօր ծայրահեղ աջերը շատ սերտ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ»

Բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ Chatham House-ի գիտաշխատող Սամանտա դե Բենդերնը «բավականին զարմանալի» որակեց Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշելով, թե նման թվերը նշանակում են, որ ֆրանսիացիները չեն ցանկանում, որպեսզի ծայրահեղ աջերը կառավարեն երկիրը։

«Երբ հայտարարվեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին, բոլորը կարծում էին, որ «Ազգային հավաքը» մեծամասնություն է կստանա խորհրդարանում։ Առաջին փուլից հետո պարզ էր, որ, գուցե, բացարձակ մեծամասնություն չստանա»,- ասում է փորձագետը։

Բավականին անսպասելի էր, ըստ դե Բենդերնի, ձախ կուսակցությունների դաշինքի ստեղծումը՝ հաշվի առնելով, որ դրա անդամները, մեղմ ասած, չեն սիրում միմյանց։ «Կան ծայրահեղ ձախերը՝ «Չնվաճված Ֆրանսիան», որոնք հեռու չեն կոմունիստներից։ Եվ կա նոր սոցիալիստական կուսակցությունը՝ երիտասարդ ատլանտամետ և ուկրաինամետ քաղաքական գործիչ Ռաֆայել Գլյուքսմանի գլխավորությամբ։ Նա Միխեիլ Սահակաշվիլիի նախկին օգնականն է, և արտաքին քաղաքական հարցերում շատ է տարբերվում «Չնվաճված Ֆրանսիայից»։ Նրանք հավաքվեցին և ասացին՝ իրար չենք սիրում, բայց էլ ավելի ենք ատում ծայրահեղ աջերին»,- նշում է Chatham House-ի ներկայացուցիչը։

Երկրորդ փուլից առաջ ձախերի և կենտրոնամետների մի մասը հանեցին իրենց թեկնածությունները, որպեսզի տեղերում մրցակցություն չստեղծեն միմյանց միջև, որից կշահեր «Ազգային հավաքը», և Լը Պենի թեկնածուների դեմ հանդես եկավ, փաստացի, միասնական թեկնածուներով։

Սամանտա դե Բենդերնը հիշեցնում է, որ «Ազգային հավաքի» արմատները գալիս են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի ենթակայության ներքո գործող ֆրանսիական Վիշիի ռեժիմից․ «Նրանք նախկին ֆրանսիացի նացիստների երեխաներն են, և այսօր ծայրահեղ աջերը շատ սերտ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ։ Անգամ ասվում է, որ այն Կրեմլի կուսակցությունն է։ Պատահական չէ, որ այսօր խոսում են՝ Պուտինը պարտվել է Ֆրանսիայում։ Ֆրանսիական մամուլում մեմերի հանդիպեցի, թե Պուտինն ինչպես է ասում է Լը Պենին՝ վերադարձրո՛ւ իմ գումարը»։

Դե Բենդերնը անդրադարձավ «Չնվաճված Ֆրանսիայի» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնին․ «Նա երեկ խոսեց քվեարկության արդյունքների հրապարակումից հետո և ասաց, որ ֆրանսիացիները ցանկանում են, որ ինքը լինի վարչապետ։ Բայց դա քիչ հավանական է, քանի որ բազմաթիվ քաղաքական գործիչներ նրան ուղղակի ատում են: Նաև բացասաբար կարձագանքեն ֆինանսական շուկաները։ Վստահ եմ, որ նա բավարար ձայներ չի հավաքի՝ վարչապետ դառնալու համար»:

Ըստ վերլուծաբանի, ձախերի «Նոր ժողովրդական ճակատի» առաջ ծառացած հիմնական խնդիրներից մեկը կոալիցիոն ուժերի դիրքորոշումն է Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում։

«Երբ ստեղծվեց ձախակողմյան կոալիցիան, Ռաֆայել Գլյուքսմանը ասաց, թե կմիավորվի, եթե աջակցեն Ուկրաինային: Այստեղ փոփոխություններ չեն լինի։ Բայց կարող է խոչընդոտներ հարուցել «Չնվաճված Ֆրանսիան»․ նրանք դեմ են Ուկրաինա զորք մտցնելուն։ Ամեն ինչ կախված է լինելու նոր վարչապետից, ու առայժմ ոչ ոք չգիտի, թե ով է այդ մարդըւ։ Այս պահին հավանական թեկնածուներից մեկը նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն է։ Անձամբ ճանաչում եմ նրան։ Նա աջակցում է Ուկրաինային և, սկզբունքորեն, համաձայն է Մակրոնի դիրքորոշման հետ։ Ճի՛շտ է, Օլանդը չի ցանկանում լինել վարչապետ, բայց եթե լինի տեխնիկական կառավարություն, նա լավ տարբերակ է»,- ամփոփում է Chatham House-ի հետազոտողը։

XS
SM
MD
LG