Դաղստանում սինագոգի, երկու ուղղափառ եկեղեցիների և ոստիկանական կետի վրա զինված հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են: Հաղորդվում է շուրջ երկու տասնյակ զոհերի մասին, որոնց թվում են հոգևորականներ և ոստիկաններ։
Ըստ Reuters-ի՝ հարձակման մասնակից հինգ ահաբեկիչները վերացվել են, առնվազն 15 ոստիկաններ են զոհվել փոխրհաձգության ընթացքում: Reuters-ը վկայակոչել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովին։
Հարձակման մասին հայտնել են Reuters-ը և France Presse-ը՝ հղում անելով ռուսական լրատվական գործակալություններին, որոնք իրենց հերթին հենվում են ՆԳՆ-ի և Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տրամադրած տեղեկության վրա:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ, որը մեջբերում է France Press-ը, ասված է, որ «այսօր երեկոյան Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ Ահաբեկչությունների արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել են Ռուս ուղղափառ եկեղեցու քահանան և ոստիկաններ»։
Reuters-ը, հղում անելով ռուսական լրատվական գործակալություններին, հայտնում է, որ մեկ ոստիկան սպանվել է Դերբենտի սինագոգում հրաձգության հետևանքով, որտեղ գտնվում է Հյուսիսային Կովկասի ամենահին հրեական համայնքներից մեկը: Փոխհրաձգություն է գրանցվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող մշակութային հուշարձանում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում։
Մախաչկալայում ևս փոխհրաձգությունն է տեղի ունեցել: Հարձակման է ենթարկվել ճանապարհային ոստիկանության կետը:
Տասներկու մարդ վիրավորվել է։ Գործակալության տվյալներով՝ Մախաչկալայում ընթացել են փողոցային մարտեր։ Երկրամասի իրավապահները հայտնել են, որ հրդեհ է բռնկվել սինագոգում և եկեղեցիներից մեկում։ Mash Telegram-ի ոչ պաշտոնական ալիքն իր հերթին հայտնել է, որ ոստիկանությունը Դերբենտում գրոհել է այն շենքը, որտեղ պատսպարվել էին գրոհայինները:
Երկրամասի արտաքին գործերի նախարարությունը, որին մեջբերում են ռուսական լրատվական գործակալությունները, հայտնել է, որ փոխհրաձգության ժամանակ վերացվել են չորս զինյալներ: Տեղի պաշտոնյան հայտնել է, որ նրանցից ևս մեկը սպանվել է Մախաչկալայի եկեղեցում փոխհրաձգության ընթացքում:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Դերբենտում այրվել է սինագոգը, իսկ Մախաչկալայի երկրորդ սինագոգում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ըստ երևույթին այդ պահին սինագոգում ծխականներ չեն եղել:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում Իսրայելից չվերթի ժամանումից հետո զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել։ Ագրեսիվ ամբոխը փորձել է գտնել իսրայելցիներին և թույլ չտալ նրանց մուտքը Դաղստան։
Վլադիմիր Պուտինն այն ժամանակ կարծիք էր հայտնել, որ Մախաչկալայում հակասեմական անկարգությունները «մեծ մասամբ ոգեշնչվել են Ուկրաինայի տարածքից՝ արևմտյան երկրների գործակալների միջոցով», հաղորդում էր այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանը: Նյութում ասվում է, որ Պուտինը իր հեռուստաելույթում մեղադրել է նաև ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին Մերձավոր Արևելքում հակամարտությունը խթանելու մեջ: Պուտինի խոսքերից հետևեց, որ Արևմուտքն իբր կանգնած է Իսրայելի վրա «Համասի» հարձակման և Իսրայելի պատասխան գործողությունների հետևում: Պուտինը ոչ մի ապացույց չներկայացրեց անկարգություններին Ուկրաինայի կամ արևմտյան հետախուզական ծառայությունների մասնակցության մասին՝ մի քանի անգամ կրկնելով այն արտահայտությունը, որ աշխարհում բոլորը հասկանում են, որ Միացյալ Նահանգները կանգնած է համաշխարհային բոլոր հակամարտությունների հետևում, ներառյալ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:
ԱՄՆ-ը հերքել է Պուտինի այն պնդումները, թե Արեւմուտքն ու Ուկրաինան հակաիսրայելական անկարգություններ են կազմակերպել Դաղստանի օդանավակայանում՝ անհեթեթություն անվանելով մեղադրանքները։
Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Պուտինի վերոնշյալ հայտարարություններն անվանել է «դասական ռուսական հռետորաբանություն» և ընդգծել, որ «Արևմուտքը կապ չունի դրա հետ։ Սա ուղղակի մաքուր ատելություն է, մոլեռանդություն և ահաբեկում»:
Ուկրաինան նույնպես հերքել է օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին իրենց մասնակցության մասին պնդումները։
«Իհարկե, Ուկրաինան կապ չունի Ռուսաստանի Դաշնության տարածքում այլատյացության վերջին դրսևրումներին լայնածավալ աճի հետ», - ընդգծել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։