Մատչելի հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը «TikTok»-ին վերաբերող օրինագիծ է ընդունել


Ջովաննա Գոնսալեսը Չիկագոյից բողոքի ցույց է իրաանացնում, երբ Կոնգրեսը քննարկում է
TikTok-ի դեմ ճնշումը, Վաշինգտոն, 12 մարտի, 2024 թ.
Ջովաննա Գոնսալեսը Չիկագոյից բողոքի ցույց է իրաանացնում, երբ Կոնգրեսը քննարկում է TikTok-ի դեմ ճնշումը, Վաշինգտոն, 12 մարտի, 2024 թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը չորեքշաբթի ընդունել մի օրինագիծ, որը պահանջում է «TikTok» հավելվածը կառավարող ընկերությունից խզել կապերը չինական սեփականատեր «ByteDance»-ից: Հակառակ դեպքում այն կարող է արգելվել ԱՄՆ-ում: Սակայն, օրինագիծը լուրջ քննադատության է արժանացել խոսքի ազատության պաշտպանության ջատագովների կողմից և կարող է չընդունվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Հայտնի է, որ ներկայում «TikTok»-ից օգտվում են մոտ 170 միլիոն ամերիկացիներ։

Սոցիմեդիայի հանրահայտ հավելվածի՝ «TikTok»-ի վերաբերյալ տարիներ շարունակ ԱՄՆ-ում չեն դադարում մտահոգությունները՝ կապված մարդկանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ: ԱՄՆ օրենսդիրները չորեքշաբթի այս ուղղությամբ լուրջ քայլ կատարեցին՝ կոչ անելով «TikTok» հավելվածը կառավարող ընկերությանը խզել կապերը չինական մայր կազմակերպությունից՝ «ByteDance»-ից:

«Այսօր հստակ ուղերձ ենք հղում, որ թույլ չենք տա մեր հակառակորդներին մեր դեմ որպես զենք օգտագործել ազատությունները»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Քեթի ՄըքՄորիս Ռոջերսը:

ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների նշանակալի աջակցությամբ ընդունված օրինագիծը, փաստորեն, սահմանում է, որ առկա տեսքով «TikTok»-ը սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:

«Ամերիկացիները պետք է իրենք իրենց հարցնեն՝ արդյո՞ք ցանկանում են Չինաստանի կառավարությանը հնարավորություն տալ հասնել իրենց տվյալներին։ Արդյո՞ք ցանկանում են, որ Չինաստանի կառավարությունը վերահսկի այն տեղեկատվությունը, որը նրանք ստանում են ալգորիթմի միջոցով։ Արդյո՞ք ցանկանում են հնարավորություն տալ Չինաստանի կառավարությանը օգտագործել իրենց տվյալները»,- նշել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:

«TikTok»-ը հերքել է մեղադրանքները՝ Ներկայացուցիչների տան ընդունված օրինագիծն անվանելով «արգելափակում»:

Հակադարձել են օրինագծի հեղինակները։

«Մեր մտադրությունն է, որ «TikTok»-ը շարունակի գործել, բայց ոչ Չինաստանի կոմունիստական կուսակցության վերահսկողության ներքո»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին:

Չինաստանը դատապարտել է օրինագծի ընդունումը:

«ԱՄՆ-ը չի հայտնաբերել «TikTok»-ի կողմից [Միացյալ Նահանգների] ազգային անվտանգությանը սպառնացող որևէ ապացույց, սակայն [չնայած այդ հանգամանքին Վաշինգտոնում] երբեք չի դադարել հետապնդել «TikTok»-ին»,- ասել Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը:

Մյուս կողմից, իրենց ձայնն են բարձրացրել ամերիկացի բազմաթիվ օրենսդիրներ և իրավապաշտպան կառույցներ, թե հավելվածի թիրախավորումը անարդար է և սահմանափակում է ամերիկացիների ազատ խոսքի իրավունքը:

««TikiTok»-ի ցանկացած արգելափակում պարզապես խոսքի ազատության արգելք չէ: Հսկայական վնաս է հասցնելու մեր տնտեսությանը»,- պնդում է դեմոկրատ կոնգրեսաան Ռոբերտ Գարսիան:

Ինչևէ, «TikTok»-ի վերաբերյալ նոր օրինագիծը վերստին արդիական է դարձրել բանավեճը մարդկանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման, մյուս կողմից՝ քաղաքացիների ազատությունների շուրջ:

«Ամերիկացիների կյանքում ավելի մեծ խնդիրներ կան, քան «TikTok»-ն է: Նկատի ունեմ, որ մարդիկ միջոցներ չունեն մթերք գնելու, իսկ մենք մտահոգված ենք սոցիմեդիայի հավելվածով»,- ասում է Քոլ Թոմասը:

Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի համապատասխան հանձնաժողովները կքննարկեն օրինագիծը, որը կարող է իրավական լուրջ հարցեր առաջացնել:

«ԱՄՆ կառավարությունը լուրջ բարդությունների առաջ կկանգնի՝ դատարանին համոզելու, որ այս արգելքը մի կողմից նպատակ ունի ապահովել [անձնական] տվյալների գաղտնիությունը, բայց մյուս կողմից չի հանգեցնի կառավարության կողմից նոր սահմանափակումների ընդունմանը»,- նշում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Քեյթլին Չին-Ռոհմանը:

Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կստորագրի օրինագիծը, եթե այն ընդունվի ԱՄՆ Սենատի կողմից:

Ուշագրավ է, որ Բայդենի նախընտրական թիմը այս տարվա սկզբից սկսեց նաև «TikTok» կիրառել՝ երիտասարդ ընտրողներին հասնելու համար:

XS
SM
MD
LG