Մատչելի հղումներ

Գազայում ռազմական գործողությունները տարակարծություններ են առաջ բերել Նյու Յորքից ԱՄՆ Ներկայացուցիչների տուն ընտրվող թեկնածուների շրջանում


Նյու Յորքի ընտրատարածք
Նյու Յորքի ընտրատարածք

ԱՄՆ Ներկայացուցիչների տուն ընտրվելու համար Նյու Յորքի 16-րդ ընտրատարածքում այս հունիսի 25-ին կայանալու են, այսպես կոչված, նախնական ընտրություններ, որոնց ժամանակ պետք է որոշվի, թե դեմոկրատ երկու թեկնածուներից որ մեկն է ներկայացնելու կուսակցությունը այս նոյեմբերին նույն ընտրատարածքում կայանալիք Կոնգրեսի ստորին պալատի ընտություններում։ Դեմոկրատ երկու թեկնածուներն էլ հավանություն են տալիս Մերձավոր Արևելքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը՝ երկու պետությունների ստեղծման ճանապարհով:

Սակայն երբ խոսքը հասնում է Գազայում չդադարող ռազմական գործողություններին, ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ, դեմոկրատ Ջամաալ Բոումենը և նրա մրցակից՝ դարձյալ դեմոկրատ Ջորջ Լաթիմերը հանդես են գալիս խիստ տարբերվող դիրքորոշումներով։

«Դատապարտում ենք հոկտեմբերի 7-ի հարձակումները, որոնց զոհ գնացին հազարավոր խաղաղ բնակիչներ։ Բայց չենք կարող դա դատապարտել, և ներել այն, ինչ տեղի է ունեցել այդ օրվանից ի վեր Գազայում: Պետք է բարձրաձայնենք՝ կոլեկտիվ պատիժը և քաղաքացիական անձանց թիրախավորումը՝ ինքնապաշտպանություն չէ»,- ասում է առաջադեմ դեմոկրատ կոնգրեսական Ջամաալ Բոումենը:

Լաթիմերը կողմ է Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողություններին:

«Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է տեսնել ռազմական գործողությունների ավարտ, բայց նրանք չեն ցանկանում, որ պատերազմական գործողություններն ավարտվեն և «Համասի» ձեռքին պատանդներ մնան, քանզի «Համասը» ահաբեկչական կազմակերպություն է: Տեսել ենք ահաբեկչությունն ինչ է»,- ասում է չափավոր դեմոկրատ Ջորջ Լաթիմերը:

Դեմոկրատական կուսկացության խորհրդատու Քրիս Քոֆիի կարծիքով, Լաթիմերը լավ շանսեր ունի, քանզի այդ ընտրատարածքում դեմոկրատների ընտրազանգվածի մի զգալի մասը չափավոր հայացքների տեր է, ինչպես Ջորջ Լաթիմերը։

«[Այդ] ընտրատարածքում [թեկնածուների համար նախատեսված] գումարը գալիս է իսրայելամետ դիրքորոշում ունեցող և գործարար շրջանակներ ներկայացնող ընտրողներից, որոնք հիմնականում աջակցում են Լաթիմերին»,- ասում է Քոֆին:

Ակնկալվում է, որ այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ընտրությունների արդյունքում Նյու Յորքի 16-րդ ընտրատարածքում վերստին հաղթանակ կտանեն դեմոկրատները, սակայն, թե դեմոկրատ թեկնածուներից ով կանցնի Ներկայացուցիչների տուն, կարող է օգնել կուսակցությանը հասկանալ ամերիկացի ընտրողների շրջանում տիրող տրամադրությունները՝ ամերիկյան ներքաղաքական պայքարում կարևոր հարցերից մեկը համարվող Գազայի հակամարտության վերաբերյալ:

XS
SM
MD
LG