Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երրորդ տարվան ընդառաջ՝
Կիևում որոշեցից թողնել Դոնեցկի շրջանի Ավդիիվկա բնակավայրը։
Սպիտակ տանը շտապեցին տեղի ունեցածի համար մեղադրել ԱՄՆ Կոնգրեսին՝ Կիևին ցուցաբերվող աջակցության հարցում շարունակվող անորոշության պատճառով՝ նշելով, թե «ուկրաինացիները շարունակում են խիզախորեն մարտնչել, բայց նրանց պաշարները սպառվում են»:
Ավդիիվկան թողնելու օրը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում իրավիճակին անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մի՛ հարցրեք Ուկրաինային, թե երբ կավարտվի պատերազմը: Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը դեռ կարողանում այն շարունակել»,- հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինացիները պատրաստվում են երկարատև պատերազմի:
«The Kyiv Independent» պարբերական խմբագիր Օլգա Ռուդենկոն իր աշխատասենյակում էր, երբ սկսվեց ռուսական ներխուժումը՝ 2022 թվականի փետրվարին։ Նրա լրատվամիջոցը մի քանի ամիս է, ինչ գործում էր։
«Էնթոնի Բլինքենն ասել էր, թե Ուկրաինա ներխուժումը սկսվելու է մինչև լուսաբաց։ Եվ դա այն պահն էր, երբ [ամեն ինչ] հանկարծ դարձավ շատ իրական»,- հիշում է Ռուդենկոն։
Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտեց իր ելույթը՝ ներխուժումնից առաջ, Օլգան այլևս պատրաստ էր։
«Մենք լուր պատրաստեցինք, թե Պուտինը պատերազմ է հայտարարել Ուկրաինային։ Երբ նա դադարեց խոսել, մենք այն հրապարակեցինք ու մոտավորապես այդ ժամանակ էլ լսեցինք պայթյունների ձայները»,- շարունակում է Օլգա Ռուդենկոն։
Մոտ երկու տարի պատերազմը լուսաբանելուց հետո «The Kyiv Independent»-ը դարձավ ուկրաինական հիմնական անգլալեզու հրատարակությունը, որը ներկայացնում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Նպատակն է՝ օգնել աշխարհին հասկանալ, թե ինչի համար են պայքարում ուկրաինացիները։
«Հիասթափեցնող է լինել այստեղ՝ Ուկրաինայում ու [միաժամանակ] ականատես լինել, թե [ԱՄՆ] Կոնգրեսը ինչպես չի կարողանում կողմ քվեարկել Ուկրաինային օգնություն ցուցաբերող փաթեթին։ Նրանց համար այն, միգուցե, սոսկ թիվ է։ Բայց մեզ համար՝ այն կյանքի ու մարդկանց մասին է»,- ասում է Օլգան:
Ուկրաինական զինուժի մայոր Վլադիմիր Օմելինը ժամանակին աշխատել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար: Կանգնած Կիևի կենտրոնական հրապարակում՝ խոսում է երկրում առկա բարոյա-հոգեբանական մթոնլորտից։
«Շատ ավելի ուժեղ ենք դառնում զենքով, մարդկանցով։ Եվ, իհարկե, սա խոսակցություն չէ ինչ-որ հաճելի զբաղմունքի մասին, կամ չեմ սպասում, թե պատերազմը կավարտվի երկու-երեք շաբաթից, կամ շուտով: Ցավոք, որոշ ժամանակ կպահանջվի, բայց [ուկրաինացիների] ոգին բարձր է: Եթե կամք չկա, ուրեմն՝ հաղթանակ էլ չկա։ Մեր կամքն ուժեղ է»,- ասում է Օմելինը։
Կիևի փողոցներում մարդիկ, անշուշտ, հույս էին հայտնում, որ տեսանելի հեռանկարում պատերազմը կավարտվի։
«Ուզում եմ տեսնել մորս ու հորս։ Արտերկրում են։ Ես՝ այստեղ եմ, քանի որ չեմ կարող գնալ նրանց մոտ»,- աում է Վինիցիա քաղաքի բնակիչ Դանիիլը:
«Ամեն օր, ամեն գիշեր վախի մեջ ենք։ Խաղաղություն ենք ուզում մեր երկրին։ Ցանկանում ենք կանգնեցնել Պուտինին և վերադարձնել մեր տարածքները»,- նշում է Օլեքսիյը։
«Երկարատև պատերազմ է լինելու։ Սարսափելի է։ Ուկրաինան չի կարող հաղթել՝ առանց միջազգային հանրության [աջակցության]»,- կարծիք է հայտնում Կատերինան։
Միաժամանակ, Կիևի փողոցներում «Ամերիկայի ձայնի» զրուցակիցները հաստատակամ էին՝ պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը ռուսական օկուպացիոն ուժերի դեմ պայքարում՝ հույս հայտնելով, որ աշխարհը հասկանում է, թե այս պատերազմը միայն հանուն Ուկրաինայի չէ։