ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բացառել է, թե Կիևը երբևէ կարող է անցնել Ռուսաստանի վերահսկողության ներքո՝ միաժամանակ նշելով, որ ռուսական և արևմտյան ուժերի միջև ուղիղ բախումը չի բխում ԱՄՆ շահերից։
«Դա տեղի չի ունենա։ Երբե՛ք տեղի չի ունենա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կիևը երբևէ կարող է անցնել Մոսկվայի վերահսկողության ներքո։
«2022 թվականին ռուսական ագրեսիայի սկզբում հնարավոր համարում էինք Կիևի անկումը։ Սակայն ուկրաինացի ժողովրդի անհավանական դիմադրության և ԱՄՆ, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերած աջակցության շնորհիվ, ամբողջ երկիրը նվաճելու, այն քարտեզից ջնջելու և մեծ Ռուսաստանի մաս դարձնելու Պուտինի ցանկությունը չիրականացավ և չի իրականանալու»,- ասել է Էնթոնի Բլիքնեը։
Միևնույն ժամանակ, Բլինքենը կրկնել է՝ «ուկրաինական հողում ամերիկյան զորքեր չեն լինի»։
«Մեր տեսանկյունից դա մեզ կմոտեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման, ինչից ցանկանում ենք խուսափել։ Սա չի բխում մեր և մեր դաշնակիցների շահերից»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Մեզ համար սա պետական շահի հարց է։ Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտությունը չի բխում մեր շահերից: Չեմ կարծում, որ սա բխում է ՆԱՏՕ-ի որևէ անդամի շահերից։ Սակայն, միևնույն ժամանակ, կա վճռականություն և համոզմունք, որ պետք է ամեն ինչ անենք՝ Ուկրաինային աջակցելու համար, և այդ անենք ոչ միայն այս տարի, այլև առաջիկա տարիներին»,- շարունակել է Բլինքենը։
Պետքարտուղարին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Բրազիլիայում կայանալիք Մեծ քսանյակի հաջորդ հանդիպմանը օգտակար կլինի։
«Եթե լինի փոխհամաձայնություն [Մեծ քսանյակի] բոլոր անդամների միջև, ապա՝ այո։ Այս իրավիճակում դժվար է պատկերացել, թե ինչպես դա կարող է օգտակար լինել և ինչպես կարելի է փոխհամաձայնություն ձեռք բերել անդամների միջև»,- պատասխանել է Բլինքենը:
«Երբեք նպատակ չի եղել մեկուսացնել Ռուսաստանն ու Պուտինին։ Հենց Ռուսաստանի և Պուտինի վարած քաղաքականությունն է որոշում է, թե ինչ է հարաբերություններ են ձևավորվում Մեծ քսանյակի, Մեծ յոթնյակի, աշխարհի և Ռուսաստանի միջև: Այնպես
որ, եթե նրանց քաղաքականությունը փոխվի, ոչինչ բացառել չենք կարող։ Խնդիրն այն է, որ այս պահին չունենք որևէ ապացույց, որ նրանց քաղաքականությունը փոխվելու է»,- եզրափակել է Էնթոնի Բլինքենը։