Մատչելի հղումներ

Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճին ժամեր են մնացել


Բայդեն, Թրամփ
Բայդեն, Թրամփ

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական առաջին բանավեճը տեղի կունենա այս հինգշաբթի։ Բայց Բայդենն ու Թրամփը առաջին անգամը չէ, որ բանավիճում են միմյանց հետ։ Նրանք հանդիպել են նաև չորս տարի առաջ՝ Սպիտակ տան համար պայքարում։

2020 թվականի սեպտեմբերի 29-ը։

Բայդենի ու Թրամփի նախորդ հանդիպումն էր․․․ ։

Բայդեն․ «Թող մարդիկ իմանան…»։

Թրամփ․ «Նա չի ցանկանում պատասխանել այդ հարցին»։

Բայդեն․ «Ես չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին»։

Թրամփ․ «Ինչո՞ւ չես պատասխանում այդ հարցին»:

Այդ ժամանակ Թրամփի առաջին նախագահությունն էր։

«Ես ավելին եմ արել 47 ամսվա ընթացքում, քան դու՝ 47 տարվա ընթացքում, Ջո՛»,- ասում էր Թրամփը։

Բայդենն էլ երկարամյա քաղաքական գործիչ էր։

«Մարդիկ օգնության կարիք ունեն»,- ասում էր Բայդենը:

90 րոպե տևած բանավեճը, կարծես, քաոտիկ էր։ Թրամփն ու Բայդենը հաճախ ընդհանտում էին միմյանց։

Բայդեն․ «Կլռե՞ս․․․ »:

Թրամփ․ «Լսի՛ր, ո՞վ է քո ցուցակում, Ջո՛։ Ո՞վ»:

Բայդեն․ «Սա նման չէ նախագահական [բանավեճի]... »:

«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվեց ամերիացիներից՝ ի՞նչ են հիշում այդ բանավեճից:

«Օ՜, աստված իմ, շատ առաջ էր»,- ասում է 2020 թվականին Բայդենին ձայն տված Հայդի Հարդեն:

«Հիշում եմ, որ Թրամփը բարձրակարգ բանավիճող էր»,- մտաբերում է Թրամփի օգտին քվեարկած Ջերեմի Լորին։

«Թրամփն կիրառում էր մանկական հնարքները՝ անընդհատ ընդհատելով [Բայդենին], և Բայդենը որևէ բան չէր անում դրա դեմ»,- նշում է Բայդենին քվեարակած Ադամ Բեյլին։

Թերևս, նույն «քաղաքական թատրոնն» է սպասվում հինգշաբթի։

«Պարոն, պարոն, ոչ: Դուք ստիպված կլինեք… ։ Կանգնե՛ք»,- ասում էր 2020 թվականի նախագահական բանավեճը վարող Քրիս Ուոլեսը։

Այս գալիք բանավեճը կարող է ավելի մեղմ լինել, քանզի ըստ նոր կարգի թեկնածուի խոսափողն անջատվելու է, երբ ելույթի հերթը նրանը չէ:

«Այո, կցանկանայի, որ բանը չհասներ դրան, բայց հաշվի առնելով վերջին բանավեճը՝ լավ որոշում է»,- ասում է Բայդենին իր ձանը տված Չեթ Էդելմանը։

2020 թվականի բանավեճի հիշարժան պահերից էր, երբ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին խնդրեցին դատապարտել սպիտակամորթ ազգայնականներին։

«Հպարտ տղաների՞ն․․․։ Հպարտ տղաներ, հետ կանգնեք ու սպասեք»,- արձագանքեց Դոնալդ Թրամփը:

Երկու թեկնածուներին էլ հարցրել էին՝ կընդունե՞ն ընտրությունների արդյունքները։

«Եթե արդար ընտրություններ են, 100%-ով կընդունեմ: Բայց եթե տեսնեմ, որ տասնյակ հազարավոր քվեաթերթիկներ են կեղծվում, չեմ կարող դրա հետ հաշտվել»,- ասել էր Թրամփը:

«Ես կընդունեմ [արդյունքները]։ Նա նույնպես այդ կանի: Գիտեք ինչո՞ւ, որովհետև երբ հաղթողը հայտարարվի, բոլոր քվեաթերթիկները հաշվարկված կլինեն, և ամեն ինչ դրանով կավարտվի»,- արձագանքել էր Բայդենը։

Երբ Թրամփը պարտվեց ընտրություններում, նրա կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքը:

Դիտորները մի մասը կարծում է, որ այս հինգշաբթի կայանալիք բանավեճն, իրականում, սակավ ազդեցություն կունենա ընտրողների կարծիքի վրա:

«Ջո Բայդենի կողմնակիցները պատրաստվում են ասել՝ թե [պետք չէ մեծ ուշադրություն դարձնել] նրա լեզվական սայթաքումներին, քանզի Բայդենը նման մարդ է, միշտ էլ այդպես է եղել։ Թրամփի կողմնակիցները նույնպես խոսելու են, թե նա պարզապես Թրամփն է, խոսում է ուժի դիրքերից, նրան պետք է լուրջ ընդունել»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի ներկայացուցիչ Պիտեր Լոջը։

Ուշագրավ էր մեր զրուցակիցներից Բեն Քոքսի պատասխանը․

«[Հինգշաբթի ցանկանում եմ տեսնել] շատ սեր՝ մեզ միավորելու համար»:

ԱՄՆ նախագահի թեկնածուների այս տարվա երկրորդ հեռուստաբանավեճը նախատեսված է սեպտեմբերին, բայց շատ բան կարող է կախված լինել, թե ինչ ընթացք կստանան հինգշաբթի օրվա իրադարձությունները:

XS
SM
MD
LG