«Reuters»-ի փոխանցմամբ, ամերիկյան նոր պատժամիջոցների մասին մանրամասն կհայտարարվի փետրվարի 23-ին՝ անձամբ նախագահ Ջո Բայդենի կողմից։
Հիշեցնենք, անազատության վայրում օրերս կյանքից հեռացած Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիան, Եվրամիությանն ուղղված իր ուղերձում կոչ է արել չճանաչել Ռուսաստանում այս մարտի կեսերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները: Քչերն են կասկածում, որ այդ «ընտրությունների» արդյունքում՝ Ռուսաստանն արդեն մոտ քառորդ դար իշխող 71-ամյա Վլադիմիր Պուտինը վերստին կհայտարարվի հաղթող՝ իրավունք ստանալով Կրեմլում մնալ ևս վեց տարի:
«Նախագահը, ով սպանել է իր գլխավոր քաղաքական հակառակորդին, չի կարող լեգիտիմ լինել»,- ասել է Յուլիա Նավալնայան:
Ռուսաստանյան ընդդիմության այլևս հանգուցյալ առաջնորդի կինը մեղադրել է Պուտինին՝ Ալեքսեյ Նավլնիին սպանելու մեջ՝ հավելելով, թե շուտով կներկայացվեն սպանության ապացույցները։ Արևմտյան առաջնորդները, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Պուտինին են համարում Նավալնիի մահվան պատասխանատուն։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի հրաժարվել է մեկնաբանել Նավալնայայի պնդումները, թե Պուտինն է սպանել է Ալեքսեյին։
Յուլիա Նավալնայայի տեսաուղերձի առանցքային մասերից էր խոստումը՝ շարունակել ամուսնու գործը՝ կոչ անելով ռուսաստանցիներին պայքարել պատերազմի, կոռուպցիայի և անարդարության դեմ։
«Ես չեմ վախենում։ Մի՛ վախեցեք ոչնչից»,- ասել է Յուլիան՝ կրկնելով հանգուցյալ ամուսնու հայտնի խոսքերը։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Նատալյա Պելևինան կարծիք է հայտնել, թե Յուլիան ձգտում է շարունակել ամուսնու քաղաքական գիծը, և շատերը հենց այդ են սպասում նրանից. «Իհարկե, նկատի ունեմ նրանց, որոնց համար ցավ է Նավալնիի սպանությունը և նրա հետ կապված հույսերի կորուստը։ Ուստի, Յուլիայի որոշումը՝ շարունակել ամուսնու գործը, լավատեսություն է հաղորդում Ռուսաստանի բոլոր առողջ ուժերին։ Սա շատ կարևոր է այսօր»։
Պելևինայի խոսքով, անշուշտ, այլ պատմություն է, թե ինչ ընթացք կունենա Յուլիա Նավալնայայի քաղաքական կարիերան. «Պարզ է, որ Ալեքսեյին փոխարինել հնարավոր չէ: Նա եզակի մարդ էր՝ մարդկանց հետ շփվելու, գաղափարներ ծնելու, խարիզմայով ու զարմանալի ունակությամբ։ Այս առումով Յուլիայի համար իրավիճակը բարդ կլինի»։
Այդուհանդերձ, ըստ «Ամերիկայի ձայնի» զրուցակցի, կարևոր է, որ Յուլիան ուժ գտավ նման պահին միանալու պայքարին․ «Փառք ու պատիվ նրան: Այսուհետ նրան շատ ենք տեսնելու ու լսելու, ինչը շատ լավ է, քանի որ անընդհատ կհիշեցնի, թե ինչ արեցին Պուտինն ու [Ռուսաստանի] իշխանությունները Նավալնիի հետ։ Իհարկե, Յուլիան կկարողանա արժանիորեն տանել ամուսնու ձեռքից ընկած դրոշը»։
Իր հերթին՝ «Ռուսական հակապատերազմական կոմիտեի» անդամ և «Activatica.org» հարթակի համակարգող Եվգենյա Չիրիկովան ընդգծեց․ «Պարզապես հիանում եմ Յուլիայի համառությամբ»։
«Ընդհանուր առմամբ, երկար եմ հետևում նրան։ Ապշած էի ողբերգական իրավիճակում կանգուն մնալու նրա ունակությունից։ Նախորդ անգամ իրար տեսել ենք վաղուց, երբ Ալեքսեյը տնային կալանքի տակ էր։ Նա ինձ փոխանցեց Նավալնիի ստորագրությամբ վերնաշապիկ՝ բանտում գտնվող գործընկեր-ակտիվիստուհուն բարոյական աջակցություն ցուցաբերելու համար: Զարմացած էի, թե որքան է նա պահպանել իր հումորի զգացումն ու ոգու ուժը»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Չիրիկովան։
Եվգենյա Չիրիկովան շարունակեց․ «Յուլիան համարձակ անձնավորություն է, իսկ քաղաքականություն մտնելու նրա որոշումը հարգանքի արժանի արարք։ Սա ճիշտ և ժամանակին քայլ է։ Լավ է, որ Յուլիան ապահով է, նրա ձեռքերն ազատ են, և նա իսկապես կարող է արդյունավետ կերպով կազմակերպել գործողություններ՝ Պուտինի ռեժիմի դեմ։ Ընդդիմությունից շատերն արդեն աջակցություն են հայտնել նրան»։
Չիրիկովան նաև արձագանքեց Ռուսաստանի իշխանությունների որոշմանը՝ իրեն ներառել «ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում». «Օրերս ձայնագրեցի Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված կոչը՝ հորդորելով արձագանքել նրա մահվանը՝ ուժեղացնելով աջակցությունն Ուկրաինային։ Եվ հենց դրանից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապված եմ «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի» հետ, ինձ ահաբեկիչ կոչեցին։ Իմ ոչ մի այլ գործունեություն, այդ թվում՝ քաղբանտարկյալներին աջակցելը, [Ռուսաստանի] իշխանությունների կողմից նման արձագանքի չէր արժանացել։ Նրանք վախենում են ընդդիմության համախմբումից՝ հենց Ուկրաինային աջակցելու հողի վրա։ Եթե, իրոք, համախմբենք մեր ջանքերը, անկասկած, մեծ գործ կանենք, և Յուլիան կարող է օգնել»։
Հիշեցնենք, Ռուսաստանի իշխանությունները առ այսօր՝ Ալեքսեյ Նավլանիի մահվանից հինգ օր անց էլ, թույլ չեն տվել մահացածի մերձավորներին, այդ թվում՝ մորը՝ Լյուդմիլային մոտենալ դիակին։ Ալեքսեյի մայրը տեսաուղերձով դիմել է Պուտինին՝ պահանջելով որդու մարմինը։
Ալեքսեյի հարազատների տեղեկություններով, դիակն իրենց չեն հանձնելու ևս երկու շաբաթ։ Նման քայլը իշխանությունները պատճառաբանում են հետազոտություններ կատարելու անհրաժեշտությամբ, ինչը ըստ փորձագետների «անհեթեթություն է»։
Նատալյա Պելևինայի խոսքով, Կրեմլն, իհարկե, խուսափում է նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում զանգվածային հուզումներից, և Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը կարող է հանգեցնել յուրատեսակ քաղաքական ակցիայի կամ բողոքի շարժման․ «Որպես Ռուսաստանի քաղաքացի՝ [Ալեքսեյի մայրը] բոլոր իրավունքներն ունի [որդու մարմինը] հանձնել հողին այնտեղ, որտեղ ցանկանում է, օրինակ՝ Մոսկվայում։ Կարծում եմ, Կրեմլի նման դիրքորոշման վրա ազդում են մոտալուտ նախագահական ընտրությունները, որոնց ընդամենը մի քանի օր է մնացել»։
Չիրիկովան հիշատակեց Սերգեյ Մագնիտսկու գործը․ «[Այն ժամանակ ևս] իշխանությունները փորձեցին կեղծել տեղեկությունը, երբ նրան ծեծի էին ենթարկել բանտում։ Հիմա նույնպես վախենում են, որ ինչ-որ բան կբացահայտվի։ Ըստ երևույթին, թաքցնելու բան կա։ Պատահական չէ, որ Ալեքսեյի փաստաբանները սկզբում հեռացվեցին, իսկ հետո նրան ուղարկեցին ծայր-հյուսիս՝ աչքից հեռու»:
Եվգենյա Չիրիկովայի խոսքով, այդ ամենը վկայում է «ծրագրված դիտավորյալ սպանության մասին»։