Մատչելի հղումներ

Հայտնի հանրապետականները կոչ են արել Ներկայացուցիչների պալատին ընդունել Ուկրաինայի աջակցության օրինագիծը


ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեո
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեո

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հանրապետական այն գործիչների թվում է, որոնք միացել են Կոնգրեսի ստորին պալատի կուսակիցներին ուղղված կոչին՝ հավանություն տալ Ուկրաինայի համար նախատեսված օգնության փաթեթին:

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Մայք Պոմպեոն երկուշաբթի միացավ հայտնի հանրապետականների կոչին՝ ուղղված Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող կուսակիցներին, թե հարկ է հավանություն տալ Կիևի համար նախատեսված ամերիկյան աջակցության փաթեթին։ Կոչը հնչեց այն բանից հետո, երբ հանրապետականներից ոմանք մեղադրեցին օրինագծի հակառակորդներին՝ ռուսական քարոզչության «խաղն առաջ տանելու» մեջ:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 95 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային, Իսրայելին և այլ գործընկեր-պետություններին օգնելու համար: Սենատը հաստատել է համապատասխան օրինագիծը, բայց Ներկայացուցիչների պալատում այն արդեն մի քանի շաբաթ առկախված վիճակում է, քանզի օրենսդիր մարմնի խոսնակ Մայք Ջոնսոնը հրաժարվում է քվեարկության դնել օրինագիծը։

Երբ այս երկուշաբթի՝ երկշաբաթյա հանգստից հետո ամերիկացի օրենսդիրները վերադարձան Վաշինգտոն, Ջոնսոնն որևէ բան չասաց, թե երբ է օրինագիծը ներկայացնելու քվեարկության:

Պոմպեոն, ով նախկինում ղեկավարել է նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, երկուշաբթի բաց նամակ հղեց Ջոնսոնին՝ հորդորելով օրինագիծը դնել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:

«Ձեզ կոչ ենք անում լինել վճռական և քվեարկության դնել օգնության փաթեթը», - ասված է Մայք Պոմպեոյի ու Հադսոնի ինստիտուտի նախագահ Ջոն Ուոլթերի համատեղ նամակում:

Ջոնսոնի գրասենյակը չի արձագանքել նամակին կամ Ներկայացուցիչների պալատի երկու հանձնաժողովների նախագահների վերջին հայտարարություններին, թե որոշ հանրապետականներ ռուսական քարոզչության տակ են:

Մայքլ ՄըքՔոլը, ով նախագահում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, անցած շաբաթ տված հարցազրույցում հայտատարել էր. «Ցավոք սրտի, ռուսական քարոզչությունը ներթափանցել է Միացյալ Նահանգներ և վարակել իմ կուսակցության զգալի մասը»:

Մայք Թերները, որը նախագահում է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, կիրակի CNN-ի եթերում նշել էր, որ ՄըքՔոլի պնդումը «բացարձակապես ճիշտ է»:

Թերներն ասել է. «Տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանից փորձում քողարկել հաղորդագրությունները, որոնք, ըստ էության, հակաուկրաինական են և ռուսամետ, որոնցից մի քանիսը, ցավոք, մենք լսում ենք անգամ Ներկայացուցիչների պալատում»:

Ըստ Թերների, Կոնգրեսի որոշ անդամներ սխալվում են իրենց խոսքում, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կապ ունի ՆԱՏՕ-ի հետ:

«Որքան շատ է այդ քարոզչությունը արմատավորվում [ԱՄՆ-ում], այնքան մեզ համար ավելի դժվար է դառնում հասկանալ, որ ուկրաինական պատերազմը, իրականում, բռնապետության պայքարն է ժողովրդավարության դեմ»,- ասել է Մայք Թերները:

XS
SM
MD
LG