Չնայած Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը համաձայն են, որ անհրաժեշտ է հնավորինս շուտ հասնել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը, սակայն դիտորդները ուշադրություն են հրավիրում՝ Թրամփը պակաս հստակ է արտահայտվում, թե ինչպես պետք է մոտենալ այդ նպատակին, ինչ քաղաքականություն պետք է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ:
«Նա՝ [Թրամփը] միայն կողմ է որոշակի բանակցություններին և բանակցություններ սկսելու անհրաժեշտությանը։ Ասել է, որ կարող է ներգրավվել Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններում, բայց չի հստակեցրել, թե ինչ տեսք պետք է ունենա խաղաղության համաձայնագրի նախագիծը»,- ասում է քաղաքագիտության դոցենտ Սերգեյ Կուդելիան։
Ուկրաինային օգնություն տրամադրելու առումով Դոնալդ Թրամփի դիրքորոշումն է, թե Կիևին պետք է տրամադրվեն վարկեր, ոչ թե դրամաշնորհներ:
«Մտածում ենք՝ նվերի փոխարեն վարկեր տալ։ Շարունակում ենք միլիարդավոր դոլարների նվերներ բաժանել»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Թրամփը համոզված է, որ Եվրոպան պետք է ավելի վճարի՝ Ուկրաինային օգնելու համար, իսկ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը չի ցանկանա, որ ուկրաինական պատերազմում պարտված կողմ լինի՝ ասում է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը։
«Գիտենք, որ Թրամփն իրեն ուժեղ մարդ է համարում և չի ցանկանում իրեն կապել արտաքին քաղաքականության մեջ ձախողման հետ: Իսկ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում, եթե Թրամփը նախագահ լինի, նման կլինի արտաքին քաղաքական ձախողման»,- ասում է դիվանագետը:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ հանրապետական կուսակցությունում տարբեր կարծիքներ կան Ուկրաինայի հարցում։ Ոմանք պատերազմը դիտարկում են ԱՄՆ անվտանգության հիմնական սպառնալիք։ Մյուսների խոսքով՝ այն թանկարժեք գործ է:
«Բազմաթիվ հանրապետականների աչքում Ռուսաստանը անկում ապրող տերություն է։ Հետևաբար, ռուս-ուկրաինական պատերազմը, նրանց տեսանկյունից, հակամարտություն է, որը պետք է հնարավորինս արագ կարգավորվել, որպեսզի այն չսպառի Միացյալ Նահանգների ռեսուրսները»,- ասում է Սերգեյ Կուդելիան։
Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը Կիևին արդեն իսկ հատկացրել է 175 միլիարդ դոլարի օգնություն, և այդ ծավալով՝ Ուկրաինային աջակցող երկրների շարքում ԱՄՆ-ն առաջինն է։
Սպիտակ տան ներկայիս ղեկավարի խոսքով, Ամերիկան կկանգնի ագրեսիայի դեմ այնքան ժամանակ, որքան կպահանջվի․ «Եթե Միացյալ Նահանգները հեռանա, ապա կվտանգի Ուկրաինան: Եվրոպան վտանգի առջև է: Ազատ աշխարհը կհայտնվի վտանգի առջև, և [նման քայլը] կքաջալերի ուրիշներին՝ անել այն, ինչ ցանկանում են»։
Բայդենը մասամբ չեղարկել է այն սահմանափակումները, որոնք արգելում էին ուկրաինական ուժերին թիրախավորել Ռուսաստանի տարածքը։
«Այնպես չէ, որ արտաքին քաղաքական հարցերում որոշումները կայացվում են՝ հիմքում ունենալով ընտրությունների գործոնը, թեև կան սահմանափակումներ։ Բայց իրավիճակը տարբեր կլինի [նախագահության] երկրորդ ժամկետում, երբ Բայդենն այլևս չի կարող վերընտրվել 2028 թվականին։ Նա մի փոքր ավելի ազատ կլինի»,- ասում է Ամերիկայի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Մայքլ Քիմաժը:
ԱՄՆ նախագահի թեկնածուների տարաձայնությունները Ուկրաինայի հարցում կապ ունեն Ռուսաստանի նկատմամբ նրանց մոտեցումների հետ։ Ակնհայտորեն Թրամփը ձգտում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, իսկ Բայդենը շարունակում է մեկուսացնել Ռուսաստանը: