Միացյալ Նահանգների հաջորդ վարչակազմը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միջուկային քաղաքականության ոլորտում բախվելու է բազմաթիվ մարտահրավերների՝ սրվող միջազգային հարաբերությունների և չլուծված միջազգային բազմաթիվ խնդիրների ֆոնին:
Կասկածից վեր է, որ օրակարգում վերստին տեղ են գտնելու զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու խնդիրը, որը նաև առնչվում է հարցին, թե արդյոք ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները կհրաժարվեն ստեղծել սեփական միջուկային զինանոցը, ԱՄՆ միջուկային զինանոցի պարունակության և արդյունավետության հետ կապված հարցեր, կոնվենցիոնալ պատերազմների ժամանակ միջուկային սրացումները կանխելու միջոցառումների մշակումը և սպառազինությունների վերահսկման հետագա մեխանզիմի նախապատրաստումը:
Նման հարցերը, մարտահրավերները պահանջում են նորարար ռազմավարություններ և պարզապես դրդում են ԱՄՆ ազգային անվտանգության համար պատասխանատու հանրությանը վերանայել Վաշինգտոնի միջուկային քաղաքականության որոշ սկզբունքներ, միգուցե՝ ողջ միջուկային ռազմավարությունը:
Բրուքինգսի ինստիտուտի Սթրոբ Թելբոթի անվան անվտանգության, ռազմավարության և տեխնոլոգիաների կենտրոնը փորձագետների խումբ էր հրավիրել՝ քննարկելու նշված խնդիրները:
Ի՞նչ դեր ունի միջուկային զինանոցը ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում
Բրուքինգսի ինստիտուտի Սթրոբ Թելբոթի անվան անվտանգության, ռազմավարության և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մայքլ Օ'Հենլոնը հիշեցրել է, որ ամերիկյան միջուկային զենքը Սառը պատերազմի տարիներին Եվրոպայի պաշտպանության հիմնաքարն էր:
«Այն, ինչ այն ժամանակ կոչվում էր առաջին փոխհատուցող հարված կամ միջուկային փոխհատուցող հարված, ռազմական դոկտրինի հիմքն էր, քանզի ԽՍՀՄ հետ հնարավոր բախման ժամանակ մեր հաշվարկի հիմքում սովորական ուժերը չէին»,- ասում է Օ'Հենլոնը:
Սառը պատերազմի ավարտից հետո, ըստ փորձագետի, միջուկային զենքի կարևորոթյունը նվազեց։ Միայն 2010 թվականների վերջին էր, որ Պենտագոնի պաշտոնյաները հայտարարեցին, թե «միջուկային արդիականացումը կրկին մեր առաջնահերթությունն է, և այն գնահատվեց 1․4 տրիլիոն դոլար», որը ներառում է «միջուկային զինանոցի բոլոր երեք բաղադրիչների արդիականացում՝ ցամաքում տեղակայված հրթիռներ, ռմբակոծիչներ և սուզանավեր, ինչպես նաև՝ միջուկային հրամանատարության, կառավարման համակարգերի, հակահրթիռային պաշտպանության, թևավոր հրթիռների ու ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության գործողությունների արդիականացում»:
«Բավականին թանկ է՝ անգամ նման ժամանակահատվածի համար»,- ասում է փորձագետը։
Ինչո՞ւ Ուկրաինայի պատերազմը դրդեց ԱՄՆ-ին նոր հայացք նետել միջուկային սպառնալիքին
Մայքլ Օ'Հենլոնը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում, մտահոգություն կար, որ ի պատասխան ռազմաճակատում Ռուսաստանի պարտությունների՝ Պուտինը կարող է արձագանքել ՆԱՏՕ-ի դեմ միջուկային սպառնալիքներով:
«Եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառեր Ուկրաինայի տարածքում, պարտադիր չէ, որ կարձագանքեինք մեր միջուկային զենքով: Սակայն խոսքն այն մասին էր, որ եթե ԱՄՆ-ն հարվածներ հասցնի Ռուսաստանի սևծովյան նավատորմի նավերին, ապա Ռուսաստանը կարող էր պատասխանել միջուկային հարվածով, իսկ հետո մենք ստիպված կլինենք պատասխանել»,- ասում է փորձագետը։
Միևնույն ժամանակ, Օ’Հենլոնի խոսքով, Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը «պարտական են Ուկրաինային և երախտապարտ են նրա ժողովրդին ու կառավարությանը», քանզի Սառը պատերազմից հետո ուկրաինացիները հրաժարվեցին իրենց տարածքում մնացած միջուկային զինանոցից։
«Նրանց համոզեցինք, որ միջազգային կարգը կպաշտպանի իրենց՝ նույնիսկ միջուկային ռումբի բացակայության դեպքում։ Կասկածում եմ, որ Ռուսաստանը երկու տարի առաջ կհարձակվեր Ուկրաինայի վրա, եթե Ուկրաինան պահպաներ միջուկային զենքը, թեև պետք է արդիականացներ այն, որպեսզի օգտագործելի լիներ: Այնուամենայնիվ, հենց ուկրաինացիներն օգնեցին մեզ առաջ տանել միջուկային զենքի չտարածման ծրագիրը 1994 թվականին: Այնպես որ, նրանք օգնության կարիք ունեն միայն այն պատճառով, որ 30 տարի առաջ օգնել են մեզ»,- ընդգծում է փորձագետը։
Ինչո՞ւ միջուկային զենքի չտարածումը դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն
Սթրոբ Թելբոթի անվան անվտանգության, ռազմավարության և տեխնոլոգիաների կենտրոնի արտաքին քաղաքականության բաժնի ավագ գիտաշխատող Ռոբերտ Էյնհորնը նշում է՝ թեև որոշ ուկրաինացի խորհրդարանականներ հայտարարել են, թե կարող են վերանայել միջուկային զենքից հրաժարվելու որոշումը, համոզված է, որ «այսօր նրանք կգան նույն եզրակացության, ինչ 1994 թվականին․ իրենց շահերից չի բխում միջուկային զենք ունենալը»։
«Նրանց շահերից է բխում շուտափույթ կերպով միանալ Արևմուտքին։ Նրանք ցանկանում են միանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, և դա ավելի շատ է բխում նրանց շահերից, քան միջուկային զենք ունենալը»,- նշում է նա։
Փորձագետը հիշեցրել է, թե միջուկային զենքի տարածումը ինչու ԱՄՆ համար հայտարարվեց լուրջ խնդիր՝ մեջբերելով Ջոն Քենեդիին, ով ԱՄՆ առաջին նախագահն էր, որ արտահայտեց այդ մտահոգությունը և կոչ արեց «դադար տալ ու մտորել, թե ինչի կարող է հանգեցնել, երբ մեծուփոքր երկրները, կայուն ու անկայուն պետությունները կունենան միջուկային զենք, ինչը նշանակում է, որ աշխարհում չի լինի խաղաղություն, կայունություն, իրական անվտանգություն, արդյունավետ զինաթափման հնարավորություն»:
Էյնհորնի խոսքով, ԱՄՆ յուրաքանչյուր վարչակազմ՝ հանրապետական կամ դեմոկրատ, «առաջնահերթ է համարել միջուկային զենքի տարածումը կանխելը», ինչին ձեռնամուխ են եղել՝ «հավատալով, որ միջուկային զենք ունեցող թշնամական պետությունները կարող են ագրեսիվ գործել իրենց տարածաշրջաններում՝ ԱՄՆ դեմ»։
Վաշինգտոնում նաև միշտ եղել են այն համոզման, որ միջուկային զենքի և միջուկային նյութերի տարածումն աշխարհով մեկ կարող է ի վերջո հանգեցնել միջուկային զենքի անվերահսկելի տարածմանն ու միջուկային ահաբեկչության ռիսկի բարձրացմանը:
«Թեև միջուկային զենքի չտարածման հետ կապված շահը միշտ չէ, որ գերակշռել է ամերիկյան այլ ռազմավարական շահերին (մի պահ Միացյալ Նահանգները որոշեց չհակազդել Իսրայելի միջուկային ծրագրին, քանզի հասկանում էր՝ Իսրայելին հարկավոր է զսպող միջոց արաբական աշխարհի դեմ), այնուամենայնիվ, կարծում եմ, լավ արեցիքն մեր գործը։ 30 տարի առաջ միջուկային զենք ունեցող ինը երկիր կար։ 30 տարի անց՝ դարձյալ ինն են, չնայած զանգվածային ոչնչացման զենքերի տարածման մասին ամենատարբեր կանխատեսումներին: Սադամ Հուսեյնը, Իրանի այաթոլաները և Լիբիայի Քադաֆին հետաքրքրված էին այդ զենքով։ Արգենտինան ու Բրազիլիան ձգտում էին ստեղծել միջուկային զենք և այլն»,- ասում է Ռոբերտ Էյհորնը:
Որչա՞փ մեծ պետք է լինի ԱՄՆ միջուկային զինանոցը
Սթրոբ Թելբոթի անվան անվտանգության, ռազմավարության և տեխնոլոգիաների կենտրոնի արտաքին քաղաքականության բաժնի ավագ գիտաշխատող Քեյթլին Թալմաջի ներկայացմամբ, ԱՄՆ միջուկային զինանոցը, նրա չափերն ու բովանդակությունը ձևավորվել են աշխարհաքաղաքական այնպիսի միջավայրում, երբ Միացյալ Նահանգները մտահոգված էր միայն մեկ՝ շատ հզոր միջուկային պետությամբ՝ Խորհրդային Միությամբ»:
Հետազոտողը հիշեցրել է՝ «հենց այդ ժամանակ Միացյալ Նահանգները պարտավորվեց պաշտպանել իր եվրոպական և ասիական դաշնակիցներին»։
Սակայն Սառը պատերազմն այլևս անցյալում է, և այսօր, ըստ փորձագետի, ԱՄՆ-ն հայտնվել է բազմաբևեռ միջուկային միջավայրում, ինչը ենթադրում է տարիների ընթացքում զգալիորեն կրճատված միջուկային զինանոցի վերանայում։
Թալմաջն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները երբեք չի հրաժարվել միջուկային զենքն առաջինը կիրառելու ռազմավարությունից, քանզի «միայն դաշնակիցները կհավատան, որ [Վաշինգտոնը] առաջինը չի կիրառի միջուկային զենքը, իսկ հակառակորդները չեն հավատա»:
Հետազոտողը համոզված է, որ ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելու համար՝ ագրեսորների դեմ «միջուակյին զենքը առաջինը կիրառելու արժանահավատ սպառնալիքներ ստեղծելու կարողությունը» մնում է «միջուկային սպառնալիքը զսպելու ընդլայնված հանձնառության կարևոր մաս»:
Քեյթլին Թալմաջը հիշեցրել է, թե ինչպես էր Կրեմլը սպառնում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, սակայն այդ պատմությունը հետին պլան մղվեց:
«Կարծում եմ, այդ տեղի ունեցավ մասամբ այն պատճառով, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն խելամիտ կերպով ներկայացրեց հնարավոր հետևանքներիը։ Բայց նաև այն պատճառով, որ Միացյալ Նահանգները հատուկ քաղաքականություն է վարում Ուկրաինային ցուցաբերվող աջակցության սահմանների հարցում։ Հաճախ լսում ենք, որ իրավիճակը սրելու ռուսական սպառնալիքների հետևանքով սահմանափակվել կամ կրճատվել է Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ օգնությունը, բայց, կարծում եմ, որ այն արդյունավետ էր ՆԱՏՕ-ի տարածք ներխուժելու ռուսական ծրագրերի դեմն առնելու համար»,- ասում է Թալմաջը:
Ռոբերտ Էյնհորնի կարծիքով, «միջուկային զենք չկիրառելու պարտադրանքը» կարևոր է, սակայն այլևս բազմաբևեռ բնույթ ունեցող միջուկային սպառնալիքը նոր մարտահրավեր է։
«Եթե միջուկային պետությունը ագրեսիվ է գործում իր տարածաշրջանում, այն դրդում է այլ երկրների ձեռք բերել միջուկային զենք։ Ցավոք, ԱՄՆ դաշնակիցների մոտ վստահության անկում է ԱՄՆ անվտանգության երաշխիքների նկատմամբ։ Բազմաթիվ դաշնակիցներ այլևս կասկածում են՝ արդյո՞ք ԱՄՆ միջուկային հովանոցն աշխատում է»,- ասում է Էյնհորնը:
«Մեր դաշնակիցներն մտահոգ են՝ ով էլ հաղթի [ԱՄՆ] նոյեմբերի ընտրություններում, նրանք այլևս պաշտպանված չեն լինի Միացյալ Նահանգների կողմից: Այսինքն, տարբերակ է առաջացել, որ նրանք սկսեն հնարավորություն փնտրել՝ սեփական միջուկային զինանոցներն ավելացնելու համար»,- ասում է փորձագետը։
Ի՞նչ է միջուկային զենքի վերահսկման համակարգը
Սթրոբ Թելբոթի անվան անվտանգության, ռազմավարության և տեխնոլոգիաների կենտրոնի արտաքին քաղաքականության բաժնի գիտաշխատող Էմի Ջեյ Նելսոնը ընդգծեց միջուկային զինանոցի վերահսկողության կարևորությունը, որը սահմանափակումներ է դնում պետությունների միջուկային կարողությունների վրա:
Փորձագետը հիշեցրեց, որ վերահսկողության համակարգը առաջացել է Սառը պատերազմի տարիներին և նման զենքի փորձարկումն ու մշակումն արգելելու առաջին փորձերից էր։ Այնուամենայնիվ, շուտով պարզ դարձավ, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում կիսվել տեխնոլոգիայով կամ ամբողջությամբ հրաժարվել միջուկային սպառազինությունից:
«Երբ հայտնվեց ջրածնային ռումբը, սկսվեց սպառազինությունների մրցավազք, սպառազինությունների վերահսկումը մի կողմ դրեցին։ Բայց, միևնույն ժամանակ, առաջացավ մեկ այլ կանխարգելիչ գործոն՝ «փոխադարձ երաշխավորված ոչնչացման սպառնալիքը»,- ներկայացրեց փորձագետը՝ հիշեցնելով միջուկային զենքի և ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին հետագա համաձայնագրերի պատմությունը։
Սակայն, ըստ Նելսոնի, ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման համաձայնագրերը, որոնք անգլերենում հայտնի են START, իսկ ռուսերենում СНВ անվամբ, «գործել են միայն երկու կողմերի՝ ԱՄՆ և ԽՍՀՄ-ի, այնուհետև՝ Ռուսաստանի պարագայում»:
Հետազոտողի կարծիքով, այսօր անհրաժեշտ է այլ ռազմավարություն՝ հաշվի առնելով միջուկային ակումբի բազմաթիվ մասնակիցներին։
Ի՞նչ բովանդակություն պետք է ունենա ԱՄՆ միջուկային ապագա ռազմավարությունը
Մայքլ Օ'Հենլոնը հարց բարձրացրեց. «Ո՞ւր ենք շարժվում միջուկային զենքի վերահսկման հարցում, երբ այլևս առկա են միջուկային երեք խոշոր տերություններ, որոնցից երկուսը ներկայում մեր դեմ են»:
«Ռուսաստանը չունի արտադրական մեծ կարողություններ, բայց ունակ է զենք արտադրել։ Չինաստանը, նույնպես, կարող է շատ բան անել։ Ուստի, վստահ չեմ, որ ցանկանում ենք ներգրավվել սպառազինությունների մրցավազքի մեջ: Կարծում եմ, [միջուկային] զենքի քանակը, որը մենք հիմա ունենք, հավանաբար, ճիշտ մակարդակի վրա է՝ որպես զսպող ուժ այդ երկու երկրների դեմ»,- ասում է Օ'Հենլոնը:
Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, «եթե հաշվի ես առնում, որ ԱՄՆ կողքին են այնպիսի միջուկային պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, որոշ չափով նույնիսկ Հնդկաստանը», ապա պարզ է դառնում, որ «գլոբալ հակահրթիռային պաշտպանության որոշակի համակարգերի տեղակայումը. կարող է ավելի լավ պատասխան լինել, քան հարձակողական զինանոցի ավելացումը»:
Քեյթլին Թալմաջը հավելեց, որ այսօրվա միջուկային մրցակցությունը բազմակողմանի է՝ ի տարբերություն Սառը պատերազմի ժամանակաշրջանի:
«Ենթադրենք՝ միջուկային պատերազմի մեջ եք մեկ հակառակորդի հետ, բայց կա երրորդ կողմը, որը սպասում է այդ միջուկային հակամարտության ելքին։ Արդյունքում՝ կարող եք ավելի խոցելի դառնալ պատերազմից հետո, քանզի այդ երրորդ երկիրը պահպանել է իր զինանոցը: Բայց, բարեբախտաբար, սա կարող է դառնալ զսպման գործիք, քանզի միջուկային ակումբի յուրաքանչյուր անդամ կարող է իրեն վտանգված զգալ, անգամ եթե վստահ է իր հաղթանակի մեջ: Այս ամենը կնպաստի, որ պարզապես կխուսափեն միջուկային հակամարտությունների մեջ ներգրավվելուց»,- ասում է Թալմաջը։
Ինչպե՞ս նվազեցնել միջուկային հակամարտության վտանգը
Ռոբերտ Էյնհորնն առաջարկում է ամրապնդել դաշնակիցների միջև եղած վստահությունը։
«ԱՄՆ նկատմամբ վստահության ամրապնդումը կարող է ընդլայնել զսպման հնարավորությունները: Բազմաթիվ երկրներ կհրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու մտադրությունից, եթե կարողանանք համոզել նրանց, որ իրենց անվտանգությունն երաշխավորված է: Երկրորդ, պետք է թույլ չտանք Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Նրանք այժմ միջուկային զենք ունենալու շեմին կանգնած պետություն են, և պետք է նրանց հետ պահենք նման որոշումից։ Երրորդ, չպետք է ամբողջությամբ հրաժարվենք դիվանագիտությունից։ Մեր դաշնակիցներն ու գործընկերները պետք է փորձեն դիվանագիտական ճանապարհով ստիպել Իրանին՝ վերականգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտադիտարկման մեխանիզմները, որոնցից իրանցիները վերջերս հրաժարվել են։ Պետք է նպաստենք սաուդցիների և իսրայելցիների միջև դաշինքին: Պետք է այնտեղ՝ [Մերձավոր Արևելքում] ստեղծենք համախոհ երկրների կոալիցիա՝ դիմակայելու Իրանին և նրա աջակիցներին։ Եթե անենք այս, կարծում եմ, կնվազեցնենք Սաուդյան Արաբիայի և, հավանաբար, տարածաշրջանի այլ երկրների ցանկությունը՝ միջուկային զենք ձեռք բերել»,- ասում է Էյնհորնը:
Էմի Նելսոնը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մտորի միջուկային զենքի վերահսկման նոր համակարգի մասին, քանզի առանց դրա անհնար է սպառնալիքների դեմն առնել ու վերահսկել բոլոր ռիսկերը։
Մայքլ Օ'Հենլոնն առաջարկեց երեք գաղափար. «Նախ, հարկ է մտածել «Բաց երկնքի» մասին համաձայնագրի վերակենդանացման մասին, որը մենք ունեինք Վարշավայի պայմանագրի և Խորհրդային Միության հետ, և, կարծում եմ, պետք է ներառենք Չինաստանը: Երկրորդ, պետք է հրավիրել այլ երկրների՝ միանալու ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման նոր համաձայնագրին, որը պետք է վերաբերի միջուկային զենքի ոչ այնքան քանակական սահմանափակումներին, որքան այդ սպառազնության մասին տեղեկատվության փոխանակմանն ու թափանցիկության ապահովմանը։ Կնախընտրեի պահպանել քանակական սահմանափակումները Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պարագայում, բայց կառաջարկեի մյուս երկրներին ներկայացնել իրենց ծրագրերը և թույլատրել տեսչական ստուգումներ: Վերջապես, կարծում եմ, Միացյալ Նահանգները պետք է նկատի ունենա, որ չենք կարող մեր հաշվարկների համար հիմք համարել, որ սովորական պատերազմների դեպքում դիմելու ենք միջուկային սրացման: Քանի դեռ չինացիները վախենում են տնտեսական պատերազմից, ինչպես նաև ռազմական բախումից, Չինաստանը չի ցանկանա «փորձել բախտը» և գրավել Թայվանը: ԱՄՆ-ն ու նրա թիկունքին կանգնած լայն՝ ռազմավարական հանրությունը ունեն անհրաժեշտ կարողությունը հաղթելու Չինաստանին»:
Քեյթլին Թալմաջի խոսքով, «ամերիկացի քաղաքական գործիչները պետք է մտածեն, թե ինչպես ստիպեն հակառակորդներին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
«Բացի այդ, մեր քաղաքականություն մշակողները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն ԱՄՆ միջուկային զինանոցի չափերին և կազմին, որը մշակվել է շատ տարբեր սպառնալիքների և սպառազինությունների վերահսկման միջավայրում: Երրորդ, կարծում եմ, կարճաժամկետ հեռանկարում Միացյալ Նահանգները կարող է որոշակի քայլեր ձեռնարկել՝ Մոսկվային և Պեկինին հասկացնելու, որ եթե նրանք չվերսկսեն սպառազինությունների վերահսկման բանակցությունները, ԱՄՆ-ն կանգ չի առնի միջուկային մարտագլխիկների այսօրվա մակարդակի վրա»: