ԱՄՆ նախագահական ընտրությունների այս քարոզարշավին կին ընտրողների ուղղությամբ ուշադրությունը հիմնականում վերաբերում է հղիության արհեստական ընդհատման իրավունքի շուրջ բանավեճին:
Սակայն ամերիկուհիներին մտահոգում են ոչ միայն աբորտին առնչվող հարցերն ու դիրքորոշումները, այլև՝ տնտեսության, առողջապահության, հանցագործության վերաբերյալ թեկնածուների մոտեցումները։
Մինեսոտայի բնակիչ Ռեբեկա Ջենսենն ասում է, թե նախագահ Ջո Բայդենը արժանի է գնահատանքի՝ իր կարծիքով, ճիշտ որոշումներ կայացնելու համար:
«Շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները շատ կարևոր են: Կարծում եմ, տնտեսությունը կարևոր է, առողջապահությունը՝ նույնպես։ Ես բուժքույր եմ, և դեռ հաճախ եմ աշխատավայրում տեսնում Covid-19-ով վարակված մարդկանց: Մարդիկ անընդհատ ասում են, թե համաճարակն այլևս անցյալում է, բայց, իրականում, այդպես չէ: Դեռ համաճարակ կա: Կարծում եմ, հարկավոր է, որ Սպիտակ տանը մեկը լինի, ով վստահում է գիտությանը»,- ասում է Ջենսենը:
Նևադայի բնակիչ Ջուլի Բենբը ցանկանում է տեսնել Թրամփի հաղթանակը:
«Տնտեսության վիճակը լավ էր։ Պատերազմ չկար։ Ներդաշնակություն էր։ Խաղաղություն։ Բոլորս աշխատում էինք։ Բենզինի գները նորմալ էին։ Տպավորիչ մարդ էր։ Նա սիրում է իր երկիրը։ Լավ մարդ է: Լավ ընտանիք ունի, և պատրաստվում ենք նրան հետ վերադարձնել»,- ասում է Բենբը:
Բայդենն աշխատում է կին ընտրողների ուղղությամբ՝ օրինակ, նախաձեռնելով նրանց վերաբերող ու ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը ստացած առողջապահական հետազոտությունների ծրագիրը:
«Մտածեք այն գործերի մասին, որ արել ենք բժշկության ոլորտում։ Բայց կանայք չեն եղել ուշադրության կենտրոնում: Հետազոտությունները երկար են տևել, ինչը դժվարացրել է, որ դրանք բոլորին հասանելի լինեն»,- ասում է նախագահ Ջո Բայդենը:
Մայրության օրվա առթիվ Բայդենի նախընտրական թիմը սոցցանցերում արշավ սկսեց՝ քննադատելով ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու Թրամփի քաղաքականությանը՝ ընտրողներին կոչ անելով՝ «Լավություն արեք ձեր մայրերին՝ կանգնեցրե՛ք Թրամփին»։
Իր հերթին՝ պահպանողական հայացքներ ունեցող քրիստոնյա կանանց հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե խաղաղություն կբերի Եվրոպային։
«Նախքան կհասնեմ [ԱՄՆ նախագահների] Օվալաձև գրասենյակ՝ նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, կհանգուցալուծեմ սարսափելի պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասում է Թրամփը:
Թրամփը աշխատում է շահել կանանց համակրանքը՝ հանցագործության դեմ պայքարի ու ապօրինի ներգաղթի հարցերում կոշտ հայտարարություններով:
«Կարծում եմ, իմ մոտեցումները հավանում են արվարձաններում բնակվող տնային տնտեսուհիները, որովհետև ցանկանում են անվտանգ ապրել։ Թալանը, գողությունները շատ են, իսկ որոշ մարդիկ ասում են՝ ի՞նչ է պատահել: Եթե չեք ցանկանում, որ ապօրինի ներգաղթած, օտարահպատակ հանցագործները մուտք գործեն ձեր պատուհաններից և հափշտակեն ձեր ունեցվածքը, ապա պետք է քվեարկեք հօգուտ նրա, որ հնարավորինս արագ դուրս շպրտենք խարդախ Ջո Բայդենին՝ մինչև նոր վնաս չի տվել»,- ասում է Դոնալդ Թրամփը:
Ամերիկացի կանանց և քաղաքականության կենտրոնի ներկայացմամբ, 1980 թվականից ի վեր ԱՄՆ նախագահական ընտրություններում ավելի շատ կանայք են քվեարկել, քան տղամարդիկ: Ըստ Pew Research Center-ի, 2020 թվականի ընտրություններում կանանց շրջանում Բայդենի շահած ձայների քանակը 11 տոկոսային կետով ավելի էր Թրամփի ստացած քվեներից: