Մատչելի հղումներ

 
Պաղեստինն ու Անկարան ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը, իսկ Իսրայելը՝ «խիստ նկատողություն» հայտնել ՀՀ դեսպանին

Պաղեստինն ու Անկարան ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը, իսկ Իսրայելը՝ «խիստ նկատողություն» հայտնել ՀՀ դեսպանին


Պաղեստինամետ ակտիվիստները ծածանում են Պաղեստինի դրոշը 2024 թվականի մայիսի 15-ին Մեխիկոյում ցույցի ժամանակ:
Պաղեստինամետ ակտիվիստները ծածանում են Պաղեստինի դրոշը 2024 թվականի մայիսի 15-ին Մեխիկոյում ցույցի ժամանակ:

Ի՞նչ արձագանք է ստացել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը:  

Պաղեստինը բարձր է գնահատել իր անկախությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը։

Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը իր երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ այդ քայլը որակելով « իմաստուն»:

«Հայաստանի իմաստուն քայլը համահունչ է խաղաղություն նախատեսող ծրագրին, որը ենթադրում է երկու [իսրայելական և պաղեստինյան] պետությունների համակեցությունը: Սա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքը և լեգիտիմությունը», - ասված է պաղեստինյան կողմի հայտարարության մեջ:

Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը ողջունել է նաև Թուրքիան: Թուրքիայի արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ նշել է.

«Մենք ողջունում ենք Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին հետևելու և Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Հայաստանի դեսպանին կանչել և բողոք է հայտնել Պաղեստինի պետությունը ճանաչելու կապակցությամբ: Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի, Երևանի կողմից Պաղեստինը ճանաչելուց հետո Հայաստանի դեսպանին արվել է «խիստ նկատողություն» այս կապակցությամբ:

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումից հետո արտաքին գործերի նախարարությունը կոշտ նկատողության համար զրույցի է կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին»,- ասված է Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության մեջ:

Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հաստատել այդ տեղեկությունը: «Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել», - «Ազատությանը» փոխանցել են Հայաստանի արտգործնախարարությունից:

XS
SM
MD
LG