Մատչելի հղումներ

Կրեմլը ծրագրում է բալիստիկ հրթիռներ տեղակայել Ֆինլանդիայի սահմանին


Ֆինլանդիա-Ռուսաստան սահման
Ֆինլանդիա-Ռուսաստան սահման

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, Կրեմլը ծրագրում է բալիստիկ հրթիռներ տեղակայել Ֆինլանդիայի հետ սահմանին։ Այս տեղեկությունը կարելի է դիտարկել Հելսինկիի դեմ ուղղված Կրեմլի հիբրիդային պատերազմի մաս, որը Մոսկվան ձեռնարկել է այն բանից հետո, երբ սկանդինավյան երկիրն անցած տարի անդամակցեց ՆԱՏՕ-ին:

Մոսկովյան Известия պարբերականի փոխանցմամբ, Ֆինլանդիայի հետ սահմանակից Ռուսաստանի Կարելիայի մարզում նախատեսվում է տեղակայել նոր բրիգադ՝ հագեցած Искандер-М բալիստիկ հրթիռային համակարգով:

Известия-ն մեջբերում է Ռուսաստանի Բալթյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վալուևին, ով թերթին փոխանցել է, թե «հրթիռային բրիգադի ստեղծումը ճիշտ ժամանակին արված որոշում է, համարժեք պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը»:

Տեղեկությունը անհանգստություն չի առաջացրել Հելսինկիում՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի վերլուծաբան Չառլի Սալոնիուս-Պաստեռնակը․ «Սա նորություն չէ։ Ինչ-որ բան հայտարարելը, հետո՝ անելը, շատ տարբեր բաներ են, երբ խոսքը Ռուսաստանի մասին է: Ընդհանուր առմամբ, հռետորաբանությունից բացի, այլ բան չենք տեսել»:

Բալիստիկ հրթիռներ Ֆինլանդիայի սահմանին. Կրեմլի նոր ծրագրերը
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Ֆինլանդիան նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո բախվել է Ռուսաստանից եկող տարաբնույթ սպառնալիքների:

Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի միանալուց հետո՝ 2023 թվականի երկրորդ կեսին տարբեր երկրներից, այդ թվում՝ Եմենից, Սիրիայից և Սոմալիից ավելի քան 1 300 միգրանտներ են փորձել անցնել ռուս-ֆիննական սահմանը՝ նպատակ ունենալով ապաստան խնդրել:

Անցած տարվա նոյեմբերին Ֆինլանդիան փակեց Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայված բոլոր անցակետերը՝ Կրեմլին մեղադրելով ապօրինի միգրացիան որպես զենք կիրառելու մեջ։ Այս ամսվա սկզբին սահմանի փակ մնալը երկարաձգվեց անորոշ ժամանակով:

Հելսինկիում ցանկանում են, որ Եվրամիությունն օգնի կանխել սպասվելիք միգրացիոն ճգնաժամը:

Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմանը Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարեց․ «Այժմ պետք է ընդհանուր լուծումներ գտնենք՝ մի երևույթի դեմն առնելու, երբ Ռուսաստանը մեր դեմ օգտագործում է ապօրինի ներգաղթյալներին։ Քայլեր ենք ձեռնարկում մեր օրենսդրության փոփոխության ուղղությամբ, բայց մեզ անհրաժեշտ են նաև Եվրամիության միջոցները»։

Ֆոն դեր Լեյենը խոստացել է աջակցել։ «Սա նոր երեւույթ է, ինչը պետք է դիտարկել որպես հիբրիդային սպառնալիք, և տեսնում ենք, որ պետությունն օգտագործում է աղքատ մարդկանց՝ մեկ այլ պետության նկատմամբ ճնշում գործադրելու համար: Սա անվտանգության հարց է, և մենք, անշուշտ, դրա հետ գործ ենք ունենալու դեռ տևական ժամանակ։ [Ուստի], պետք է պատրաստվենք դրան»:

Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով Ֆինլանդիայում սկսվել է 1 340 կիլոմետրանոց պարսպի կառուցումը։ Հելսինկին նաև ավելացրել պարեկների թիվը: Ֆիննական կառավարությունում քննարկվում է Ռուսաստանից ապաստան հայցողների մուտքը արգելափակող օրենսդրությունը։ Ֆոն դեր Լեյենի խոսքով, ցանկացած նման միջոց պետք է հավասարակշռություն պահպանի անվտանգության ապահովման և փախստականների իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունների միջև:

Վերլուծաբան Չարլի Սալոնիուս-Պաստեռնակի ներկայացմամբ, Կրեմլից բխող սպառնալիքները չեն սահմանափակվում միայն ապօրինի միգրանտներին օգտագործելով․ «Ռուսական հատուկ ծառայությունները փորձում են Ֆինլանդիայում հավաքագրել մարդկանց՝ հետագայում Ֆինլանդիայի ներսում խառնաշփոթ առաջացնելու համար»:

Սա Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի այլ անդամների դեմ Ռուսաստանի հիբրիդային արշավի մասն է՝ ընդգծում է Սալոնիուս-Պաստեռնակը. «Ռուսական ցամաքային ուժերը ներգրավված են Ուկրաինայում, ուստի չենք կարծում, թե [մեր ուղղությամբ] առկա է ուղղակի [ռազմական սպառնալիք]։ Բայց Ֆինլանդիայի իշխանություններն սպասում են, որ կարող են տեղի ունենալ կիբեռհարձակումներ՝ միգուցե, ենթակառուցվածքների ուղղությամբ: Հիմա, երբ ձմեռն այստեղ կամաց-կամաց նահանջում է, մեր երկար սահմանը, իհարկե, շատ ավելի անցանելի է դառնում»։

Ռուսաստանը հերքում է ապօրինի միգրանտների օգնությամբ Ֆինլանդիայի սահմանին ճգնաժամ հրահրելու փորձերը։ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մոսկվան որակել է «պատմական սխալ», ինչն ստիպելու է ձեռնարկել «հակամիջոցներ»:

XS
SM
MD
LG