Ամերիկացիները սկսել են ավելի քիչ վստահել կառավարությանը, դատական համակարգին, զինվորականներին, և այս առումով Միացյալ Նահանգները զիջում է Մեծ յոթնյակի երկրների մեծամասնությանը՝ նշված է Gallup-ի նոր հետազոտությունում։
Ամերիկացիների 68%-ը չի վստահում երկրի կառավարությանը։
Դատական համակարգի նկատմամբ վստահությունն էլ ավելի ցածր է՝ 42%։
Անկում է ապրում անգամ ԱՄՆ զինված ուժերի նկատմամբ վստահությունը․ 2021 թվականի 90%-ի փոխարեն՝ անցած տարի այն կազմել է 81%:
Ուշագրավ է, որ Մեծ յոթնյակի երկրների (ԱՄՆ, Կանադան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան) շարքում Գերմանիայում է առկա բանակի նկատմամբ հանրային վստահության ամենացածր մակարդակը՝ 60%։
Փաստացի, ամերիկյան հասարակությունը երկփեղկված է երկրի ռազմական ծախսերի հարցում․ հանրահայտ է, որ Վաշինգտոնն ավելի շատ է ծախսում պաշտպանության ուղղությամբ, քան Մեծ յոթնյակի մյուս բոլոր երկրները միասին:
Ամերիկացիների 35%-ն այն կարծիքին է, որ այդ ծախսերը չափազանց են, 29%-ը գտնում է ճի՛շտ հակառակը՝ դրանք քիչ են, իսկ 33%-ը համոզված է, որ ռազմական ծախսերի չափը համապատասխանում է երկրի կարիքներին:
Անկում է ապրում նաև ամերիկացիների վստահությունը եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Անցած տարի ամերիկացիների 30%-ը «շատ քիչ» վստահություն ուներ այդ կառույցների նկատմամբ, և այդ թիվը ամենամեծն է 1973 թվականից ի վեր, երբ Gallup-ը սկսեց տալ հարցը:
Վստահության պակաս կա նաև ամերիկյան լրատվամիջոցների հանդեպ․ ամերիկացիների ավելի քան 40%-ը նշել է, թե շատ ցածր կարգի վստահություն ունի հատկապես թերթերի և հեռուստատեսության նկատմամբ: